Թրամփի համար փորձաքար է ամերիկա-իսրայելական հարաբերությունների ապագան

Եթե որեւէ մեկը միամտաբար մտածի, որ վերջին նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից եւ նախագահ դառնալուց հետո ամերիկա-իսրայելական հարաբերություններում կարող է խաղաղություն հաստատվել, միանգամից պետք է արձանագրենք, որ խորապես սխալվում է: Նույնիսկ իսրայելական լրատվամիջոցներն են նշում, որ ամերիկացի հրեաների մեծ մասը հակառակ կարծիքին են: Նրանք կարծում են, որ Թրամփից որեւէ լավ բան սպասելու առիթ չկա: Սակայն իրականում Իսրայելում փորձագետները անկեղծ զարմանք են արտահայտում ամերիկյան մայրցամաքում գտնվող հրեական կազմակերպությունների նման կեցվածքի հանդեպ: Այսպիսի կարծիք է արձանագրել haqqin.az-ը՝ վերլուծելով ամերիկա-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակը:

Իսրայելական վերլուծաբանները նշում են, որ դեռեւս երբեք ամերիկյան հրեական կազմակերպությունները չեն հրապարակել նման քանակությամբ բացասական նյութեր Սպիտակ տան մասին, որքան հիմա: Հատկապես տարօրինակ էր հրեական ռեֆորմիստների ղեկավար ռաբբի Ռիկ Ջեյկոբի ընդդիմացումը փաստաբան Դեւիդ Ֆրիդմանին Իսրայելում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշմանը:

Ուշագրավ է հատկապես այն, որ Ֆրիդմանի` ամերիկյան դեպան լինելու անհնարինության դիրքերից է իրադրությանը մոտեցել նաեւ այնպիսի հեղինակավոր հանդես, ինչպիսին The New York Times-ն է: Իր խմբագրականում այս պարբերականը գրում է, որ չափազանց վտանգավոր է Դոնալդ Թրամփի այդ որոշումը` Իսրայելում նշանակել դեսպան իր ընկերոջը, ով Իսրայելական պետության հարցերով խորհրդական է, քանի որ նոր դեսպանի օրոք ավելի դյուրին կլինի առճակատում հրահրել իսրայելա-պաղեստինյան ճակատում եւ այդպիսով լարել մթնոլորտը ողջ Մերձավոր Արեւելքում: Բացի այդ հիսունյոթամյա Ֆրիդմանը իսրայելական բնակավայրերի կառուցման ակտիվ կողմնակիցներից է: Իհարկե մեջբերվում է նաեւ այն հանգամանքը, որ այդ կարեւոր ու նուրբ դիվանագիտական հմտություններ պահանջող պաշտոնում մշտապես դիվանագետներ են նշանակվել, իսկ Ֆրիդմանն ունի իրավաբանական կրություն եւ դիվանագետ չէ մասնագիտությամբ: Հրեական շրջանակները Իսրայելում զարմացած են, որ ամերիկյան պարբերականի տեսակետները կիսում են ամերիկացի հրեաների 65-70 %-ը, որոնք հիմնականում կամ ձախ հայացքներ ունեցողներ են կամ ուլտրա-լիբերալներ: Թրամփը, որքան էլ որ հետաքրքրական է, չի վայելում ամերիկացի հրեաների մեծամասնության համակրանքն ու աջակցությունը: Թրամփին աջակցում են հիմնականում աջ եւ պահպանողական հայացքներ ունեցողները: Այս իմաստով էլ երկվություն է առաջացել ողջ ամերիկա-իսրայելական հարաբերությունների ապագայի մասով: Ձախերը եւ լիբերալները կողմնակից են տարածքային եւ այլ զիջումների, աջերն ու պահպանողականները կտրուկ դեմ են որեւէ զիջմանը:

Բուն Իսրայելում կարծում են, որ անընդհատ նահանջը եւ զիջումները կարող են բերել Իսրայելի թուլացմանը, իսկ ամերիկյան քաղաքականությունը կլինի ավելի իսրայելամետ քան Օբամայի օրոք էր կամ Պետքարտուղար Քլինթոնի: Որպես հիմք այս համոզման՝ հանդիսանում է Թրամփի հայտարարությունը ընտրություններից գրեթե անմիջապես առաջ, որը ընդգծված հրեամետ էր: Թել Ավիվը դրական ազդակ է տեսնում նաեւ Ֆրիդմանի` դեսպան նշանակվելու փաստի մեջ, կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ ամերիկացի հրեաները դեմոկրատական կուսակցության ազդեցության ներքո են գտնվում:

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Լուսանկարը` times of Israel-ի

Դիտումներ՝ 7

Մեկնաբանել

comments