Արտիստի ազատությունը

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որից հետո ՔԿՀ-ն նիստ էր գումարել եւ դրական որոշում կայացրել: Այնուհետև «Անկախ հանձնաժողովը» դրական եզրակացություն էր տվել, իսկ դատարանը` որոշում կայացրել բավարարել վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը:

Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած պատմության գնահատականը ոչ միարժեք է:  Տաղանդավոր դերասանի մասնակցությամբ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վարդան Պետրոսյանն անազատության մեջ էր 2013թ. նոյեմբերից: 2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը դատապարտել էր 5 տարվա ազատազրկման ու նույն տարվա սեպտեմբերից տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ։

Այդ վթարի, դրա հանգամանքների, դետալների մասին շատ է գրվել, մասնագիտական ու ոչ մասնագիտական տարբեր մեկնաբանություններ են արվել: Վթարի գործով դատական նիստերը, օրինապահների ու դատական համակարգի՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերած գործելաոճը, տուժածների հետ փոխհարաբերությունները, դերասանի հոգեբանական վիճակը, մի քանի տարի անազատության մեջ գտնվելու փաստը, արտիստական հետագա գործունեության հետ կապված մտահոգությունները հասարակական լայն հնչեղություն էին ստացել: Շատերի կարծիքով, Վարդան Պետրոսյանի հոգեբանական ապրումները, զոհերի համար անձնական տառապանք ունենալն արդեն իսկ համարժեք են պատիժ կրելուն եւ սխալ կլինի սովորական չափումներով նրա հանդեպ դատական որոշումներ կայացնել:

Այս ամենի համապատկերում հանրային քննարկման առարկա էին դարձել նաեւ համանման դեպքերի (հատկապես հասարակության կողմից ընդունելի ու սիրված մարդկանց մասնակցությամբ), մեղավորության ու պատասխանատվության, պատժի ու զղջման, հայաստանյան արդարադատական համակարգի հետ կապված թեմաներ:

Այս վերջին առումով հիշարժան է Ֆրանսիայից ժամանած կին փաստաբանի մասնակցությունն ու ելույթները դատական նիստերի ժամանակ: Վերջինս, անկախ Վարդան Պետրոսյանի հետ կապված դեպքից ու վթարի հանգամանքներից, բավականին սուր ելույթ ունեցավ դատարանում, կոշտ խոսքեր հնչեցրեց Հայաստանի արդարադատական համակարգի, այնտեղ տիրող գործելաոճի մասին: Ֆրանսիացի փաստաբանին զարմացրել էր այդ համակարգում առկա արհեստականությունը, ոչ հումանիստական մոտեցումները: Նրա ելույթը հայաստանյան արդարադատական համակարգի դատավճիռն էր:

Վերջում  ասենք՝ կարեւորն այն է, որ սիրելի դերասանը ազատության մեջ է եւ հաջողությամբ կշարունակի իր փայլուն արտիստական գործունեոթյունը:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 24

Մեկնաբանել

comments