«Վատ է զգում տղաս, բայց նորից դիրքեր են տանում»

Հիվանդ զինվորի մայրը խնդրում է ՊՆ-ին

Գյումրեցի Հուսիկ Կիրակոսյանը նախատեսված ժամանակից մեկ տարի ուշ է զորակոչվել հայկական բանակ:  Առողջական խնդիրների պատճառով ծառայության մեկնել է այս տարվա ամռանը, սակայն պարտադիր զինծառայությունը սկսելու էր 2015-ի ամռանից: Այս մասին «Ասպարեզ»-ի հետ զրույցում պատմում է տղայի մայրը` Ալվարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` որդին առողջական խնդիրներ մանկուց է ունեցել: Հուսիկի մոտ ախտորոշվել է խրոնիկական բրոնխիտ:

Հիվանդությունը ձեռք է բերել յոթ ամսական ժամանակ` ցրտահարվածության պատճառով: Վաղ հասակից մինչեւ բանակ զինակոչվելը տարբեր բժշկական կենտրոններում պարբերաբար բուժումներ է ստացել:

Ալվարդ Կիրակոսյանն ասում է, որ որդուն բանակ տարել են հիվանդանոցից դուրս գրելուց անմիջապես հետո:

-Հիվանդանոցից էկավ տուն, հաջորդ օրը տարան բանակ: Միշտ հազում է, իրեն լավ չի զգում: Երբ հետը խոսում եմ` հազից խեղդվում է, չի կարողանում խոսա: Պրիսյագին գնացի, ոտքերը ահավոր ուռած էր,-ասում է մայրը:

-Գնացի զինկոմ, ըսեցի, օր տղես ջերմություն ունի, իրան վատ կզգա: Ըսեցին` եթե չտանինք, դասալքություն կհամարվի, դատի գործ կբացվի: Զինկոմի բժիշկն էլ ըսավ` գրի, որ առողջ ես, բայց ինչղ կարող է առողջ էղնի, երբ երակների վրա ասեղի տեղ չկա: Միշտ սիստեմա է ընդունել ու սրսկվել է հիվանդության պատճառով,-ասում է Ալվարդ Կիրակոսյանը:

Ա. Կիրակոսյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ զինվորական հոսպիտալում որդու նշիկաբորբերն են հեռացրել, բայց տղան ֆարինգիտ` ըմպանի հետին պատի բորբոքում է ունեցել: Մայրը վստահեցնում է, որ տղան այսօր էլ առողջական խնդիրներ ունի:

-Իրան բարձր ջերմությամբ դիրքերից բերել են չաստի բուժկետը: Երեք օր պահել են, անգինաները հանել, էլի տարել են դիրքեր: Հիմա իրեն էլի վատ է զգում, բայց նորից դիրքեր են տանում,-ասում է մայրը եւ խնդրում պաշտպանության նախարարին` որդուն, որպես միակողմանի ծնողազուրկ եւ մայրական խնամքի կարիք ունեցող զինվորի, Գյումրուն համեմատաբար մոտ զորամաս տեղափոխեն:  Ներկայում ծառայում է Ջեբրայիլում:

Կիրակոսյանների ընտանիքը սոցիալական վատ պայմաններում է ապրում: Բնակարան չունեն, բնակվում են տնակում` վարձով: Ա. Կիրակոսյանն ասում է նաեւ, որ արդեն երկու տարի է` չեն կարողանում վճարել տնակի վարձը, որը ամեն ամիս կազմում է ութ հազար դրամ: Վերջին օրերին էլ տնակի սեփականատերը վարձն է ուզում, հակառակ դեպքում պահանջում տնակն ազատել: Ընտանիքը պարտքեր ունի նաեւ սննդի խանութում, փայտի վաճառակետում: Ընտանիքի միակ եկամուտը տիկին Ալվարդի դստեր երեխայի 23 հազար դրամ նպաստն է:


Ա. Կիրակոսյանը պատմում է, որ իրենց ընտանիքի խնդիրների լուծումը հոգացել է որդին: Աշխատել է ավտոլվացման կետում: Հուսիկի բանակ մեկնելուց հետո ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է ծանրացել:

Ալվարդ Կիրակոսյանն ասում է, որ մեկ-երկու անգամ Շիրակի մարզպետարանն է ֆինանսապես օգնել, իսկ մյուս կառույցները խնդրով չեն էլ հետաքրքրվել:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 21

Մեկնաբանել

comments