«Ժողովուրդը պետք է ապրիլի 2-ից դուրս գա փողոց, եթե ուզում է փոփոխություն»

«Ասպարեզի» զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:

-Տիկին Սիմոնյան, որքանո՞վ եք կարեւորում առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպիսին է Ձեր վերաբերմունքը ընտրություններին մասնակցող դաշինքների նկատմամբ:

-Մենք ներկայացրել ենք 4 կարեւորագույն հարց, որից եւ կախված կլինի մեր վերաբերմունքը, որեւէ ուժի նկատմամբ: Այդ հարցերն են 1) հստակ դիրքորոշում հանցագործ իշխանության վերաբերյալ, 2) հստակ դիրքորոշում ինքնիշխանության եւ ապագաղութացման վերաբերյալ, 3) հստակ դիրքորոշում Արցախի վերաբերյալ եւ նաեւ՝ 4) հստակ դիրքորոշում քաղբանտարկյալների, եւ հատկապես՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության վերաբերյալ: Այս 4 հարցերի բավարարման դեպքում նաեւ հարց է առաջանում, թե ինչ է անելու այս կամ այն ուժը, եթե տեսնի, որ ընտրությունները կեղծվեցին: Արդյո՞ք բավարարվելու է մի քանի մանդատով, թե՞ դուրս է գալու փողոց եւ կոչ անի ընդվզման, իսկ ընդվզման դեպքում մենք առաջարկել ենք ստեղծել Ժողովրդի վստահության կառավարություն:

Գյումրի

Մեր դիրքորոշման համաձայն՝ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական եւ հասարակական միավորումների լայն մասնակցությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի կողմից անհատական ու կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքներով, ոլորտային եւ տարածքային կառավարման համար պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ։ Այսինքն այդ կառավարությունում հստակ հնչելու է ժողովրդի ձայնը եւ կամքը: Մինչդեռ այս պահանջին հակադրվելով, գործող իշխանությունն օգոստոսից սկսած սկսեց խոստումներ տալ Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու իր պատրաստակամության մասին, որը շփոթություն առաջացրեց շատերի մոտ, որ դա նույն բանն է: Դրանք տարբեր գաղափարներ են, տարբեր բովանդակությամբ:

Ինչպես գիտենք իշխող վարչախումբը ընդամենը գաղութային ռեժիմ է, եւ ծառայում է Ռուսաստանի շահերին: Գաղութային վարչակազմի պայմաններում շատ ենք ասել, որ հնարավոր չէ լիարժեք ու արդար ընտրություններ իրականացնել, քանի որ ամեն ինչ կախված է գաղութատիրոջ ցանկությունից: Նրա հետ է վարչախումբը համաձայնեցնում խորհրդարան անցնող ուժերի ցուցակը եւ արդյունքում խորհրդարան են անցնում գաղութատիրոջը ծառայող եւ նրա քիմքին հաճելի ուժեր, այսինքն նրանք, ովքեր ազգային շահը ստորադասում են գաղութատիրոջ շահերին, եւ գործում են նրա թելադրանքով: Ուստի ստացվում է, որ խորհրդարանում հիմնականում եւ մեծամասամբ հայտնվում են ուժեր, որոնք չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը, եւ այդպիսի ընտրությունը  չի կարող լեգիտիմ լինել, քանի որ չի արտահայտում ժողովրդի կամքը: Իսկ այդ կամքը հաշվի չառնելու բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն քրեաօլիգարխիկ ոստիկանապետությունում: Այսպիսով ստացվում է, որ ժողովրդի կամքը չարտահայտող խորհրդարանը չի կարող ստեղծել Ազգային համաձայնության կառավարություն: Դա Սերժ Սարգսյանի ռեժիմի մեծագույն բլեֆներից մեկն է, որը նա խոստացել է գործի դնել ապրիլյան ընտրություններից հետո եւ դրա արդյունքում: Այնպես որ, այս ընտրությունը կարեւոր է միայն  նրանով, որ կրկին կվերահաստատվի այն, ինչ ասում են «Սասնա ծռեր»-ը, եւ այսքան տարի ասում էինք մենք: Իհարկե, ցավալի է, որ կրկին հիասթափություններ կլինեն, եւ տեղի կունենան ընդամենը Ալոների ու Բլոների տեղափոխություն ու տեղատվություն: Հուսամ, որ մինչ այժմ ընտրությունների հետ իրենց ապագան կապող ժողովրդի մի ստվար հատված կրկին կհասկանա, թե իրական ելքը որն է: Իսկ ելքը մեկն է՝ ժողովրդական ընդվզում եւ Ժողովրդի վստահության կառավարության ստեղծում: Ժողովուրդը պետք է ապրիլի երկուսից դուրս գա փողոց, եթե ուզում է իր կյանքում փոփոխություն լինի: Ինչպես Վարուժան Ավետիսյանն է ասում բանտից.«Վտանգը Հաղթանակի գիծն է»: Անցանք այդ վտանգը, ուրեմն հաղթած ենք:

-Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը:

-Հիացած չեմ: Կեղծ շոուներ են ընդամենը: Այն վայրերում, որտեղ հավաքները կազմակերպված չեն, ու ժողովրդին պարտադրաբար չեն բերել, որպեսզի դահլիճ կամ հրապարակ լցնեն, քաղաքացիների քանակը շատ քիչ է: Հավաքվածները երբեմն ավելի քիչ են, քան նախընտրական քարոզչություն իրականացնող թափորը: Սա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրված չեն գաղափար կամ խոստում լսելու եւ ընդամենը գնում են այնտեղ, որտեղ ընտրակաշառք ստանալու հույս կա:

-Ունի՞ արդյոք իշխանությունն առավելություններ ընդդիմության հանդեպ կամ հակառակը:

-Իհարկե, ունի: Ողջ ռեսուրսը իշխանության ձեռքին է: Բանակ, ոստիկանություն, օլիգարխների բիզնեսներում աշխատողներ, պետական ծառայողներ, կալանավորներ եւ նաեւ ընչազուրկ եւ անապահովների հզոր բանակ: Վերջինս անթաքույց սպասում է ընտրակաշաքի եւ գտնվում է ռեժիմից կախման մեջ նաեւ նպաստների եւ օգնությունների տեսքով: Իսկ վերը նշածս մյուս խավերը, անկասկած, իրենց աշխատանքը չկորցնելու, գոյատեւման աղբյուրից չզրկվելու համար իրենց ընտանիքների հետ միասին ընտրելու են նրանց, ում հրահանգվի: Սրան գումարվում է ուժային ռեսուրսը եւ ամենակարեւորը՝ նյութական միջոցները: Չէ՞ որ հիմնականում նրանց ձեռքում են կենտրոնացած հզոր ֆինանսական աղբյուրները: Իսկ ՀՀԿ-ի արբանյակները ՀՀԿ-ի հետ միասին ընդամենը խաղում են ՀՀԿ-ի պարագլխի պարը, որն ինձ հիշեցնում է Սիլոյի պարը, իր ծափ-ծափ-ծափով:

Գյումրի

-Ինչպիսի՞ նմանություններ եւ տարբերություններ եք տեսնում իշխանության եւ ընդդիմության միջեւ:

-ՀՀԿ-ական արբանյակները նույն մորից, բայց տարատեսակ հայրերից ծնված ուժերն են, ու շատ իրար նման: Դրանք եւ՛ իշխանության մեջ են եւ՛ ընդդիմության: Նրանք բոլորը վարժ են մեկ գործում՝ ինչպես խաբել ժողովրդին:

-Ողջունելի՞ էր արդյոք «Հաց բերող»-ի ազատ արձակումը:

-Ոչ թե ողջունելի էր, այլ պարտադիր էր նրա ազատումը: Շատ ենք խոսել այդ մասին: Արթուրին ոչ թե ձերբակալել, այլ «Ավրորա» մրցանակի է պետք արժանացնել: Ու դրա մասին պետք է մտածի մեր հանրությունը եւ բարձրաձայնի: Դա շատ կարեւոր քայլ կլինի մեր արժեքները վերագտնելու ճանապարհին: Ասում եմ, սակայն իհարկե գիտեմ, որ դա տեղի չի ունենալու: Բայց Արթուրի ֆենոմենն ու լեգենդը բերնեբերան է անցնելու դարերով, իսկ ժողովրդի հաղթանակի դեպքում նա արժանանալու է բարձրագույն մրցանակի, չնայած չգիտեմ թե ինչ ձեւով: Օրինակ ես կուզեի, որ իմ «Հաց բերող» ընկերոջ անունով որեւէ մոլորակ անվանվեր: Պատկերացնու՞մ եք՝ «Հաց բերող»-ի մոլորակ:

Ս.Սիմոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 942

Մեկնաբանել

comments