«Հրեշտակները» աշխատանքում եւ աշխատանքից դուրս

«Շատ դեպքերում կինը զսպաշապիկ է տղամարդկանց համար»
Մի քանի տարի է, ինչ հանրապետության փողոցներում ծառայություններ են կատարում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի սպաները: Նրանք հասարակությանն առավել հայտնի են «հրեշտակներ» անվամբ:
Գյումրիում ծառայություն իրականացնող «հրեշտակները» մեզ հետ զրույցում անկեղծանում են, որ հրեշտակ բառը հասարակության կողմից սկզբում տարօրինակ է ընդունվել, իսկ հիմա արդեն սովորական դարձել:
«Ժողովրդի համար շատ տարօրինակ էր հրեշտակ անվանումը, մեր ծառայության ոճը, սկզբունքները: Անվանեցին հրեշտակ, քանի որ մեր գործի նպատակն է մարդկանց օգնել, բայց հետո Գյումրիում մարդկանց կողմից շատ նորմալ ընդունվեց, այդ բառը»,-ասում է ՀՀ ոստիկանության ՇՄ վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի 3-րդ սպայական ջոկի հրամանատար, կապիտան Մանվել Թոքմաջյանը:

Մանվել Թոքմաջյան
Մանվել Թոքմաջյան

 
Մ.Թոքմաջյանը նախկինում աշխատել է ԱԻՆ Շիրակի մարզային վարչությունում: Կապիտանի խոսքով՝ նա երբեւէ չի պատկերացրել, որ մի օր Գյումրիում ղեկավարելու է հրեշտակների աշխատանքը: Ասում է, որ աշխատանքն այնքան է հոգեհարազատ դարձել, որ ծառայությունում եւ քաղաքացիական կյանքում տարբերություններ չի նկատում:
«Ոստիկանի համար աշխատանքից դուրս հասկացություն չկա: Միակ տարբերությունն այն է, որ աշխատանքի ժամանակ ոստիկանական համազգեստով ենք, իսկ աշխատանքից դուրս՝ քաղաքացիական հագուստով»,-ասում է ոստիկանության կապիտանը:
«Երեխաները մեզ հիմա մոտենում են, խնդրում են, որ փողոց անցնենք կամ ինչ-որ ճանապարհ ցույց տանք: Սա նշանակում է, որ ծնողների կողմից այլեւս չկա այն մոտեցումը, որ ոստիկանով փորձում են երեխաներին վախեցնել»,-նշում է նա:
ՀՀ ոստիկանության ՇՄ վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պարեկապահակետային ծառայության 3-րդ սպայական ջոկում հատուկ ծառայություն է իրականացնում տեսուչ, ավագ լեյտենանտ Աննա Հունանյանը: Նա մասնագիտությամբ իրավաբան է, սակայն պատմում է, որ իր համար ավելի հոգեհարազատ է եղել ոստիկանի աշխատանքը:

Աննա Հունանյան

Աննա Հունանյան
«Ես ընտրեցի այս աշխատանքը, քանի որ ինձ դուր եկավ նոր մտածելակերպով ոստիկանի կերպարը: Հետաքրքիր էր, թե ի՞նչ ծառայություն է, ի՞նչ խնդիրներ են դրված նրանց առջեւ, ի՞նչ սկզբունքներով են աշխատելու»,-ասում է Աննա Հունանյանը եւ պատմում, որ համալսարանն ավարտելու տարվա ընթացքում կազմավորվել է հրեշտակների գունդը. հենց սա էլ եղել է այս աշխատանքը ընտրելու առիթը:
Աննան ասում է, որ երբեւէ չի մտածել իր մասնագիտությամբ աշխատելու մասին, իսկ հրեշտակի աշխատանքը ինչպես իրեն, այնպես էլ շատ քաղաքացիների է հետաքրքրում:
«Որ նոր էի ընդունվել աշխատանքի, քաղաքացիներ էին մոտենում, ասում էին՝ մենք չենք տեսել, որ աղջիկը ոստիկանի համազգեստ հագնի, հարցեր էին տալիս, թե ինչու՞ եմ ընտրել այս աշխատանքը: Բայց հիմա սովորական է դարձել»,-ասում է նա:
Խոսելով աշխատանքի դժվարություններից՝ Աննան նաեւ պատմում է.
«Շատ դեպքերում կինը զսպաշապիկ է հանդիսանում տղամարդկանց համար: Եթե խախտում են անում տղամարդիկ, մեր դիտողությունները նրանք ավելի լավ են ընդունում եւ չեն փորձում հակաճառել»,-եզրափակում է ավագ լեյտենանտը:
Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 657

Մեկնաբանել

comments