Ոչ իշխանական կրքեր ու փլուզումներ

Ոչ իշխանական ճամբարում բավական բարդ գործընթացներ են: Ասված «ոչ իշխանական ճամբարը» ուժերի ու գործիչների այն շրջանակն է, որն այսօր ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, եւ միջանկյալ դիրք է գրավում այդ երկու դաշտերի միջեւ: Այդ «ոչ իշխանական ճամբարն» հիմնականում ձեւավորված է ոչ վաղ անցյալում իշխանության մեջ գտնվող մարդկանց շուրջ, որոնք երկար տարիներ մաս են կազմել ռեժիմին: Հասկանալի է, որ խոսքը Օհանյան-Օսկանյան եւ Ծառուկյան դաշինքների մասին է, որոնք այդպես էլ միս ու արյուն չեն դառնում:

Ծառուկյան դաշինքի շուրջ կատարվող գործընթացներին արդեն անդրադարձել ենք: (Ի դեպ, երեկ կայացած ԲՀԿ համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

Պարզվում է՝ լուրջ խնդիրներ կան նաեւ Օհանյան-Օսկանյան դաշինքում: Մամուլում տեղեկություններ կան, թե Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան դաշինքը։ Ըստ այդ տեղեկությունների, Գասպարիչը մի շարք հարցերում անհամաձայնություն ունի դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ ցուցակների ու դրանցում տեղ գրավելիք անձանց հետ կապված, եւ որոշել է լքել դեռեւս չձեւավորված դաշինքը։

Դեմկուսի ղեկավարն ու նրա ներկայացուցիչները երեկ կեսօրին դեռ չէին հաստատել այս տեղեկությունը: Փոխարենը այդ դաշինքին միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է անդրադարձել այդ տեղեկությանը եւ ֆեյսբուքյան իր էջում գրել բառացիորեն հետեւյալը. «Ցաւում եմ, որ Արամ Սարգսեանը իր գաղափարակիցների հետ ստիպուած է եղել նման որոշում ընդունել։ Երեկ ես եղբայրաբար որպէս հին ընկեր յորդորում էի դիմանալ եւ փորձել ուղղել սխալ դրսեւորումները։ Սա որեւէ դաշինքի համար մեծ կորուստ կարող է համարուել եւ ապագայ մեծ ձախողման սկիզբ։ Պիտի ամեն բան անենք համոզումով առողջ արմատական փոփոխութիւնների սկզբունքային կողմնակից Արամ Սարգսեանի բարձրացրած հարցերին արդարացի լուծում տալու եւ նրան մեր դաշինքում մեզ հետ տեսնելու համար»։

Պարույր Հայրիկյանի այս գրառումը, հատկապես «երեկ ես եղբայրաբար որպէս հին ընկեր յորդորում էի դիմանալ եւ փորձել ուղղել սխալ դրսեւորումները» տողը ցույց է տալիս, որ մամուլում հայտնված տեղեկության մեջ ճշմարտություն կա եւ իրականում դաշինքի ներսում առկա են խնդիրներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Պարույր Հայրիկյանն էր խոսել իր ու իր գլխավորած կուսակցության՝ Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու հնարավորության մասին, մատնանշելով նույն պատճառները, ինչ ասվում է Արամ Գ. Սարգսյանի ունեցած անհամաձայնությունների պահով: Պարույր Հայրիկյանը դաշինքին մեղադրել էր գործողությունների դանդաղկոտության մեջ, նաեւ նշել, թե դաշինքի ներսում ցուցակային գզվռտոց է սկսվել:

Իհարկե, Դեմկուսն ու Արամ Գ. Սարգսյանն ինքնին այն ազդեցությունն ու դերակատարությունը չունեն, որ քաղաքական որեւէ միավորի համար էական կորուստ լինի նրանց հեռանալը: Բայց քաղաքական ֆոնի առումով դա նշանակություն կարող է ունենալ: Ոչ երկրորդական հանգամանք է նաեւ Գասպարիչի սերտ առնչությունը խոշոր փողատեր, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Վերջինս անցած տարի հայտարարել էր քաղաքական ուժ ձեւավորելու եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն հետագայում, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվեց այդ մտքից: Շատերի կարծիքով, այդ հրաժարումից հետո նա ընտրություններում իր մասնակցությունը, հատկապես ֆինանսական կողմն ապահովելու կարգով, դրսեւորելու էր հենց Արամ Գ. Սարգսյանի միջոցով: Իսկ ֆինանսները, հայտնի է, շատ որոշիչ գործոն են բոլոր տեսակի ընտրություններում:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 70

Մեկնաբանել

comments