Լրջանալու մոմենտը-16

Կրթական համակարգը զավթիչ, ավտորիտար ռեժիմների հիմնական հենարաններից է: Հայաստանում մարդը մինչեւ կյանք մտնելը մոտ 20 տարի՝ մանկապարտեզ-դպրոց-բուհ, անցնում է էդ մսաղացով: Մսաղաց եմ ասում, որովհետեւ այդ համակարգը պիտի գիտելիքի սնուցման համակարգ լիներ, եւ ոչ թե էմոցիաների ու, մանավանդ, քաղաքական տաշվածքի հոսքագիծ, երբ երեխան, ծնողը, մանկավարժը ամեն ելումուտին ինչ-որ պաշտոնյայի ու կուսակցության առաջնորդի պատկեր են տեսնում ամենատպավորիչ տեղում ճպպցրած, երբ ամեն անգամ ընտրությունների եւ քաղաքական այլ սրացումների միջոցներին այդ համակարգում այլանդակ գլուխլվա է սկսվում, աշակերտի, ուսանողի, ծնողների, աշխատակազմի, էդ հիմնարկներում սնունդ ծախողների եւ այլ մատակարարների ուղեղներիի այնպիսի տաշվածք, որ դրան դիմագրավելու համար պտի անմեղսունակության բավարար սիմուլիացիա անել իմանալ, որ իրենց գլուխն էլ չպոկեն վրեքից՝ տեղը թավա տնկեն: Հլը փորձվի մեկը լեզու դարձնի, ասի՝ էդ ի՞նչ են արել էդ ձեր պաշտամունքային կուռքերը մեզ ու երկրի համար, որ պտի աղոթենք իրենց նկարի, լոզունգների ու խրոխտ հայացների ներքո՝ կտան, աչքը կհանեն, կշինեն ճերմակ ագռավ, կարող է խարույկ էլ հանեն դպրոցի բակում, էդ 50-80 հազար դրամանոց ռոճիկից էլ կզրկվեն, լիքը հերթեր են դռանը, տարբեր համայնքներում 100-2500 դոլար են առաջարկում 150 դոլարանոց ռոճիկով աշխատանք ստանալու համար, արհմիություն ու դատարան էլ չկա, որ մեկը ասի՝ ես իմ կոլեկտիվը չեմ տանում միակ-անկրկնելի քաղաքական գործչի միտինգին՝ չկարողանան գործից հանել:

հանրահավաք

Ճենճոտ տոներին էլ երկիր ուտողներին հյուր են ընդունում, քյորփեքին դարձնում խեղկատակներ, աննննննննննննասուն ոտանավորներ ու ելույթներ են դնում բերանները, հանում ցուցք են սարքում, որ սապոնը քչություն չանի: Ստոկհոլմի սինդրոմը այստեղ գենետիկական մակարդակ է ներարկվել. Հայաստանի դպրոցերի տնօրենների 70 տոկոսը 2012-ին արդեն հանրապետական էր, նրանց կեսը հանրապետական էին դառել ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդած 6 ամիսների ընթացքում: Ո՞վ է տարակուսում, որ, եթե Հայաստանում իշխանությունը Կամբոջայից եկած կարմիր կխմերները զավթեն, այդ տնօրենները այդ կուսակցությանը կանդամագրվեին, մանկավարժներին էլ նույնն անել կտան: Հիմա, մի քանի դպրոցների տնօրեններին փոխում են դաշնակցականներով, զի ՀՅԴ-ն գործող ռեժիմի սերտ, հավատարիմ, ամենահարմարվող, ամենահակահեղափոխական գործընկերն է:

հանրահավաք

Սրա հետ մեկտեղ կրթական համակարգը հանրային փողեր լափելու լայն մի ինդուստրիա է, շինարարություն, նորոգում, ընթացիկ ծախսեր, դասագրքեր, մաման պայթի՝ դասագրքեեեր, մատյանները էս մատակարարից, տետրերն՝ էս տեսակ գծած՝ միայն էն մատակարարից, գրիչը, օլրագիրը, քանոնը, … , այս ամբողջ արտադրատնտեսական համակարգը՝ ավտորիտար կառավարման խրոխտ աչքի ներքո, ոչ մի դրամ չպիտի շարժվի այս համակարգում առանց մասհանման:

