«Սերժ Սարգսյանն իր ժամկետը ավարտել է եւ պետք է իր տեղը զիջի հաջորդին»

«Ասպարեզն» առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, առաջիկայում մեր հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Ինչպիսի՞ սպասելիքներ ունենանք: Իշխող կուսակցության դիրքերը կուժեղանա՞ն, թե՞ կթուլանան:

-Անկեղծ ասած` ոչ մի սպասելիք էլ չունեմ: Սպասելիքների համար հիմքեր չկան:

Խնդիրն իշխող կուսակցության դիրքերը չեն, այլ հենց այդ կուսակցության մեջ տարբեր խմբավորումների դիրքերն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պրոքսին ընդդիմադիր կոչվող կուսակցությունների շրջանում: Պայքարը ընթանում է իշխանության ներսում:

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին:

-Սերժ Սարգսյանի ճակատագիրը, ըստ երեւույթին, վատ է լինելու իշխանությունից հեռանալուց հետո, եւ դա վատ է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլեւ մեզ համար, որովհետեւ նա, դա հասկանալով, մինչեւ վերջ կառչած է մնալու իշխանությանը: Հայաստանում իշխանափոխության անցնցում եղանակներ չկան, դա մեր հիմնական դժբախտություններից գուցե գլխավորն է:

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ իշխանության ներսում ճգնաժամ է հասունանում:

-Սերժ Սարգսյանն իր ժամկետը ավարտել է եւ պետք է իր տեղը զիջի հաջորդին, սակայն նա իշխանության մարսողական համակարգի օրենքներին դեմ է գնում, ինչն արտակարգ իրավիճակ է ստեղծել համակարգի ներսում: Մյուս կողմից բոլորն են հասկանում, որ երկրում փոփոխություններ են պետք, անգամ` հանրապետականները, եւ այսպես շաունակվելու դեպքում չափազանց լուրջ ցնցումներ են լինելու, որոնք վտանգելու են առհասարակ պետականությունը, սակայն չեն համարձակվում դա բարձրաձայնել: Դա անորոշություն է մտցրել համակարգի ներսում:

-Իսկ պատրա՞ստ են իրենք փոփոխությունների:

-Իմ կարծիքով` խարիզմատիկ լիդերի բացակայության խնդիր կա, որը համակարգի ներսում կկարողանա այլընտրանքային բեւեռ ստեղծել:

Ստ.Դանիելյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Ա. Սիմոնյանը

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments