Աժ-ն կունենա 105 պատգամավոր. 6-ը՝ Շիրակի մարզից

Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց եւ հրապարակեց  ապրիլի 2-ին կայացած ԱԺի- ընտրությունների արդյունքները:

Ինչպես հրապարակել էինք, խորհրդարան է մտնում ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժից 4-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ծառուկյան եւ Ելք դաշինքները, Հայ հեղափոխական դաշնակցությունը:

ՀՀԿ-ն ստացավ  պատգամավորի 58 մանդատ, որից երեքը` ազգային փոքրամասնություններին է տրվելու (ասորի, քուրդ, եզդի), Ծառուկյան դաշինքը ստացավ 31 պատգամավորի մանդատ, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցչին է տրվելու, Ելք դաշինքը` 9, եւ  ՀՅԴ-ն` 7 մանդատ ստացան:

Թիվ 11 ընտրական տարածքն ընդգրկող Շիրակի մարզից տարածքային վարկանիշային ընտրացուցակով ՀՀԿ-ն 2 պատգամավորի մանդատ ստացավ, Ծառուկյան դաշինքը եւս 2, ՀՅԴ-ն՝ 1: ՀՀ-ում անցողիկ շեմը հաղթահարած Ելք դաշինքը մարզից պատգամավորի մանդատ չստացավ:

ԿԸԸ-ի այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, այն կարող է բողոքարկվել ՀՀ սահմանադրական դատարանում՝ հրապարակման պահից սկսած 5 օրվա ընթացքում:

Այսպիսով՝ Շիրակի մարզից պատգամավորի մանդատ են ստանում ՀՀԿ-ի տարածքային վարկանիշային ընտրացուցակով առաջադրված 2 թեկնածու՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Սովրանո» ՍՊԸ հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 հազար 510 ձայնով, Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 հազար 796 ձայն:

Ծառուկյան դաշինքից պատգամավորի մանդատ ստացան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի» պրոֆեսոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը՝ 13 հազար 990 ձայն, եւ Գյումրու նախկին քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը՝ 12 հազար 452 ձայն:

ՀՅԴ-ն պատգամավորի մեկ մանդատ ստացավ, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Ռոմիկ Մանուկյանը եւս պատգամավոր է՝ 3123 ձայնով։

Համապետական 2 մաս (ազգային փոքրամասնություն) ընտրացուցակով Շիրակի մարզից պատգամավորի մանդատ է ստացել նաեւ Ինեկոբանկի Գյումրու մասնաճյուղի գլխավոր մասնագետ Տատյանա Միքայելյանը:

Ա. Մկրտչյան

 

Դիտումներ՝ 234