«Վարչապետն էկել է «գալչկա» դնելու»

Վարչապետի վաղվա սկիզբն ու Ս.Բալասանյանի երազանքը

Այսօր վերջապես վարչապետը Գյումրի եկավ. նրան Գյումրիում սպասում էին դեռ հունվարի 28-ին, սակայն եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով այցը հետաձգվել էր:

Վարչապետի այսօրվա այցին Գյումրիում սպասում էին հիմնականում անապահով եւ անտուն ընտանիքներ, սակայն վարչապետի հետ անմիջապես զրուցել հաջողվեց միայն մեկին: Նրանք` նամակները ձեռքերին, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց առավոտյան ժամը 11:00-12:00-ից կառավարության ղեկավարին էին սպասում: Ամենատարբեր խնդիրների թնջուկում հայտնված այս քաղաքացիներն ակնկալում էին վարչապետ Կարեն Կարապետյանի անմիջական աջակցությունը:

Շուրջ 2-3 ժամ ապարդյուն սպասած քաղաքացիներից շատերին այդպես էլ չհաջողվեց մոտենալ ու զրուցել վարչապետի հետ. այս քաղաքացիները նամակները հանձնեցին աշխատակազմի անդամներին` հույս ունենալով, որ Կ.Կարապետյանը դրանք անձամբ է ընթերցելու եւ պատասխանելու:

Գյումրիում վարչապետի այցը ներդրումային ծրագրերի իրականացման խոստումների սկիզբ էր. զբոսաշրջության զարգացման, «Կումայրի» արգելոցի վերականգման ծրագրի իրականացման, Գյումրու 14 եւ 16-րդ` Շիրազի եւ Ռուսթավելի փողոցների վերակառուցման: Նախատեսվում է շուրջ 10 մլն դոլարի ներդրման իրականացում Շիրակ օդանավակայանում, իսկ 200 մլն դոլար` «Կումայրի» արգելոցում:

Վարչապետի այցը սկսվեց նախ Շիրակ օդանավակայանից, ապա ընթացավ Գյումրու պատմամշակութային արժեք համարվող հին թաղերով ու փողոցներով: Ցեխառատ, նաեւ մերկասառույցով պատված փողոցներում վարչապետը քայլում էր, գլուխը վեր պահած նայում Գյումրու հին պատշգամբներին ու կիսակառույց, կիսավեր շենքերին:

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում վարչապետը ծրագրի իրականցման, ֆոնդի ստեղծման ժամկետների մասին խոսելիս, շտապեցնում էր` ասելով. «Վաղը, հենց վաղն էլ սկսելու ենք»: Առաջիկա օրերին կառավարություն է այցելելու Գյումրու քաղաքապետը, ներդրումային ծրագիրն ու հիմնադրամի ստեղծման, կառավարման հիմնախնդիրներն են քննարկելու:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարչապետի ելույթից հետո բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն հայտնեց կառավարությանը, Կ.Կարապետյանին նման ծրագիր մեկնարկելու համար, նշեց, որ արդեն իր երազանքն իրականացել է, քաղաքը երկրաշարժից հետո վերակառուցվում է: Քաղաքապետը, սակայն, վերջում անկեղծացավ ու խոստովանեց. «Բայց, չգիտես ինչու, վստահություն չկա»:

Գյումրեցու այսօրվա ուզածը` աշխատանքն է ու սահմանի խաղաղությունը:  Իսկ ներդրումային ծրագրերի` իրականություն դառնալը լավատեական նոտա է ու նախընտրական ներկայացումներից հերթականը: Այն, որ վստահություն ու հավատ այս քաղաքում այլեւս չկա, հաստատվում է ամեն օր ու ժամ:

Տարեցներից մեկը ընկերոջը պատմում էր վարչապետի այցն ու տարիների դառը փորձը հիշեցնում. «Վարչապետն էկել է «գալչկա» դնելու, դու ընչի՞ ես խառնվել իրար»:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 223

Մեկնաբանել

comments