Սուդիբեկյանական խորհրդարանի պատկերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է իր դիտարկումները ապագա խորհրդարանի պատկերի մասին: Ըստ նրա, ապրիլին կայանալիք ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանում ներկայացված կլինի 5-7 քաղաքական ուժ։ Նրա մատուցմամբ, խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ՀԱԿ-ը եւ «Հայկական Վերածնունդը»: Եւս երկու կուսակցություն խորհրդարանում կլինեն նշված ուժերից մեկի կամ երկուսի կազմում: Սա ադիբեկյանական պատկերացումն է ապագա խորհրդարանի մասին: Ադիբեկյանական պատկերացումը նշանակում է նաեւ իշխանական պատկերացում:

Որպես սոցիոլոգ` Ահարոն Ադիբեկյանը հանրության մեջ հնարավորինս բացասական ընկալում ունի եւ նրա կարծիքը որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Նեղ մասնագիտական շրջանակների համոզմամբ, Ադիբեկյանը ոչ թե սոցիոլոգ է, այլ սոցիոլոգիայի տնազ, նա իր գործունեությամբ վարկաբեկում է գիտության այդ ուղղությունը: Պատահական չէ, որ հանրության մեջ նա ավելի շատ հայտնի է սուդիբեկյան անվանումով, որը բնութագրում է նրա իրականացրած սոցիոլոգիայի ու վերլուծությունների կեղծ, օբյեկտիվ իրականությունից հեռու բնույթը:

Ադիբեկյան-սուդիբեկյանը բացառապես պատվիրված սոցիոլոգիական հարցումներ ու կանխատեսումներ է անցկացնում ու ներկայացնում: Ով փող է տալիս՝ նրա շահերին համապատասխանող սոցիոլոգիական պատկեր էլ ներկայացնում է: Հիմնականում այդ փողը տալիս է իշխանությունը, նա էլ ահա ներկայացնում է իշխանության, ՀՀԿ-ի պատկերացումներն ու ցանկությունները այս կամ այն հարցի շուրջ: Այսինքն՝ Ադիբեկյանը նախ եւ առաջ պալատական սոցիոլոգ է, եւ նրա շուրթերով բարբառում է իշխանությունը:

Այսպիսով, չնայած Ադիբեկյանի ներկայացրած կանխատեսումները, որպես այդպիսիք, առանձնապես հետաքրքիր չեն, քանի որ հիմնված են պատվերի ու կեղծիքի վրա, չեն ներկայացնում օբյեկտիվ իրականությունը, բայց եւ այնպես, ուշադրության արժանի են այնքանով, որքանով դրա միջոցով կարելի է մոտավոր գաղափար կազմել, թե ինչ է մտածում իշխանությունն այս կամ այն հարցի մասին, ինչ գծագրումներ ունի տվյալ առումով:

Քանի որ բոլոր տեսակի ընտրությունների արդյունքների վրա մեծ դերակատարություն ունեն իշխանության կամքն ու ցանկությունները եւ հիմնականում այդ արդյունքներն համապատասխանում են իշխանությունների ճաշակին ու գծագրած սխեմային, բնականաբար Ադիբեկյանի՝ ընտրություններից առաջ ներկայացրած հարցումների արդյունքները քիչ են տարբերվում այն պատկերից, որն ունենում ենք պաշտոնական թվերն հրապարակելուց հետո:

Իհարկե, կոնկրետ առաջիկա ընտրությունների կանխատեսումների եւ ապագա խորհրդարանում տեղ գրավելիք քաղաքական ուժերի՝ ադիբեկյանական սխեմայի առումով կարելի է ասել, թե նա ներկայացրել է հիմնականում այն ուժերին, որոնք առավել մեծ քաղաքական դերակատարություն ունեն այսօր:Եւ ոչ միայն այսօր, այլեւ վերջին տարիներին: Հայաստանյան քաղաքական անցուդարձի ու առօրյայի առումով նրա ներկայացրած ցանկում առանձնապես նորություններ ու սենսացիաներ չկան:

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պահով՝ որպես իշխանական կուսակցություններ, ամեն ինչ պարզ է: ԲՀԿ-ն Ծառուկյան դաշինքն է, որը կազմավորման փուլում է: Վերածնված ՕԵԿ-ը իշխանության քիմքին համապատասխանող «ընդդիմություն» է, որին Սերժ Սարգսյանը միշտ կուզենա տեսնել խորհրդարանում: Կոնգրեսն ունի իր կողմնակիցների ու համախոհների կայուն բանակը, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի ու հետեւորդների շնորհիվ: Բացի այդ, ՀԱԿ-ը ինչ-որ տեղ արմատականության կրողն է, իսկ ապագա խորհրդարանում նաեւ դա է պետք:

Ադիբեկյանի ցուցակից բացակայում է Սեյրան Օհանյանի դաշինքի անունը: Մամուլում տեղեկություններ կան, որ նա բանակցություններ է վարում Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ՝ նրանց հետ դաշինք կազմելու հարցի շուրջ: Ծառուկյանի պահով Սեյրան Օհանյանը տեղեկությունը հաստատել է:

Ադիբեկյանի ցուցակից բացակայում է նաեւ «Ելք» դաշինքը: Ամենայն հավանականությամբ, նոր ձեւավորված այդ ուժը իշխանության քիմքին ու ճաշակին չի համապատասխանում:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 56

Մեկնաբանել

comments