Հաց բերողին սպանեց ռեժիմը

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվանից րոպեներ հետո ամբողջ սոցիալական ցանցը ողողվեց մեկ արտահայտությամբ. նրան սպանեց իշխանությունը: Սա պատկերավոր արտահայտություն չէ, այլ օբյեկտիվ հիմքեր ունեցող կոնկրետ գնահատական:

Արթուր Սարգսյանի կալանավորման պատմությունը, անհեթեթ մեղադրանքները, հիվանդ մարդու հանդեպ իրավասու կառույցների դրսեւորած վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերը դետալ առ դետալ փաստում են, որ նրա մահվան հիմնական պատասխանատուն իշխող ռեժիմն է՝ իր պարագլուխներով: Այդ պարագլուխներից ոմանք հիմա կեղծավորաբար ցավակցություններ են հղում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, վշտակցում նրա ընտանիքին ու հարազատներին, ափսոսում ցավալի կորուստը. սա ցինիկության գագաթնակետն է:

Հաց բերողն առաջին կալանավորումից հետո ազատ արձակվեց այն պատճառով, որ նրա առողջական վիճակն անհամատեղելի էր կալանավայրում գտնվելու, բանտախցային պայմանների հետ: Սա գիտակցելով՝ իշխանությունը շատ կարճ ժամանակ անց նրան էլի կալանավորեց, ընդ որում՝ ամենաաբսուրդ, որեւէ տրամաբանության չենթարկվող մեղադրանքներ ներկայացնելով:

Արթուր Սարգսյանի առողջական վիճակն օր օրի վատանում էր, բայց ռեժիմը շարունակում էր նրան փակի տակ պահել: Նրան երկրորդ անգամ ազատ արձակեցին, երբ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այն էլ՝ Աժ պատգամավորների դիմումից հետո, գրավի դիմաց:

Արթուր Սարգսյանի փաստաբաններն ամիսներով ահազանգում էին նրա առողջական խնդիրների, ծայրահեղ ծանր վիճակի մասին. իշխանությունն անտեսում էր այդ ահազանգերը, խոչընդոտներ ստեղծում համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Ու սա անում էր գիտակցված:

Իշխանությունը փակի տակ էր պահում ու վրեժ լուծում Արթուր Սարգսյանից, որն իր արարքով, հետագա պահվածքով մարդասիրության, բարոյականության, անձնազոհության, քաղաքացիական արիության, արդարության ընկալման, պայքարի հաստատակամության դասեր էր տվել հասարակությանը եւ իշխանությանը: Այս հատկանիշները խորթ են իշխանությանը, այդ հատկանիշներով օժտված մարդիկ թշնամի են իշխանության համար. ռեժիմը նմաններին հետապնդում է, ահաբեկում, նստացնում, սպանում: Իշխանությունը վախենում է, սարսափում Հաց բերողի տեսակից:

ՀՀ Քննչական կոմիտեն թույլ է տվել, որ Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը մասնակցի նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարմանը: Փորձաքննությունը պարզելու է նրա մահվան հանգամանքներն ու պատճառները:

Ինչ էլ որ պարզի դատաբժշկական փորձաքննությունը, բժշկական ինչ տերմիններ էլ օգտագործվի ու եզրակացություններ ներկայացվի, Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներն ու պատճառները առավել քան պարզ են. նրան սպանեց ռեժիմը:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 38

Մեկնաբանել

comments