«Մոլեռանդությամբ ձգտում են մաս կազմել իշխանությանը»

-Հայաստանը ավտորիտար երկիր է, որտեղ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, մասնավորապես սեփականության իրավունքն ու սեփական բիզնեսի անձեռնմխելիության իրավունքը: Ու դա է հիմնական պատճառը, որ մարդիկ կատաղության հասնող մոլեռանդությամբ ձգտում են մաս կազմել իշխանությանը, որովհետեւ շատ լավ գիտակցում են, որ միայն այդ դեպքում իրենց իրավունքները պաշտպանված կլինեն ու իրենց բիզնեսները անձեռնմխելի կլինեն, ասեմ ավելին՝ այդ դեպքում մյուս իշխանավորների նման (եթե իրենք արդեն իշխանավոր չեն) մնացած ժողովրդին կեղեքելու եւ թալանելու հնարավորություն կունենան,-անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, «Ասպարեզի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Թորոս Ալեքսանյանը:

Հարցին՝ շատերի մոտ մեծ է ձգտումը պատգամավոր դառնալու, ո՞րն է դրա հիմնական պատճառը, քաղաքագետը պատասխանում է, որ պատգամավորները Հայաստանում իշխանական բուրգի մի մասն են, նրանք չեն ներկայացնում ժողովրդին եւ իշխանական կլանի շահերն են ապահովում:

խորհրդարանական

«Մեր Ազգային ժողովը ընդամենը ժողովրդավարության իմիտացիա ապահովող մարմին է: Բայց, չնայած այս ամենին, այնուամենայնիվ, իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներս պիտի փորձենք ինչ-որ կերպ շտկել այս դրությունը: Ես օրինակ, նույնպես դրել եմ իմ թեկնածությունը, չնայած քաջ գիտակցում եմ, որ, չլինելով իշխանական կլանի մեջ, չունենալով ֆինանսական միջոցներ, ես չունեմ իրական շանսեր պատգամավոր դառնալու, սակայն ես այդ քայլին գնացել եմ, որպեսզի գոնե օգտագործելով տրամադրվելիք հարթակները, բարձրաձայնեմ ճշմարտություններ, որոնց մասին մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել: Մենք պիտի օգտագործենք ամեն հնարավորություն մեր քաղաքացիական պոզիցիան ընդգծելու համար: Չանել ոչինչ՝ կնշանակի գործել ի օգուտ հանցավոր իշխանության»:

Ընտրակաշա՞ռք, թե՞ վարչական ճնշումներ, ո՞ր մեկն առավել գործուն կլինի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Երկու մեթոդն էլ կիրառում են իշխանավորները, երկուսն էլ բավականին էֆեկտիվ են գործել ու դեռ կգործեն, ցավոք սրտի: Մեր ժողովրդի մեջ քանի դեռ չի ձեւավորվել այնպիսի հասարակական կարծիք, որ այդպիսի բաներ անող մարդիկ ավելի անբարո են ու որ դա ավելի մեծ խայտառակություն է, քան թե կնոջ ու դստեր մարմնավաճառ լինելու հանգամանքը, ոչինչ չի փոխվի ու մեր հասարակությունը կշարունակի արագ տեմպերով դեգրադացվել ու վերանալ: Բոլորս քննադատում ենք ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին, դա լավ է, իհարկե: Մարդիկ պետք է հասկանան, որ դա անթույլատրելի է ու անբարոյականություն է, ըստ էության: Բայց հետաքրքիր է, ինչու՞ այդ կոնտեքստի մեջ չենք հիշատակում պետությանը, իր, այսպես կոչված, օրինապահ մարմիններով. ու՞ր է մեր աստվածավախ ոստիկանապետը: Փոքր երկիր ենք, բոլորս գիտենք թե, ով ինչով է զբաղված: Կարծում եմ՝ անգամ ոստիկան լինել հարկավոր չէ, որպեսզի իմանաս, թե կոնկրետ ովքեր են ընտրակաշառք բաժանողներն ու ստացողները, կամ ովքեր են մարդկանց անձնագրերը հավաքում, կամ ովքեր են իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով մարդկանց հրահանգավորում ընտրությունների հետ կապված: Ու՞ր են մեր ոստիկաններն ու ԱԱԾ-ն, ինչու՞ չեն գործում,-նշում է զրուցակիցս:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 69

Մեկնաբանել

comments