Միայնակ մայրը օգնություն է խնդրում

Հրդեհի հետեւանքով այրվել է տնակի գույքը

Մութ սենյակի կիսավեր պատուհանի տակ` մահճակալին հենված, ամոթխած աչքերով Անահիտը լուռ լսում է մորը, ապա գլուխը խոնարհում ու հայացքն հառում դեպի հատակը, մատներով մազերը հանգիստ հեռացնում աչքերից ու ակնդետ նայում դեպի սենյակի մեջտեղում դրված վառարանը: Որոշ ժամանակ անց 10-ամյա Անահիտը նորից շարունակում է մտածկոտ հայացքով մոր շարժուձեւին հետեւել, լսել նրա հեկեկոցը:

Փայտի վառարանում այրվում են ձմռան վառելիքի վերջին կտորները: Վառարանից այն կողմ նկատվում են փայտի մոխիրներ` վերեւից կախ տված: Անահիտի մայրը` 36-ամյա Նազելի Մելքոնյանը, պատմում է ընտանիքի սոցիալական խնդիրների մասին:


Արդեն 15 տարի է` Նազելին իր 3 անչափահաս, դպրոցական երեխաների հետ ապրում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի տնակներից մեկում: 6 ամիս առաջ այրվել է ընտանիքի տնակը, հրդեհի հետեւանքով գույքն ամբողջությամբ այրվել է, մոխրացել, գրեթե ոչինչ չի մնացել: Նազելին պատմում է, որ փորձագետները եզրակացություն են ներկայացրել. հրդեհի պատճառը հոսանքի տատանումն է եղել: Որպես փոխհատուցում` Վահրամաբերդի բյուջեից ընտանիքը ստացել է 200 հազար դրամ օգնություն. ապակի են գնել, մասնակիորեն դուռ ու լուսամուտ փոխել, շինարարական նյութեր գնել: Տանտիկինը մի քանի ամիս առաջ նամակ-խնդրանք է ուղարկել նախկին վարչապետին: Արդյունքում նախկին վարչապետն հանձնարարական է տվել Շիրակի մարզպետարանին, ընտանիքը 30 հազար դրամ օգնություն է ստացել:


«Մինչեւ հրդեհը նորմալ ապրում էինք, ճիշտ է` մենակ նպաստ կստանայինք, բայց ոչինչ, կապրեինք»,-ասում է Նազելին եւ ավելացնում, որ առողջական որոշ խնդիրներ ունի:

Սոցիալապես անապահով վիճակում հայտնված ընտանիքին որոշ իրեր բարի մարդիկ են նվիրել, թեպետ գույքի կարիք դեռեւս կա: Նազելին ընտանիքի համար անհրաժեշտ իրերն է առանձնացնում ու թվարկում` վարագույրներ, լվացքի մեքենա, հեռուստացույց…  Սենյակում դրված հեռուստացույցը ծանոթներից մեկն է ժամանակավորապես տվել, մինչեւ Ամանոր վերադարձնելու են:

Ամանորյա լավագույն նվերը 10-ամյա Անահիտի համար ընդամենը տնակի վերանորոգումն է: «Որ տունը սարքվի»,-հակիրճ ասում է Անահիտը: Անահիտն իր երազած տան մասին ոչինչ չի ասում, պատասխանը լռությունն է:

10-ամյա Անահիտը սովորում է Վահրամաբերդի միջնակարգ դպրոցում` գերազանց առաջադիմությամբ: Որոշել է` երգչուհի է դառնալու:


…Տնակի խոնավությունը, ցուրտը զգացվում են սենյակների տարբեր անկյուններում. վառարանի ջերմությունը միայն մեկ սենյակում է մնում: Հնամաշ պատուհաններն ու դռները դրսի ցուրտն ու ձյան շունչն են սենյակ լցնում: Մուտքի փայտյա դուռը հազիվհազ է փակվում, ընտանիքն անգամ գումար չունի դռան կողպեք գնելու: Նազելին կողպեքի փոխարեն ամեն իրիկուն տան դուռը փակում է ներսի կողմից` մի քար դեմ տալով դռանը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 6

Մեկնաբանել

comments