Ծառուկյանի խորհրդանշական դաշինքը

Արդեն իսկ կարելի է փաստել, որ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի նպատակը՝ ձեւավորել քաղաքական ու հասարակական լայն համագործակցություն ու դաշինք, չստացվեց: Համագործակցության ցանկություն հայտնած մի քանի ուժեր ոչ միայն հեռացան կամ հեռացվեցին ստեղծվելիք դաշինքից, այլեւ կանգնեցին ներշրջանակային բախումների ու առճակատումների առաջ: (Հիշեցնենք, որ տեւական ժամանակ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ էին վարում եւ դաշինքային համաձայնության հասնելու ցանկություն էին հայտնել ՀՀՇ-ն, ՀՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, «Ալյանսը» եւ «Առաքելություն» կուսակցությունները, նաեւ «Միասնություն» շարժումը: Մեծ հաշվով, այդ բանակցությունները տապալվել են եւ դաշինքը կայացել է խիստ մասնակիորեն)

Այսպես. Ծառուկյանին միանալու ցանկություն հայտնած ՀՌԱԿ-ն ու սփյուռքյան ՌԱԿ կառույցը մի քանի կրակոցներ արձակեցին իրար վրա, վերջինս հայաստանյան կազմակերպությանը մեղադրեց ինքնագլուխ գործելու մեջ եւ հայտարարեց, որ այն այլեւս իրավունք չունի հանդես գալու ՌԱԿ անունով: Հայկական կառույցն էլ մեղադրեց սփյուռքյան որոշ շրջանակների Ծառուկյանի հետ իրենց համագործակցությունը վիժեցնելու հարցում:

Գագիկ Ծառուկյանի հետ սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության համագործակցությունը եւս ի չիք դարձավ: Այս կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը դրանում մեղադրեց Հովիկ Աբրահամյանին ու Նաիրա Զոհրաբյանին, որ նրանք են ազդել Ծառուկյանի վրա: Հնչակներն էլ ներքին գզվռտոցներից զերծ չմնացին, այստեղ որոշակի փոխհրաձգություն տեղի ունեցավ Նարեկ Գալստյանի ու վերակազմյալ հնչակների ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի միջեւ: Վերջինս, մասնավորապես անհիմն համարեց հնչակների ատենապետի հայտարարությունը Ծառուկյանի «ազդվելու» մասին եւ ռեւերանսներ անելով նրա հանդեպ՝ հայտարարեց, թե ոչ ոք ոչ մի հարցում չի կարող ազդել Ծառուկյանի վրա: Հայտնի է, որ Լյուդմիլա Սարգսյանն ինքն էլ ամեն կերպ ձգտում էր հայտնվել Ծառուկյանի դաշինքում, արդեն տեւական ժամանակ պտտվում էր նրա ու ԲՀԿ-ի շուրջ, բայց չհասավ իր նպատակին:

Ծառուկյան դաշինքի կազմում չի լինի նաեւ «Միասնություն» շարժումը, որի ղեկավար Արման Վարդանյանը, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո, բավական ակտիվ գործունեություն էր ծավալել քաղաքական լայն դաշինք ձեւավորելու ուղղությամբ: Սակայն վերջին շրջանում նրա ու իր ղեկավարած շարժման հետ եւս ինչ-ինչ խնդիրներ առաջ եկան եւ այս ուժն էլ տեղ չգրավեց դաշինքում:

Ի վերջո ԲՀԿ-ն՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, դաշինքի հուշագիր է ստորագրել միայն«Ալյանս» կուսակցության հետ: Սա կարելի է ընդամենը խորհրդանշական դաշինք համարել, քանի որ «Ալյանսը» ԲՀԿ-ից պոկված ուժ է: «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կլինեն նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ:

Իսկ ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ պատկերն ունի. առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկյանն է, երկրորդում՝ Իշխան Զաքարյանը (Վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյանը (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։ Ցուցակի 5-րդ հորիզոնականում տեղ է գրավել ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը, 7-րդ տեղում Տիգրան Ուրիխանյանն է (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ), 8-րդում՝ Իվետա Տոնոյանը (Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը), 9-րդում՝ Արգամ Աբրահամյանը (Արարատի քաղաքապետը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին. վերջինս հայտարարել է, որ իր հայրը չի մասնակցի ընտրություններին)։ Տասնյակը եզրափակում է գյումրեցի նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը։ Վերջինս, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Արգամ Աբրահամյանն առաջադրվելու են նաեւ տարածքային ցուցակով։

Վերադառնալով տապալված բանակցություններին եւ լայն դաշինքի չկայացմանը՝ նկատենք, որ եթե անգամ այդ դաշինքը նախնական տեսքով կայանար, դա այն լայն քաղաքական միաձուլումն ու սպեկտրը չէր լինի, ինչ նախատեսել էր Ծառուկյանը:

Համլետ Կիրակոսյան

Լուսանկարը՝ news.am-ի

Դիտումներ՝ 99

Մեկնաբանել

comments