Լրջանալու մոմենտը-24

Որքան գցում-բռնում եմ, էվոլյուցիոնիստական տեսանկյունից (ճիշտն ասած, դա իմ կինոն չէ, բայց, քանի որ բազմաթիվ հարգելի մարդիկ ու ընտրությունների գնացող կուսակցություններ այդ են համարում մեթոդ, գրեմ) երկրում փոփոխությունների հիմքը պիտի լինի քաղաքացու ձեւավորումը: Շատ ընդհանուր միտք չկրկնելու համար, ասեմ, թե ինչ եմ հասկանում սրա տակ, մանավանդ այդ մասին շատ ու բազմազան է խոսվել, ես էլ եմ շատ գրել ու խոսել այս մասին:

Կրթության համակարգը պիտի կատարելապես բարեփոխել, էդ «բարեփոխել» ու «ռեֆորմ» բառերից գիտեմ, թե ինչ ալերգիա կա, զի իշխանությունը բարեհաջող է բռնաբարել էդ բառերը, բայց համբերեք:

Կրթության երեք հարկերը (մանկապարտեզ, դպրոց/քելեջ, քոլեջ/բուհ, դասակարգումը կարող է վիճելի լինել, բայց հասկացաք) պիտի հականեխել չորս չարիքից.

1. Քաղաքական կոռուպցիա.
Երբ կրթական համակարգի կուսակցականացվածությունը, այդ պահի գործող իշխանությունների հանդեպ ստորաքարշությունը. կառավարման մարմինների կամակատարությունը/անգործությունը կրթական համակարգը ուղղակի հեռացնում է իր առաքելությունից, այդ համակարգը դարձնում է տիրող բարքերի սնուցող եւ վերարտադրող, տիրող բարքերում էլ ավտորիտար ռեժիմն է վերընձյուղվում ու բարգավաճում: Կրթական համակարգը սրանք իրենց կադրերի դարբնոց են սարքել: Ով հակառակվում է, էն օյինն են դնում վրան, գլուխն առնում փախնում է: Կրթության համակարգի աշխատողները չպիտի լինեն ընտրությունների կազմակերպման մեքենայի մաս, գործող պետական պաշտոնյաների պատկերներ չպիտի լինեն կրթական համակարգի շենքերի պատերին ճպպցրած, քաղկեդոնական տաճարներ չեն դրանք, մնում է նկարների տակ ամեն առավոտ աղոթեն:

2. Տնտեսական կոռուպցիա.
Սա իհարկե ուղիղ կապուկախման մեջ է քաղաքական կոռուպցիայից, բայց վստահ չեմ, թե քաղաքական կոռուպցիան վերացնելով սա էլ կվերանա: Օրենսդրությամբ չսահմանված դրամահավաքներից սկսած, մինչեւ փողով/մաղարիչով/ծաղկեփնջով գնահատական դնելը պիտի վերանան, պիտի վերացվեն աշակերտաց վրա էս կամ էն պիտույքը (համազգեստ, տետր, գիրք, գրիչ, նախաճաշ եւ այլն) ծախելու ու սրա, նրա, հաճախ՝ պետական կամ համայնքային պաշտոնյայի բիզնեսը երեխաների ու ուսանողների հաշվին աճեցնելու տափուկ ռազմավարությունը պիտի վերացվի: Իսկ ավելի վեր ավելի դաժան է: Պետական ահռելի վարկեր ու պարտքեր են ստացվել տարիներ շարունակ կրթական համակարգի, մասնավորաբար՝ դպրոցների բովանդակային ու նյութական բարեփոխման համար, արդյունքը՝ կիսավեր դպրոցներ, կիսակրթություն, հիստերիկ, հորմոնալ դիսբալանսով ալֆա-էգ/որձ տնօրեներ եւ այլն, եւ այլն: (ԶԼՄ-ները ու հատկապես «Հետք» հետաքննող լրագրողների կայքը լիքն են այս ոլորտի չարաշահումների մասին հրապարակումներով, ոչ մի հոդաբաշխ պատասխան չկա, բոլոր պատասխանատուները կարուսելի մասնագետ են եղել նախորդ կյանքերում: Վերջերս էլ լուր եղավ, որ 2014 թվին 18 մլն դոլար վարկ են վերցրել 17 ավագ դպրոցի նորոգման համար, ու հիմա պարզվել է, որ 18 մլն դոլար … պակասում է գործը գլուխ հանելու համար: Երեւի չհասկացաք, է ով է հասկանում, որ դուք հասկանաք, գներն են աճել, ասում են, աշխատանքի ծավալներն են մեծացել, իմացար … ): Էս այլանդակությանը արմատապես պիտի վերացվի, ուտողներն էլ պիտի հաշիվ տան դատարանում:

