Կարծիքներ` Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության վերաբերյալ

Ըստ breakingnews.sy գործակալության  հաղորդած տեղեկությունների`  Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորումը, իսկ  դեսպանին սպանած Մեւլութ Մերթ Ալթինթաշն այդ ահաբեկչական կազմակերպության անդամ էր:

Դեսպանի սպանության վերաբերյալ մամուլում բազմաթիվ կարծիքներ հրապարակվեցին:

Մեջբերենք ֆեյսբուքյան մի քանի ուշագրավ հրապարակումներ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում  հետեւյալ կարծիքն էր արտահայտել.«Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ Թուրքիան մեղադրում է Գյուլենին: Ինչպես եւ սպասվում էր, Թուրքիայի իշխանությունները քավության նոխազ են փնտրում,որ նրա վրա բարդեն երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած հարձակումը, որի ժամանակ սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Անկարան նաեւ փորձում է այս ամենից իր օգուտը ստանալ: Anadolu-ի տեղեկություններով` երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ տեղի ունեցած հեռախոզազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտնել է,որ Ռուսաստանի դեսպանին սպանելու հետեւում կանգնած է ԱՄՆ-ում պատսպարված թուրք հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս անգամ Էրդողանը հանգիստ թողեց քրդերին, քանի որ մարդասպանն ազգությամբ թուրք էր եւ ոստիկան: Ամենահարմար թեկնածուն՝ Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆ.Գյուլենն է, որին Անկարան արդեն մի քանի ամիս է` պահանջում է ԱՄՆ-ից արտաքսել, քանի որ հենց նրան է մեղադրում Թուրքիայի բռնապետը հուլիսյան չհաջողված պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հետեյալ կարծիքն էր արտահայտել. «Թուրքիայում գնդակահարել են Ռուսաստանի դեսպանին՝ իրավիճակը գնալով բարդանում ու պայթյունավտանգ է դառնում: Արցախի հաշվին տարածքային զիջումների մասին քարոզում այս մահափորձը, վստահ եմ, որ լրացուցիչ ծանրակշիռ «փաստարկը» կդառնա՝ այժմ էլ կասեն, որ հայոց հողատվությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ահաբեկչության կանխարգելման, ինչպես նաեւ ռուս-թուրքական հավերժ բարեկամության ամուր հիմքերը կապահովի: Ցավակցություններս եմ հայտնում ռուս դիվանագետի հարազատներին ու մտերիմներին»:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ հետեւյալ կարծիքն էր հայտնել.«Թուրքիայում ՌԴ-ն դեսպանի սպանությունով, Էրդողանը Պուտինին հասկացնել տվեց, որ հանկարծ փորձ չանի Իլիպի վրա հարձակվելու: Իլիպի գրավումը վերջ կտա Էրդողանի, անգլոսաքսերի եւ ջհուդամասոնական դաշինքի եւ աշխարհի գրավման ծրագրին»:

Քաղաքագետ Արա Պապյան.«Ռուսները, իհարկե, կփորձեն լղոզել դեսպանի սպանության միջադեպը։ Ուրիշ բանի թափ չունեն։ Այդուհանդերձ, սա ցույց է տալիս, որ Թուրքիայում ռուսների նկատմամբ ատելությունն անշեղորեն աճել է եւ աճելու է»։

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան.«Դեսպանի սպանությունով Արեւմուտքը ռուսներին հենեց պատին՝ եթե ռուսները լարվեն թուրքերի դեմ, կփչացնեն առանց այդ էլ մեծ դժվարությամբ կարգավորված ռուս-թուրքական հարաբերությունները, դրանից բխող քաղաքական եւ տնտեսական խիստ ստրատեգիկ համագործակցությամբ: Եթե պատասխան հարվածը հասցնեն ԱՄՆ-ի որեւէ դեսպանի, կփչացնեն Թրամփի ընտրությունների արդյունքում այդքան սպասված հարաբերությունների կարգավորումը: Եթե կուլ տան այս ապտակը, կփչանան արտաքին աշխարհում, որտեղ հարգում ու երկյուղում են միմիայն կոշտ ուժից: Այն, որ կթափեն արյուն, ակնհայտ է, հետաքրքիր է, բայց ում արյունը կթափեն»:

Քաղաքագետ Միքայել Զոլյանն «Ասպարեզի» հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես այն առումով, թե ինչու ահաբեկիչն այդքան հեշտ կարողացավ իրականացնել այդ հարձակումը:

-Հավանաբար, Էրդողանը կփորձի մեղադրել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին, որոնց նա մեղադրել էր պետական հեղաշրջման փորձի համար: Չեմ կարծում, որ սա կհանգեցնի ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, ընդհակառակը, հավանական է, որ Թուրքիան ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ, մասնավորապես Սիրիայում: Բայց ամեն դեպքում պետք է հետեւել իրադարձություններին, առաջիկա օրերին շատ բան պարզ կդառնա,-նշեց պարոն Զոլյանը:

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ, եթե իրոք, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը կապված էր Հալեպի հետ, ապա ինքը չի կարծում, որ դա Թուրքիայի իշխանության կողմից էր կազմակերպված:

-Պարզապես Սիրիայի դեպքերի պատճառով սուննի մուսուլմանների շրջանում շատերն այսօր Ռուսաստանը թշնամի են համարում եւ մարդասպանը կարող էր լինել որեւէ իսլամիստական կազմակերպության անդամ: Բայց իհարկե, այս փուլում դեռ շատ բան պարզ չէ: Այնպես որ, ոչինչ բացառել չի կարելի:

Հարցին, իսկ ինչո՞վ կբացատրեք ՌԴ իշխանությունների մեղմ վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ, քաղաքագետը նշեց.

-Հավանաբար առայժմ նրանք էլ են համարում, որ սա Էրդողանի կազմակերպածը չէ: Ինչքան հասկանում եմ, նրանք համարում են, որ սա ինչ-որ երրորդ ուժի կողմից կազմակերպված սադրանք է` ռուս-թուրքական հարաբերությունները սրելու համար:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին` Անկարայում: Հանցագործին տեղում սպանել էին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածը բնորոշել էր որպես ահաբեկչություն:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments