Պատմաբան.«Սումգայիթյան ջարդերից դասեր չենք քաղել»

1988 թվականի փետրվարի 27-29-ը ադրբեջանական իշխանությունների կողմից  Սումգայիթում կազմակերպված հայ ազգաբնակչության զանգվածային ջարդը նպատակ էր հետապնդում վերջ տալ Արցախյան շարժմանը:

ՍումգայիթԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը տեղի ունեցած դեպքերից մեկ օր առաջ՝ փետրվարի 26-ին, հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն կապելով ԼՂԻՄ-ը հայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սումգայիթում ծրագրավորված  ջարդերից առաջ սուտ լուրեր էին տարածվել, իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին եւ թալանում նրանց ունեցվածքը։ ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսեւի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակվել էր Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ջարդերից առաջ ցուցակագրվել էին Սումգայիթում հայերի բնակարանները, նաեւ անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, չեն գործել շտապ օգնության ծառայությունները:

Խորհրդային միության պաշտոնական տվյալներով՝ ջարդերի հետեւանքով սպանվեց մի քանի տասնյակ հայ, իսկ ոչ պաշտոնական  տվյալներով՝ զոհերի թիվը հազարից ավել է, իսկ մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել են: Այդ դեպքերից հետո շուրջ 18.000 հայ փախստական դարձավ:

Սումգայիթում սպանված հայերի ճշգրիտ թիվը մինչ օրս էլ պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել էր, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»:

Կազմակերպված ջարդերի  ընթացքում թալանվեցին բնակարաններ, կողոպտվեցին  խանութներ եւ կրպակներ, արհեստանոցներ, նաեւ հասարակական նշանակության օբյեկտներ։

Խորհրդային զորքերը Սումգայիթ մտել են փետրվարի 29-ին, իսկ տեղի ունեցող ջարդերը կանխել միայն այդ օրը երեկոյան։

Պատասխանատվության ենթարկվեց ջարդարարներից 94 մարդ, նրանցից միայն մեկի հանդեպ մահապատժի դատավճիռ կայացվեց։ Մյուսներին ներկայացվեցին սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի, նաեւ այլ մեղադրանքներ:

Գևորգ ՄելքոնյանՊատմաբան Գեւորգ Մելքոնյանն, «Ասպարեզի» հետ զրույցում անդրադառնալով Սումգայիթյան ջարդերին, նշում է.

«Ասել, թե Սումգայիթում տեղի ունեցածը լրիվ անսպասելի էր, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դեռեւս Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունից մենք տեղյակ ենք, թե Արցախի նկատմամբ ինչպիսի տարածքային հավակնություններ ուներ Ադրբեջանը: Հետեւաբար, սպասել, որ 1988 թվականին այն կփոխեր իր դիրքորոշումը եւ կհամաձայնվեր առանց պատերազմի Արցախի միավորմանը Հայաստանին, իհարկե, ռոմանտիկայի ժանրից էր: Ուստի ակնհայտ էր, որ Արցախյան շարժման դեմ Ադրբեջանը պետք է պատասխաներ կտրուկ եւ կոշտ միջոցներով, ինչպես եւ եղավ Սումգայիթում: Հետեւաբար, Արցախյան շարժմանը զուգահեռ պետք էր կազմակերպել Ադրբեջանի տարածքում բնակող հայության անվտանգությունը բոլոր հնարավոր միջոցներով»:

Ըստ պատմաբանի՝ եթե խնդրին մոտենանք գլոբալ առումով, ապա կարող ենք ասել, որ մեծ հաշվով մեր պատմությունից եւ ողբերգություններից դասեր չենք քաղել:

Սումգայիթ«Արցախյան կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով մեր դիրքորոշումը մի փոքր այլ է: Եւ անվստահությունը՝ մեր արեւելյան հարեւանների նկատմամբ, 1990-ական թվականներից սկսած գնալով ավելի է մեծանում մեր հասարակությունում՝ իհարկե, պայմանավորված վերջին շրջանում իրավիճակի կտրուկ փոփոխությամբ»:

Գ.Մելքոնյանի մեկնաբանմամբ՝ քանի որ մարդիկ տեսնում են, որ հարեւան երկրում մտածողությունը եւ քաղաքականությունը հայության նկատմամբ դեռեւս Մուսավաթական Ադրբեջանից ոչ միայն չի փոխվել, այլեւ երբեմն ավելի հակահայկական է դարձել, հետեւաբար նման փոխադարձ անվստահության եւ անգամ թշնամանքի մթնոլորտում դժվար է առայժմ խոսել խաղաղ գործընթացների կամ  ղարաբաղյան հիմնախնդիրը բանակցային միջոցով լուծելու մասին:

ՍումգայիթՎերջերս «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը վստահեցրել էր, որ Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ հավաքված փաստագրական նյութը բավարար է, որպեսզի միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի կատարած հանցագործություններն ապացուցվեն:

«3 օր Սումգայիթում անարգել սպանում, կողոպտում, բռնաբարում ու տեղահանում էին հայերին, իսկ սովետական եւ ադրբեջանական իշխանությունները չէին փորձում միջամտել: Սումգայիթը մտածված կազմակերպվել եւ իրականացվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից, իսկ Սովետական միության պետանվտանգության կոմիտեն լուռ համաձայնություն է տվել եւ աջակցել այդ հանցագործության կայացմանը»,-վստահեցրել է նա:

Գ.Մելքոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից, մյուսները՝ www.wikipedia.org-ի

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 46

Մեկնաբանել

comments