հանրահավաք

հանրահավաքԿապ չունի կոնկրետ ով է իշխանություն ու ով է նախարար, իշխանության զավթման ռեժիմներում զավթիչները փայլուն գիտեն, որ քաղաքացուն պտի քյորփուց ոչնչացնել, դարձնել, ընտրիչ, քվեաթերթիկը ասածով ծալող, տուփը գցող, իրենց հավայան պառադներին եկող, պաստառ բռնող, ժպտացող, ծափահարող, ասմունքող, լիզող, եւ անում են, սա ռեժիմի եւ իշխանության վերարտադրման մեխանիկայի մի կարեւոր բաղադրիչն է: Սրանից հրաժարվելը, բուհերի եւ դպրոցների կառավարման համակարգերը պետական պաշտոնյաներից ու կրթության հետ բացարձակ կապ չունեցող քաղծառայողներից ու համայնքային ծառայողներից ազատելը համարյա իշխանությունը հանձնել է նշանակում: Հայաստանի բոլոր դպրոցներում մոտավորապես 4.000 պետական պաշտոնյա ու քաղծառայող կա, որոնց միակ կապը դպրոցների հետ դրանց կառավարման խորհրդում լինելն է, Հայաստանի բոլոր դպրոցներում մոտավորապես 1.500 համայնքային ծառայող կա, որոնց միակ կապը կրթությանը էլի նույն դպրոցական խորհուրդներում նշանակվելիս է սկսվել: Այդ 5.500 հոգու մեծ մասը արձանի նման գնում, նստում է կառավարման խորհուրդների նիստերին, տնօրեը ինչ դեմ տա՝ ձեռք է բարձրացնում, ոչ խորանում է, ոչ էլ պետք է իրեն, դե, եթե տնօրենն է բերել ու՝ հանրապետական տնօրենը, քննարկման, փոփոխման, վերանայման ենթակա չէ: Հարցնես՝ որքան է դպրոցի բյուջեն, կհարցնի՝ բյուջեն ինչ է …: Մի քանի տասնյակ միլիոն դոլար վարկ է Հայաստանի իշխանությունը պոկել տարբեր բանկերից կրթության համակարգը բարեփոխելու, այն որակյալ, դարձնելու, համակարգում ժողովրդական կառավարում սահմանելու համար: Դառել է՞, տնօրեններն են ինտեգրվել քաղաքականությանը եւ պաշտպանում են կուսակցության կարմիր գիծը՝ այդ պահի գերագույն իշխանավորի պատկերը իրենց գլխավերում ու դպրոցի նախասրահում, ահա սրանց բարեփոխումը: Վարկերը իրենց մեծացրած աշակերտները պիտի փակեն, բա հո իշխանությունը չպիտի փակի:

հանրահավաք

Մի քանի անգամ աառաջարկել ենք օրենքով սահմանափակել դպրոցների տնօրենների/տեղակալների/մանկավարժների մասնակցությունը ընտրություններին որպես հանձնաժողովականներ, մանավանդ, այս կամ այն կուսակցության կողմից նշանակված: Էդ առաջարկը իշխանությունները անձնական վիրավորանքի պես են ընկալում, սկսում են լալ ու ողբալ, թե մարդու իրավունքները կխախտվեն, մթոմ, երբ տնօրենը կեղծարարության ավանգարդ է դառնում, մարդու իրավունքները լրջորեն պաշտպանվում են, մենք էլ ուզում ենք խաթարել էդ սրբազան գործը: Պետական բուհերի կառավարման խորհուրդների անդամների կեսը այդ բուհի եւ կրթության հետ կապ չունեցող պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ավելի շուտ սեռափոխ կլինեն, քան թե կհրաժարվեն այդ վարչական ռեսուրսից: Ավտորիտար համակարգերում չեն կարող լինել միայն ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի ընտրյալներով կառավարվող ԲՈՒՀ-եր, դա ուրիշ երկրների համար է, հոտած կապիտալիստական երկրների համար, մեզ մոտ չի կարելի, դա նույնն է, որ Գալուստ Ոսկեբերանը իր մի ձեռը կտրի եւ խնամքով կարի աջ ոտի ձախ կողմը …

հանրահավաք

Տեսնես քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում ինչ են երազում էս լրջանալու մոմենտով: Եթե անգամ արժեքավոր բաներ գրած լինեն, ու դառնան իշխանություն, տեսնես հիշելո՞ւ են գրածները:

Խնդրում եմ բացառություններով չհակաճառել գրածիս, բացառությունները բոլորից լավ գիտեմ, դրանց, ավաղ, եղանակ չեն ստեղծում, դրանք հետզհետեւ նահանջում ու լուծվում են ընդհանուր ցեխի մեջ:

հանրահավաք

 

Լեւոն Բարսեղյան

Լուսանկարները`
15.02.2008 թ. Գյումրու թատերական հրապարակում Ս.Սարգսյանի քարոզարշավի հանրահավաքից: Աշխատաժամին այստեղ էին բերվել Գյումրու գրեթե բոլոր դպրոցների կոլեկտիվները, բարձրդասարանցիները, բուհերի աշխատակազմերը եւ ուսանողները:

Դիտումներ՝ 30

Մեկնաբանել

comments