3. Տգիտությունը.
Կրթության համակարգը պիտի դառնա կրթվելու տեղ, գիտելիք եւ գիտելիքահեն պրակտիկա, առաջավորը, արդյունավետը, իմաստունը պիտի սնուցվի ոչ թե քարթուն, անպիտանը եւ անիմաստը: Սա ոչ մի կերպ չի հակասում լավ ապրող մարդկանց երկրների փորձին: Թվում է, թե այն ամենահեշտն է, որ կարելի էր ունենալ կրթական համակարգում, բայց չունենք, մի կերպ ձգած, թքած-կպցրած, ֆանտոմ խելացիներով ու լայնատարած ճենճով: Բացառիկները հետո գնում դրսերում կրթվում, մնում են այնտեղ ու պրծ: Ու էս հասարակը տեղի չի ունենում, քաղաքական եւ տնտեսական կոռուպցիաների ու կեղծավորության պատճառով, ինչպե՞ս կարող է կրթության համակարգը մարդկանց արդյունավետ կերպով գիտելիք տալ, երբ պիտի ահագին ջանք ու ժամանակ հատկացնի կուսակցական քարոզի, քաղաքական վարչակարգին, այս կամ այն մարզպետի կամ նախարարի քիթումռքով գնալու համար: Երբ դպրոցում որակյալ ու պահանջված գիտելիք տան, տեսնեմ քանի կրկնուսույց կմնա…:

4. Կեղծավորությունը.
Ազգային զուլում: Սա մի կծիկ է, որ կար դեռ հնուց, գուցե Գրիգոր Կործանիչի ժամանակներից. կրոնակոխությունը, զգացմունքայնությունը, հարմարվողականությունը, քաղքենիությունը, ձեւականությունը, մոլեռանդ պահպանողականությունը, բազմահարկ բուլինգը/մոբինգը, այն ամենը, ինչ կրթության հետ կապ չպիտի ունենար, եկել բույն է դրել էն խորությամբ, որ շատ պարարտ հող է դարձել վերը բերած չարիքների համար: Հասկանալով հանդերձ, որ գրեթե ամենուր է կրթության համակարգը պահպանողական, անհնար է այլեւս հանդուրժել էս ճահիճը: Անօրինական ուղղաձիգ հրահանգավարումը պիտի վերացվի. այս հագեք, այն մի հագեք, էս միջոցառումը այստեղ արեք, այն մեկը մի արեք, «…էսինչ քաղաքական ուժի սատարման հանրահավաք է, շարքով գնում եք՝ սատարեք, ով չգնաց, ռադ կլինի կրթական համակարգից», «հմի ախալքալակցիներին քսի կտամ վրեքդ», մանկապարտեզներում երեխաներին աղոթել տալու, մի թեկնածուներով ընտրությունների կարգի տավարությունները պիտի այնպես արմատախիլ արվեն, որ այդ ամենը մասին հիշվի որպես ազգային ինցեստ:

Կարող եմ ամիսներով գրել Հայաստանի կրթական համակարգի լլկվածության մասին, փորձագետները 10 անգամ ավելին կասեն, գուցե չարիքների այլ խմբավորում կտան, ինձ խիստ չդատեք, այս է հասկացածս՝ 26 տարիների ընթացքում այս ոլորտին մոտիկ լինելուց հետո: Ինձ մեր կրթության համակարգը ռեժիմի վերարտադրման ինկուբատոր է հիշեցնում հաճախ, էն հասարակությունը, որ աճում է մեր մանկապարտեզում/դպրոցում/բուհում, մեծանում, դառնում է ընտրազանգված, նույնն է բոլոր ավտորիտար համակարգերում, այնինչ, պիտի քաղաքացիներ աճեին մանկուց ու նրանց հնարավոր չէր լինի 5000 դրամով քշել տեղամասեր: Գիտեմ, որ հավի-ձվի պատմության պես մի բան է սա էլ, մինչեւ չփոխվի իշխանությունը, ու չգա այս ամենը ու մի հարյուր անգամ ավելին հասկացողը, չենք ունենալու այս արատների վերացում, ուրեմն չենք ունենա նաեւ քաղաքացի մեծացնող կրթական համակարգ: Բացառությունները շատ մանր են այստեղ քննարկվելու համար:

Իշխանություններին այս ամենը քաջ հայտնի է, փոխել չեն ուզում եւ ոչ թե չեն կարող, որովհետեւ հողը կփախնի ոտների տակից: Շանս ունեցել են կարգի բերելու, չեն արել, վարի են տվել համակարգը, սրանց հետ խոսելու բան չկա: Այս օրերին լսում եմ տարբեր քաղաքական ուժերի խոսքը, մտքերը, ու հազվագյուտներն են, որոնք շեշտում են այս խնդիրները, գուցե ավելին գիտեն, ավելի են մտահոգված, բայց չեն խոսում, մտածում են՝ պոպուլյար թեմա չէ, դե ժամանակ չծախսեն, այնինչ՝ լրջանալու մոմենտն է, եթե արդեն չի անցել:

Լեւոն Բարսեղյան

Դիտումներ՝ 44

Մեկնաբանել

comments