Հիվանդ կնոջը չեն օգնում մարզպետն ու քաղաքապետը

Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը փող չունեն

«Ասպարեզի» խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացիներից մեկից, ով պատմում է Վանաձորի թիվ 90 հանրակացարանում բնակվող Լիլիթ Ստեփանյանի մասին:

«Լիլիթ Ստեփանյանը տառապում է սուր վարիկոզ հիվանդությամբ, որի պատճառով բժիշկը խստիվ արգելել է աշխատել: Նա ունի երկու անչափահաս որդի, որից փոքրը մանկուց հաշմանդամ է: Մեր զրույցի ընթացքում տիկինը պատմեց, որ տարիներ շարունակ գիշերները փողոց է ավլել, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքի ծաղկանոցում է աշխատել մինչեւ հիվանդության սրվելը: 8-ամյա երեխան ծնվել է նապաստակի շրթունքով, գայլի երախով, 3 անգամ վիրահատվել է, եւ մինչեւ չափահաս դառնալը նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն»:

«Ասպարեզի» հետ զրույցում 46-ամյա Լիլիթը պատմեց, որ զրկվել է աշխատանքից հիվանդության պատճառով, կնոջ հավաստմամբ,  այսօր միակ եկամուտը որդու հաշմանդամության թոշակն ու ընտանեկան նպաստն են: Ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:

«Ես իմ հասանելիք դեղերը չեմ կարող ստանալ, փոքր տղայիս հիվանդության խնդիրներն էլ չեմ կարող լուծել»-պատմեց կինը եւ վստահեցրեց, որ երկար տարիներ Վանաձորի կանաչապատման աշխատանքներում է ընդգրկվել, շատ է աշխատել: Լիլիթի խոսքով՝ այս հիվանդությունը ձեռք է բերել հենց դժվար աշխատանքի արդյունքում:

Լիլիթը նաեւ ավելացրեց, որ ոչ Լոռու մարզպետարանը, եւ ոչ էլ Վանաձորի քաղաքապետարանը իրեն ու երեխաներին չեն օգնում, ուղարկած դիմումները մերժվել են:

«Ես չգիտեմ ստացածս հիվանդության թոշակով փայտ գնեմ, սնունդ առնեմ, թե իմ որդու հիվանդության խնդիրներ լուծեմ, թե մտածեմ իմ առողջության մասին: Իմ վիրահատությունն անխուսափելի է»,- նամակի միջոցով փոխանցել էր կինը:

Փետրվարի 15-ի թվագրությամբ Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը պատասխանել է կնոջ նամակին.

«Ձեր խնդրանքը քննարկվել է Վանաձորի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հանձնաժողովում:

Համայնքի բյուջեի համապատասխան հոդվածով ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ձեր ընտանիքին ֆինանսական օգնություն ներկա պահին հատկացնել հնարավոր չէ:

Հաշվի առնելով Ձեր ընտանիքի սոցիալական վիճակը Ձեր տվյալները հաշվառված են համայնքապետարանի քարտուղարության, տեղեկատվության եւ աշխատանքի բաժնում:

Հնարավորության դեպքում հետամուտ կլինենք Ձեր ընտանիքին ընդգրկելու որեւէ բարեգործական ծրագրում»:

Իսկ ավելի վաղ՝ 15.12.2016 թվագրությամբ կնոջը պատասխանել, մերժել ու ներողամտությունն է հայցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Ֆինանսապես աջակցելու Ձեր խնդրանքը, ցավոք բավարարել չենք կարող՝ համապատասխան միջոցների  բացակայության պատճառով:

Հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

Հ.Գ.Կինը հրապարակում է անձնական հեռախոսահամարը՝ 094 641 697 եւ բարի մարդկանցից ակնկալում օգնություն:

Անի Մկրտչյան

հիվանդ կին

 

երեխա

հիվանդ կին

 

պատասխան

 

պատասխան

 

 

 

 

 

Դիտումներ՝ 423

Մեկնաբանել

comments