Միջավայրի անփոփոխ վիճակը՝ սթրեսի պատճառ

Որո՞նք են սթրեսի առաջացման հիմնական պատճառները: Ի վիճակի՞ է մարդն ինքնուրույն վերացնել այդ բոլոր պատճառներն ու ձերբազատվել դրանցից: Ո՞ր դեպքում են մարդիկ հաճախ հայտնվում սթրեսային իրավիճակում, ինչի՞ է հանգեցնում երկարատեւ սթրեսը եւ ի՞նչ է խորհուրդ տալիս հոգեբանը:
Հարցերին պատասխանում է հոգեբան Սոֆիա Հովսեփյանը:
-Սթրեսի առաջացման հիմնական պատճառները արտաքին ազդակներն են, որոնք առաջացնում են հուզական գերլարվածության հետեւանքով: Սթրեսը կարող է առաջանալ աշխատանքի գերլարվածությունից, ստիպված կամ հարկադրված գործողությունների կատարումից, ցանկացած բացասական ինֆորմացիայից, նաեւ ինֆորմացիայի բացակայությունից: Երբեմն կարող են դառնալ նպաստավոր դրական ուժ, իսկ առավել հաճախ վերածվում են ծանր հոգեկան, հուզական, ֆիզիկական ճնշման:
Սթրեսը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն երիտասարդների մոտ առավել հեշտ է հաղթահարվում՝ ելնելով իրենց առօրյայից, իսկ տարեցների մոտ առավել խորքային է դառնում: Կա տարածված տեսակետ, որ սթրեսը կարող են բուժել ինքնուրույն կամ առանց մասնագետի միջամտության, սակայն դա կարող է լինել ավելի վտանգավոր եւ վերածվել խորքային խնդրի, ուստի կա անհրաժեշտություն անմիջապես դիմելու մասնագետի: Սակայն, ելնելով մեր մշակույթից, հազվադեպ են սթրեսի դեպքում դիմում մասնագետների, ուստի, եթե չեն ցանկանում դիմել, ապա պետք է առօրյան լցնեն դրական հույզերով, հաճելի զբաղվածությամբ, ինչպես նաեւ լինեն մտերիմների ու հարազատ միջավայրում:
Ցանկացած հասարակությունում մարդը կարող է ենթարկվել սթրեսի, սակայն այնտեղ, որտեղ կա տարածված բացասական գործոններ, ոչ նպաստավոր պայմաններ ու մարդը իրեն գնահատված ու կարեւորված չի զգում, սթրեսներն ավելի շատ են:
Երկարատեւ սթրեսի պատճառ կարող են դառնալ միջավայրի անփոփոխ վիճակը, աղմուկը, աղետները, կորուստներն ու կոնֆլիկտները, համացանցը, շփման պակասը եւ այլն:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 151

Մեկնաբանել

comments