Ընտրություններն ու անձնավորված դաշինքները

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկը ընտրություններին մասնակցող քաղաքական միավորումներն ու դաշինքները անձերի անուններով կոչելու՝ արդեն կյանքի կոչված իրողությունն է: Երեկ պաշտոնապես հայտարարվեց նման դաշինքներից մեկի քաղաքական հայտի ու ծննդյան մասին՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: Ինչպես նկատելի է՝ դաշինքն անվանվել է քաղաքական այս միավորը կազմող ուժերի առաջնորդների անուններով ու ազգանուններով, որոնք, ըստ ամենայնի, նույն հերթականությամբ կլինեն նաեւ դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում:

Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերի ու անձերի դաշինքի անվանումը, ըստ երեւույթին, եւս կունենա անձնավորված բնույթ՝ «Ծառուկյան» դաշինք, եւ կձեւավորվի վերջինիս անձի ու առանցքի շուրջ: Ոչ պաշտոնապես քաղաքական քննարկումներում ստեղծվելիք դաշինքն հենց այդպես էլ անվանվում է:

Այս սկզբունքն ի հայտ եկավ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ Գյումրիում, երբ Սամվել Բալասանյանն եւ իրեն սատարող ՀՀԿ-ն ու ՔԴՄ-ն դաշինք կազմեցին եւ այն անվանեցին «Բալասանյան» դաշինք: Դեռ այն ժամանակ խոսվում էր, որ դաշինքի անվանման մեջ շեշտը դրվել էր գործող քաղաքապետի անվան վրա եւ ստվերում թողնվել էր կուսակցությունների անվանումները՝ հաշվի առնելով վերջիններիս ոչ բարձր վարկանիշը գյումրեցիների շրջանում:

Նախկինում ԱԺ ընտրությունների ժամանակ եւս դաշինքներ մասնակցել են, բայց ոչ անձնավորված, այլ կոնկրետ, որեւէ գաղափար, սկզբունք ենթադրող անուններով. ասենք, «Միասնություն» դաշինք (Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի դաշինքը), «Արդարություն» (Ստեփան Դեմիրճյանի ու 2003 թվականի նախագահական ընտրություններում նրան սատարած ուժերի դաշինքը), «Իմպիչմենթ» (2007-ի խորհրդարանական ընտրություններին այս անվանումով էին մասնակցում դաշինք կազմած Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը, Պետրոս Մակեյանն ու այլ գործիչներ):

Այս դաշինքներից առաջինը տպավորիչ հաղթանակ տարավ 1999-ի խորհրդարանական ընտրություններում: Երկրորդը 2003-ի ԱԺ ընտրություններում բավականին բարձր տոկոսներ հավաքեց՝ ապահովելով երկրորդ արդյունքը: «Այլընտրանք» դաշինքը թեեւ չհաղթահարեց անցողիկ շեմը, բայց որոշակի քանակի ձայներ ապահովեց, ինչը, եթե հաշվի առնենք, որ այդ միավորումը ընտրություններից առաջ ընդամենը մի քանի ամիս էր ի հայտ եկել, վատ արդյունք չէր: Միայն նշենք, որ նրանց արձանագրած արդյունքն էականորեն գերազանցում էր քաղաքական դաշտում հայտնի որոշ ուժերի հավաքած ձայներին:

Առաջիկա ընտրություններում սկզբունքի, գաղափարի անվանում կրող, նշանակող մեկ դաշինք կա ընդամենը՝ «Ելք»: Մյուս երկուսը հենված են անձերի վրա, ինչը նշանակում է, որ այդ միավորումները կառուցված չեն քաղաքական ընդհանուր հենքի ու գաղափարախոսության վրա, եւ փորձելու են ընտրություններում հաջողության հասնել՝ խաղարկելով նշված անձանց անունները:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 43

Մեկնաբանել

comments