«5 բաժակ օղու փոխարեն 1 բաժակ կոնյակ խմեք»

Ինչ ուտել-խմել տոնական օրերին

«Մի դիմավորեք Ամանորը քաղցած, սնվեք դանդաղ, հաճույք ստացեք սննդից, ունեցեք չափի զգացողություն»,-խորհուրդ է տալիս գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը: Բժիշկը նկատում է, որ հայերի մոտ տոնական օրերին առաջին տեղում ալկոհոլի, երկրորդում` գազավորված ըմպելիքի չարաշահումն է, հայերն այս օրերին նաեւ անկանոն սնվելով են աչքի ընկնում:

«Կոպիտ սխալն այն է, որ խմում են օղի, այլ ոչ թե գունավոր խմիչքներ: Օղին խմում են միանգամից, իսկ գունավոր խմիչքները` կում-կում: Գերադասելի է, որ ալկոհոլը խմեն քիչ-քիչ: Հինգ բաժակ օղի խմելու փոխարեն կարելի է մեկ բաժակ կոնյակ խմել: Այս դեպքում անընդհատ են խմում, բայց քիչ, որն ավելի հաճելի է,-ասում է Հայկ Մանասյանն ու ավելացնում, որ մինչեւ երեք չափաբաժին ալկոհոլի օգտագործումը տղամարդկանց համար յուրաքանչյուր օր թույլատրելի է, նույնիսկ`առողջարար, իսկ կանանց դեպքում նախընտրելի է երկու չափաբաժինը:


Գաստրոէնտերոլոգը պարզաբանում  է, որ ալկոհոլի չափաբաժինը որոշվում է խմիչքի համար նախատեսված համապատասխան բաժակով (օղու դեպքում` փոքր, գինու դեպքում` մեծ բաժակներով,-հեղ):

-Նոր տարվա ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ ուտում են` ուտելու համար, ոչ թե սովածության պատճառով,-ասում է Հ. Մանասյանը եւ տեղեկացնում, որ մսեղենը, մրգերը, թխվածքը կարելի է միաժամանակ ուտել, եթե օրգանիզմը զգում է դրա կարիքը: Մասնագետը հորդորում է սնվել ըստ անհրաժեշտության` առողջական խնդիրներից խուսափելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը տոնական օրերին խորհուրդ է տալիս կիրառել առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առողջ սնուցման 12 պարզ սկզբունքները` անհարմարություններից խուսափելու համար:

Ն. Կիրակոսյան

Դիտումներ՝ 6

Մեկնաբանել

comments