Շիրակի մարզպետն առաջարկում ու պարտադրում է

Խոշորացված համայնքներում հարկեր գրեթե չեն հավաքագրվում

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը հնարավոր է նորից բացասական անդրադառնա Շիրակի մարզի հարկահավաքության գործընթացի վրա, այնպես, ինչպես եղավ նախորդ տարի ՏԻՄ ընտրություններին: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ գոհացուցիչ չէր, ավելին` մտահոգիչ էր: Խնդրի մասին բարձրաձայնում են նաեւ Շիրակի մարզպետարանում: Ըստ Շիրակի մարզպետի` 2017-ին հարկահավաքությունը հեշտ է լինելու:

«Գիտեք, որ անցել ենք ընտրությունների ժամանակաշրջան,-ասում է մարզպետը ու, դիմելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, շարունակում,-պարոն Բալասանյան, շատ ավելի հեշտ կլինի, ճիշտ է համապետական ընտրություններ ունենք, բայց դա արդեն համայնքի ղեկավարի ընտրություն չէ»,-ասում է մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Նախորդ տարի Շիրակի մարզի համայնքների խոշորացման արդյունքում տնտեսվել է մի քանի միլիոն: Շիրակի մարզպետարանի տեղեկությունների համաձայն` տարեկան մոտ 62 մլն դրամ է խնայվել այս գործընթացի շնորհիվ: Սակայն խոշորացված համայնքներում խնդիրներ են առաջ եկել: Սեփական եկամուտների հավաքագրման գործում համայնքները թերանում են: Մարզխորհրդի վերջին նիստի ընթացքում Շիրակի մարզպետը բարձրաձայնում է այս խնդրի մասին եւ հարկահավաքության գործում առաջարկում ու պարտադրում ակտիվ լինել.

«Ես կառաջարկեի մեր խոշորացված համայքներին շատ արագ մտնել այդ հունի մեջ: Ոնց որ մեր վերջին այցելության արդյունքում շատ տեղաշարժ չի եղել. տեղաշարժ կա, բայց գոհացուցիչ չէ: 4 համայնքը 44 գյուղական համայնք է ներառում, այստեղ թերացում է, եթե նախկինում մի համայնքի ղեկավար թերանում է, մի գյուղի խնդիր էր առաջանում, հիմա ձեր ցանկացածի թերացում 10-12 համայնքի, գյուղի խնդիր է առաջացնում: Ես չեմ ուզում անդրադառնալ այս խնդրին, լուրջ խնդիրներ կան, որոշ խնդիրներ կան Ախուրյանի որոշ համայնքներում եւ Անիի տարածաշրջանում, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթիկի տարածաշրջանին. բանից պարզվեց, որ կատարել են 100 տոկոս իրենց սեփական եկամուտների հավաքագրումը: Ձեր պարտադիր լիազորությունը համայնքին սեփական եկամուտների ապահվումն է եւ ամենակարեւորը` ապահովված գումարները բնակչության հիմնախնդիրների լուծմանն ուղղորդելն է»,-ասում է Հովսեփ Սիմոնյանը:

ՀՀ-ում համայնքների խոշորացումն իրականացվել է առանց հանրաքվեի, օրենքների նախագիծն ընդունելուց հետո որեւէ խոսք չի եղել տվյալ համայնքներում հանրաքվե անցկացնելու եւ համայնքի կարծիքը հաշվի առնելու ուղղությամբ:

Այնինչ, համաձայն ՀՀ Սահմանադրության 190 հոդվածի՝ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս` պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը:

2013թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել էր համայնքների խոշորացման փորձնական ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական:

Սակայն, առանց սպասելու փորձնական ծրագրերի դրական կամ բացասական ազդեցություններին, դրսեւորվել է ծրագրի իրականացման երկրորդ փուլին անցնելու շտապողականություն, հետեւանքում էլ առաջ եկավ խառնաշփոթ:

Հակառակ այս ամենի, կառավարության վերջին ծրագիրը նորից նախատեսում է համայնքների խոշորացման շարունակականություն: Ինչպես նկատելի է, կրկին հանրաքվե չի անցկացվելու, բնակչի խոսքն ու դժգոհությունը չեն լսելու:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 10

Մեկնաբանել

comments