Ադրբեջանական դիվանագիտության բլեֆն ու սնանկությունը Ղարաբաղում

REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր հերթական անդրադարձն է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հենց առաջին իսկ տողերում նկատել է, որ Բաքուն, ըստ էության, սպառել է կարգավորման բանակցային բոլոր միջոցները եւ կանգնել փակուղու առաջ: Վերլուծաբանը հարցնում է, թե ինչ է լինելու հետո, եւ ապա սկսում ներկայացնել իր մոտեցումը:

Վերլուծաբան Տարասովը գրում է, որ օրերս ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը դիմել է ԵԱՀԿ մշտական խորհրդին ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների հարցով: Փաստաթուղթը, որ ներկայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդին, ունի բավական լուրջ եւ քաղաքական իմաստով հետաքրքրական ենթատեքստ: Այդ փաստաթղթում ասվում է, որ անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին Մինսկի խմբի եռանախագահ երկրները կտրուկ ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը` կապված հակամարտության կարգավորման հետ եւ կողմերը եկան համաձայնության` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմի ընդլայնման եւ հրադադարի խախտման միջադեպերի հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցերում: Սակայն Ս. Պետերբուրգի հանդիպման ժամանակ մեխանիզմի վերջնական մշակման հարցը, որը կապվեց նաեւ, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից» հայկական զինուժի դուրսբերման հետ, հետաձգվեց: Երկու հանդիպումներում էլ, նկատի ունենալով Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումները, կողմերը պայմանավորվեցին բանակցություններ վարել հակամարտության համընդգրկուն կարգավորման վերաբերյալ:

Ապա արդեն ներկայացնում է Բաքվի` անցյալ տարվա հուլիսի քսանի առաջարկությունը, ըստ որի, անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը կարող է ընդլայնվել, եթե մանդատի փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում էր, որ մշտադիտարկողների առկայությունը մերժվում է, քանի որ Բաքուն դա դիտարկում է որպես անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատաոճի փոփոխում: Բացի այդ, Բաքուն դա դիտարկում է որպես ստատուս քվոյի ռեժիմի ամրակայում եւ հակամարտության ձգձգման հավելյալ էլեմենտ:

Ապա արդեն նշվում է, որ այս պայմաններում անհնարին է դարձել սուբստանտիվ բանակցությունների անցկացումը:  Այդ փաստաթուղթը, ըստ ռուս վերլուծաբանի, ունի հանրային կարգավիճակ, ուստիեւ պետք է նաեւ այն լավ հասկանալու համար հիշել անցյալ տարվա երկու կարեւոր հանդիպումները Վիեննայում եւ Պետերբուրգում, եւ այդ ընթացքում արված հայտարարությունները, որոնք նույնպես հասցեագրված են եղել հանրային լայն լսարանին:

Այստեղ ուշագրավ է հատկապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ հնչեցրած անցյալ տարվա մայիսին Վիեննայի հանդիպումից հետո, որտեղ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ կողմերը պայմանավորվել են պահպանել 1994 եւ 1995 թվականների ձեռք բերված հրադադարի պայմանները եւ արտոնել ԵԱՀԿ-ին ձեւակերպել  միջադեպերի քննության համար անհրաժեշտ գործողություններն ու քայլերը, որոնք հայտնի դարձան որպես մոնիթորինգի քայլեր եւ Լավրովի կողմից որակվեցին որպես կարգավորման առաջին փուլ:

Ի դեպ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Բաքուն հայտարարեց, որ որեւէ բան չի ստորագրել եւ չունի պարտավորություններ ստանձնած` հանդիպման մասնակիցների առաջ: Ապա արդեն տեղի ունեցավ պետերբուրգյան հանդիպումը: Այդ հանդիպումից հետո նույնպես տարածվեց հայտարարություն, որից հետո արդեն ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանեց լրացուցիչ, որ Բաքուն չի ստորագրել այդ հայտարարության ներքո:

Այս երկու հանդիպումները, ըստ դիվանագիտական գործողությունների, կանոնների, կարելի է իրականում համարել ձախողված, քանի որ գրավոր պարտավորությունների ստանձնում տեղի չի ունեցել եւ չկան ստորագրություններ:

Շարունակելի

Ստանիսլավ Տարասով

REGNUM

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 31

Մեկնաբանել

comments