«Խնդրում եմ գործը վարող քննիչներին՝ կապնվել ինձ հետ»

Ոստիկանությունը փոխանցում է՝ հանցակազմ չկա, քաղաքացին հակառակն է պնդում

Մ.Տոնոյանը, ով ներկայում բնակվում է ՀՀ-ից դուրս, նամակ է ուղարկել «Ասպարեզի» խմբագրություն եւ իր դժգոհությունը հայտնել 30.09.2013 թվագրությամբ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված «Ոստիկանները հայտնաբերեցին ծեծվողներին» վերնագրով հոդվածի վերաբերյալ:
«Ոստիկանները հայտնաբերեցին ծեծողներին» 30.09.2013 թ. վերնագրով հոդվածում հրապարակված է հետեւյալը՝
«Օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի երիտասարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել եւ դիմել փախուստի:
1966 թ. ծնված Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում է տվել, որ ս/թ օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, անհիմն վիճաբանել են իր հետ, ինչի ընթացքում երիտասարդներից մեկը ձեռքով հարվածել է իր դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում եւ բացատրություն տալուց հետո այլեւս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն եւ համապատասխան ցուցմունք տալու, ինչպես եւ` դատաբժշկական փորձաքննության գնալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մկրտիչ Տ.-ին օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա մարմնական վնասվածք պատճառած 3 անձինք են 1976 թ. ծնված Արթուր Թ.-ն, 1974 թ. ծնված Վաղարշակ Վ.-ն եւ 1965 թ. ծնված Վադիմ Ո.-ն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արթուր Թ.-ն, Վաղարշակ Վ.-ն եւ Վադիմ Ո.-ն Երեւան քաղաքի բար-սրճարաններից մեկի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ խոստովանել են իրենց կատարած արարքը:
Կատարվում է քննություն»:


