Վարորդի անկյուն-3

Սկիզբը՝ այստեղ

1. Մեքենայում զրուցելիս, եթե դուք եք վարում, սովորեք զրուցել առանց գլուխը զրուցակցին, կամ, որ ավելի վատ է` թիկունքում նստածներին դարձնելու, սովորեք զրուցել միայն ճամփին նայելով, հավատացեք՝ ոչ ոք չի վիրավորվի: Նայեք ճամփին: Բացառություններ չկան:
2. Պատահում է, որ դիմացից գնացող եւ թեքության, անգամ աննշան թեքության վրա կանգ առնող մեքենաները, շարժվելիս, մինչեւ փոխանցումը «նեյտրալից» («խալաստոյ»), «շարժման» վրա կտանեն, մի քիչ ետ են գլորվում: Այսպես հաճախ լինում է հին մեքենաների, ավտոբուսների, գազելների, պազերի եւ բեռնատարների դեպքում: Ինչքան էլ շտապեք` տեղ թողեք, որ չխփեն ձեզ առջեւից: Ընդհանրապես չի խանգարի, որ իմանաք ձեր մեքենայի գաբարիտները, անիվների դասավորությունը, ճանապարհային փոսերը կամ ճամփին այլ մեքենաներից պոկված սառցաբեկորները կամ թափված քարերը՝ անվնաս շրջանցելու համար:
3. Դիմացից ընթացող մեքենայի արգելակումը նկատելիս, երբ ստիպված եք արգելակել, դրա հետ մեկտեղ աչք ածեք հայելուն, տեսեք` արդյո՞ք ձեզ թիկունքից կիպ ընթացող մեքենա չկա, որը գուցե չհասցնի այդպես արագ արգելակել: Համենայն դեպս, արագ, կամ վթարային արգելակումների ժամանակ, դիմացը տեղ թողեք, եւ ձեր մեքենայի թափը կոտրելուց հետո թողեք արգելակը` մի քիչ էլ մեքենան առաջ տանելու համար: Այս խորհուրդը ետեւից հարված չստանալու եւ ստանալու դեպքում էլ, դիմացինին չբախվելու համար է: Այս կանոնին առավել ուշադիր է հարկավոր լինել հատկապես ձմռանը եւ թաց եղանակին, երբ արգելակելը համեմատաբար դժվար է: Պատկերավոր ասած` հիշեցեք, որ հաճախ ստիպված եք ձեր մեքենան վարելիս «վարել» երթեւեկության անփորձ մասնակիցների փոխարեն նույնպես: Պարզ ասած՝ հեռավորություն պահեք:

Վարորդի անկյուն
4. Հետիոտնին միշտ զիջեք, եթե անգամ կնկատեք, որ հետիոտնը ձեր չսիրած պատգամավորն է կամ նախարարը, կամ ակնհայտորեն կաշառք է առել ընտրությունների ժամանակ: Հարցը միայն տուգանքը չէ: Կան հատուկ պարապած «ավտոյի տակ ընկնողներ», որոշ վարորդներ սրանց «լոտո» են ասում: Հետիոտնի անցնելիս, եթե անգամ ճանապարհը ձերն է, մի «սողացեք» մեքենայով, ավելին, ոտքն արգելակին պահեք, կանցնի հետիոտնը, ապա կշարժվեք: Սա, իհարկե, «վատ սովորության» կարող է վերածվել, եթե անգամ դուք լինեք հետիոտն, կարող եք սկսել մեքենաներին զիջել ու պարեր կսկսվեն փողոցի մեջտեղում, իսկ այդ պարերի համար ոչ ոք չի վճարում: Չնայած այդ հանգամանքին, զիջեք միշտ եւ` կզիջվեք:

Վարորդի անկյուն
5. Հատուկ ավտոկայանատեղերում մեքենան թողնելուց առաջ ոչ թե «թարս» կանգնեք, ինչպես անում են շատերը, այլ` «շիտակ», այսինքն՝ այնպես, որ շարժվելիս հետընթաց քշելու կարիք չունենաք: Այլ խոսքով, կայանելու` «պարկինգի» ժամանակ ավելի լավ է հետընթաց մտնեք ձեր տարածքը, մեքենայի առաջամասը կնայի ճանապարհին, արդյունքում ոչ մի «Ֆրանգուլյան» չի կարողանա արգելակել ձեր ետընթացը` մեկնելիս («Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի դեմ Ֆրանգուլյան ազգանունով մեկն էր ելել, որը անընդհատ պտտվել էր նրա մեքենայի ետնամասում այն ժամանակ, երբ վերջինս փորձել էր կայանած տեղից ետընթաց դուրս բերել մեքենան, վերջը հայտարարություն էր տվել ոստիկանություն, թե իրեն վրաերթի են ենթարկել…): Հետո, որպես կանոն, եթե ինչ-որ միջոցառման համար հավաքված մեքենաների տարածք է, ցրվելիս շատ ավելի մեծ թվով վարորդներ են փորձում թարս կանգնած մեքենաները հանել կանգառներից ու սկսում են իրար խանգարել հետընթացով, դուք առավելություն կունենաք մյուսների նկատմամբ: Հարկավոր է ուղղակի կես րոպե շուտ տեղ հասնել:

Տաքսիստ Գրիշ

Դիտումներ՝ 33

Մեկնաբանել

comments