Ցու՞րտ էր, ճամփեն էլ փա՞կ էր, պարոն վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այդպես էլ Գյումրի չայցելեց: Այցի մասին շատերը գիտեին, ու շատերն էլ սպասում էին: Մեկին վարչապետի` Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու գաղափարն էր հետաքրքում, բիզնես-նախագծերը, մյուսին էլ` նշվածներից ոչ մեկը, ոչ էլ` մյուսը: Նրանք գալու էին անձամբ վարչապետին տեսնելու, սոցիալական տարբեր խնդիրներ բարձրաձայնելու, իրենց դարդն ու ցավը պատմելու: Այս մարդիկ արդեն 7 օր շարունակ օրը մի քանի անգամ հարցուփորձ են անում, փորձում են վարչապետի այցի ժամն ու տեղն իմանալ:  Նրանք պատրաստ էին անգամ ձնաբքին հանդիպել վարչապետին. այս մարզի բնակիչների վրա անբարենպաստ եղանակն արդեն վաղուցվանից չի էլ ազդում, սառնամանիքի դեմ «կռվել» էլ գիտեն:

Հակառակ այս սպասումների, սակայն, վարչապետը չեկավ Գյումրի, իսկ որպես պատճառ նշվեց եղանակային անբարենպաստ պայմանները:

Ցու՞րտ էր, ճամփեն էլ փա՞կ էր, պարոն վարչապետ…Իսկ գիտե՞ք, թե Գյումրիում այդ ցրտին ու սառնամանիքին քանի անօթեւան է դիմանում, ժանգոտ տնակի քայքայված, փտած պատերի ներսում երեխա պահում, ազգի հերոս ու ապագա մայր մեծացնում, գիշերներն էլ պայքարում սոված ու վխտացող առնետների, մկների դեմ, որ երեխային հանկարծ չվնասեն: Օրնիբուն աշխատում են չնչին օրավարձի հույսով ու երբեք կուշտ փորով քուն չեն մտնում, վառելիք գնելու գումար էլ գրեթե չունեն:

…Ու հետաքրքիր է, թե այս պայմաններով հայտնի Գյումրիում ո՞նց է իրականանալու Ձեր զբոսաշրջության ծրագիրը:

Լուսանկարները` gov.am-ի

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 971

Մեկնաբանել

comments