Անդրադառնալով հրապարակված հոդվածին՝ Մ.Տոնոյանը գրել է.
«Հարգարժան ՀՀ Ոստիկանություն, մեկ անգամ տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր կողմից տարածված տվյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որտեղից նման ապատեղեկատվություն եւ ինչու է ՀՀ Ոստիկանությունը տարածում այն»,-գրել է նամակի հեղինակը:
«Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում եւ բացատրություն տալուց հետո այլեւս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն եւ համապատասխան ցուցմունք տալու, ինչպես եւ` դատաբժշկական փորձաքննության գնալուց». ոստիկանության պաշտոնակայն կայքում հրապարակված այս պարբերությունը մեջբերելիս՝ Մ.Տոնոյանը գրել է.
«Դեպքի անմիջապես հաջորդ օրը ես եղել եմ դատաբժշկի մոտ, այնուհետեւ անցել բժշկական ուսումնասիրություններ վնասվածքաբանի մոտ եւ եզրակացությունը ներկայացրել դատաբժշկական հիմնարկ երկրորդ հարկ ընդունարան: Խնդրում եմ կապնվեք Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի հետ քննիչ Խաչիկյան:
Դեպքից հետո գործը քննիչ Խաչիկյանից փոխանցվել է Ոստիկանության Շահումյանի բաժին: Կրկին անգամ Քրեական հետախուզության բաժնի պետի հետ միասին գնացել ենք դեպքի վայր տեղազննության: Վերցվել են վկայություններ եւ ստորագրություններ երկու ընթերականերից: Կրկին՝ երկրորդ անգամ մանրամասն բացատություններ եմ տվել դեպքի մասին տվյալ բաժանմունքի քննիչներից մեկին՝ ազգանունը չեմ հիշում: Նա նստում է ներքնահարկի ձախ մասում: Դրանից հետո մինչեւ սեպտեմբերի 15-ը գտնվել եմ ՀՀ-ում եւ ոչ մի զանգ կամ տեղեկություն չեմ ստացել ոստիկանությունից: Սեպտեմբերի 15-ին մեկնել եմ Կանադա: Կարող եք ստուգել սահմանային ծառայության հետ տվյալ տեղեկատվությունը:
Դեպքից հետո հանդիպել եմ նաեւ ՀՀ Օմբուդսմենին: Այնտեղ նույնպես գրել եմ դիմում եւ մանրամասն նկարագրել դեպքը:
Այնուհետեւ այսօր մամուլում եւ ձեր կայքում տեսնում եմ տարօրինակ տեղեկատվություններ, որոնք, ինչպես արդեն նշեցի, չի համապատասխանում իրականությանը եւ բացարձակ սուտ է:
Բացարձակ սուտ է նաեւ այն, որ ես հայհոյել եմ ինձ անծանոթ երեք երիտասարդների, երբ նրանք կամրջի վրա անսպասելի կտրել են իմ ճանապարհը եւ սպառնացել այլեւս չերեւալ քաղաքապետարանի առաջ եւ իբր մենք նեղացնում ենք նրանց հայրիկներին:
Ես շատ կցանկանայի տեղեկանալ, թե որտեղից է նման ապատեղեկատվությունը հայտնվել ՀՀ Ոստիկանության կայքում եւ ովքեր են այս ամենի հետեւում կանգնած:
Ես բացարձակ միտումներ եմ նկատում հանցագործներին քրեական պատասխանատվությունից ազատելու ուղղությամբ դեռեւս սկզբնական փուլում, այն էլ սուտ վկայությունների օգնությամբ, որ իբր ես հայհոյել եմ ինձ անծանոթ մարդկանց, առանց որեւէ հասկանալի պատճառի:
Ես իմ նախորդ նամակում ուղարկել եմ ՀՀ Ոստիկանությանը իմ տվյալները, հեռախոսի համարը եւ հասցեն:
Խնդրում եմ գործը վարող քննիչներին կապնվել ինձ հետագա պարզաբանումների համար»,-ավելացրել է Մ.Տոնոյանը:
664 Անի Մկրտչյանի հարցման պատասխան (1)«Ասպարեզը» հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տեղեկություններ հրապարակել այս գործի ընթացքի եւ ավարտի վերաբերյալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա.Սարգսյանը, կատարող՝ Գ.Խաչատրյան, տեղեկացրել են, որ Մ.Տոնոյանի հաղորդման հիման վրա 14.09.2013 թ. ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 13802813 քրեական գործը:
11.03.2014թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որոշում է կայացվել նշված քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է՝
Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
1. Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
2) արարքի մեջ հանցակազմ չկա:
Մ.Տոնոյանը նամակի միջոցով պատմել է այս դեպքի հետ կապված որոշ մանրամասներ. 2013 -թ-ի ամռանը զբոսնել է Երեւանում: Տուն վերադառնալիս՝ քաղաքապետարանի դիմաց պատահաբար հանդիպել է ծանոթներից մեկին:
«Վաղուց չէինք հանդիպել, քանզի բնակվում եմ Կանադայում: Զրուցում էինք երկար, իսկ հենց այդ ժամանակ քաղաքապետարանի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին տրանսպորտի թանկացման դեմ:
Երբ մի փոքր մթնեց քաղաքապետարանից գնացի դեպի Կոնյակի գործարանի ուղղությամբ՝ դեպի իմ տուն: Ճանապարհին ականջակալներով երաժշտություն էի լսում:
Հասնելով կամուրջի վերջը՝ երեք անծանոթ երիտասարդներ փակեցին դիմացս: Սկսեցին ինչ որ բան գոռգռալ: Բան չհասկացա: Հանեցի ականջակալներս, հարցրեցի, թե ովքեր են եւ ինչ են ուզում:
Պատասխան. «Բա քեզ տեսել ենք քաղաքապետարանի դիմաց ցույց անելիս: Դու դուրս ես եկել մեր պապաների/հայրիկների դեմ: Հանկարծ սրանից հետո չփորձես էլ քաղաքապետարանի դեմ էրեվաս, թե չէ վերջը վատ կլնի»….դրանից հետո…բա, թե արի իջնենք կամուրջի տակ…ու քաշքշում էին ինձ տանելու կամուրջի տակ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով:
Տեսնելով, որ չեմ գալիս, հետեւից շատ ծանր հարված հասցրեցին ծոծորակիս: Հարվածից կորցրի մի պահ գիտակցությունս ու ընկա գետնին:
Ընկնելիս ու հարվածից ստացա տարբեր վնասվածքներ, ուղեղի ցնցում, սալջարդ եւ այլ վնասվածքներ, որոնք հաստատվել են դատաբժշկի կողմից տրված տեղեկանքով հաջորդ իսկ օրը»:
Մ.Տոնոյանի պատմելով՝ իր վրա հարձակվելուց հետո այդ անձինք փախել են:
«Երբ ուշքի եկա, դիմեցի առաջին իսկ պատահած ոստիկանին: Ինձ տարան կենտրոնական ոստիկանատուն, համապատասխան նյութեր պատրաստեցին, քրեական գործ հարուցեցին, ոստիկանների հետ միասին մասնակցեցի բոլոր քննչական գործողություններին»
Մ.Տոնոյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են այդ երեք անձանց:
«Դրանից հետո սկսվեց գործի դիտմամբ եւ միտումնավոր սառեցումը»,-գրել է Մ.Տոնոյանն ու ավելացրել, որ այդ անձինք կեղծ ցուցմունք են տվել, «թե իբր պատահաբար քայլել են իմ հետեւից, իմ քայլվածքը նմանեցրել համասեռամոլի քայլվածքի, դրա համար էլ հարձակվել իմ վրա:
Փաստացի ՀՀ Ոստիկանությունը, Դատախազությունը եւ բոլոր մնացած պետական կառույցները միաձայն կոծկել են այս հանցագործությունը:
Արդեն 4 տարի բոլոր իմ դիմումները եւ բողոքները վերաբացելու քրեական գործը եւ նորմալ քննություն անցկացնլը ավարտվում են անարդյունք:
Իսկ ինչ է պատրաստվում անել` հարցին Մ.Տոնոյանը պատասխանել է, որ Հայաստան վերադառնալուց հետո դատի է տալու այդ անձանց: «Նախ քրեական հանցագործության, իմ վրա հարձակվելու համար, իմ առողջությանը վնաս պատճառելու համար, ինչպես նաեւ բոլոր այն քննիչներին, ովքեր կեղծել ու կոծկել են այս քրեական գործը: Նույնիսկ եթե 10 տարի տեւի, գործը հասցնելու եմ Եվրադատարան՝ բարոյական եւ ֆիզիկական վնասի փոխհատուցման պահանջով:
Ուստի ստիպված եմ լինելու անցնել երկար ճանապարհ այս քրեական գործով:
Այս վերջին վարչապետի նշանակումից հետո եւս երկու անգամ դիմել եմ նրան: Մեկ անգամ նամակ եմ ուղարկել իր օգնականին եւ վերջին անգամ անձամբ Վարչապետին:
Բացարձակ ոչ մի պատասխան օրենքով սահմանված ժամկետներում:
2013 թվականի ամռանը բազմաթիվ հարձակումներ էին իրականացվում քաղաքապետարանի դիմաց ցույց անող շատ քաղաքացիների վրա: Վնասվում էին նրանց ավտոմեքենաները, շատերին երեկոյան ժամերին 3-4 հոգով հարձակվում ծեծում եւ փախնում էին»:

Լուսանկարը՝ araratnews.am-ի
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 335

Մեկնաբանել

comments