Տուկի թելի արժեք ունեցող քաղաքականություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (քաղաքական դաշտի Հակոբ Հակոբյաններից մեկը, որը հայտնի է Պիվի Հակոբ անունով) լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում:

Նա պարծեցել է, որ պատգամավոր եղած 10 տարիների ընթացքում ինքն արդեն զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար. «Գնացեք իմ ընտրատարածք եւ յուրաքանչյուրին հարցրեք` դուք ձեր պատգամավորին ճանաչո՞ւմ եք, ի՞նչ է արել ձեզ համար, ու ձեզ բոլորը կպատասխանեն, որովհետեւ ես հիմա ինչ էլ ասեմ, դուք չեք հավատալու»:

Ընտրողների համար իր արածների շարքում նա թվարկել է ուսանողների համար մուծած վարձերը, դպրոցներին, մանկապարտեզներին ու մշակույթի տներին ցուցաբերած օգնությունը:

Հակոբ Հակոբյանի նշածները ընդհանրապես քաղաքական գործչի, պատգամավորի գործունեության բուն բնույթի խեղաթյուրման դասական օրինակ են: Ինչ կապ ունի պատգամավորը, քաղաքական գործիչը ուսանողների վարձերի, մանկապարտեզների ու դպրոցների օգնության հետ, հատկապես, երբ դա շեշտվում է որպես քաղաքական, պատգամավորական գործունեություն: Քաղաքական ու պատգամավորական գործունեությունը բոլորովին այլ առաջնահերթություններ ու ուղղվածություն ունեն: Պատգամավորը պետք է օրենսդրական գործունեություն ծավալի, օրենքներ մշակի, այլ ոչ թե բարեգործությամբ զբաղվի ու դա համարի ընտրողների հետ աշխատանք:

Իհակե, բարեգործությամբ զբաղվելը ցանկացած մարդու, այդ թվում՝ պատգամավորի, անձնական ցանկությունն ու իրավունքն է, եւ որեւէ բան չի կարելի ասել դրա դեմ: Բայց երբ դա ներկայացվում է որպես ընտրողների հետ աշխատանք եւ դա հաղթաթուղթ դարձնելով՝ փորձ է կատարվում գնահատել մարդու պատգամավորական գործունեությունը, դեռ հայտ էլ է ներկայացվում էլի այդ հաղթաթղթով պատգամավոր դառնալու, ամեն ինչ գլխիվայր է դառնում:

Այս երեւույթը նորանկախ Հայաստանի պատմության մեջ խիստ արմատացած է: Պատգամավոր, քաղաքապետ, ավագանու անդամ դառնալու համար ասֆալտ են արել ու անում, կարտոֆիլ են բաժանել, տուկի թել, ալյուր, ջեմ ու մուրաբա, վարձավճարներ են մուծել ու փոխհատուցել, խանութի պարտքեր փակել եւ այլն, եւ այլն, ու այդ ամենը համարել են ընտրողի հետ աշխատանք, քաղաքական գործունեություն: Իրականում այդ բոլորը ընտրակաշառք է, ընտրողների ձայների գնում:

Ահա այսպիսի խեղաթյուրված պատկերացումներով ու մտածողությամբ էլ գնում ենք ընտրությունների, խորհրդարան, կառավարություն ու իշխանություն ձեւավորում, քաղաքականություն իրականացնում: Քաղաքականություն, որը տուկի թելի արժեք ունի:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 27

Մեկնաբանել

comments