«Ընտրությունները վերածվել են շուկայի»

«Ազգը զրկված է սեփական կամքն ազատ արտահայտելու իրավունքից»

«Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանն «Ասպարեզի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանում արդեն 25 տարի է, ինչ համապետական ընտրությունները սուր ընթացք են ունենում:

-Բանն այն է, որ ընտրությունները վերածվել են շուկայի, ով ավելի շատ կվճարի, որ առավել շատ ձայն հավաքի, ով առավել շատ լծակներ ունի, որ կարողանա առավել շատ մարդկանց կախման մեջ պահի, տարիներ շարունակ ոչինչ չեն արել եւ այսօր հստակ գիտակցում են, որ ունեն ընտրվելու խնդիր, իսկ այդ հարցը բացառապես ապահովում են գումարի միջոցով, քանի որ գիտակցում են, որ իրենք չեն ժողովրդի ընտրյալը, այլ իրենք ժողովրդի ձայն գնողն են եւ համատարած աշխատանքի ու զարգացման ծրագրեր առաջարկելու փոխարեն, փորձում են իրենց հարցը կազմակերպել բացառապես վախի եւ կաշառքի միջոցով,-տեսակետ է արտահայտում Ս.Հովսեփյանը:

ընտրությունները«Այսօր մեր ազգը զրկված է սեփական կամքը ազատ արտահայտելու իրավունքից: Փորձում են մարդկանց թուլացնել այնքան, որ ի վիճակի չլինեն պահանջ ներկայացնել, կամք արտահայտել: Արդյունքում իրենք ընդգծում են իրենց ուժը, այնինչ բոլորս պետք է գիտակցենք, որ մենք ամենաուժեղն ենք եւ որ պետք է ելքը մեր մեջ փնտրենք: Ցանկացած իշխող կառույց կամ անհատ այսօր դարձել է պահանջատեր եւ, փոխանակ իրենք ծառայեն ժողովրդին, ժողովրդին են ծառայեցնում իրենց»:

Ս.Հովսեփյանը չի կարծում, որ այս երկրում պատգամավորությունը եղել է աշխատանքի հարց լուծելու աղբյուր:

-Այսօր «պատգամավոր» ասածը կորցրել է իր ֆունկցիան, եւ մարդիկ այս բառը ասոցիացնում են «կոճակ սեղմելու» արարողության հետ: Այսօր մի փոքր այլ է պատկերը, քանի որ շատերը հենց նույն սկզբունքի համար են գնում դառնալու պատգամավոր, շատերն էլ այսօր փորձում են իրականում լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Կդժվարանամ գնահատել որոշ մարդկանց գործողություններ, սակայն մեկ բան կասեմ, որ այսօրվա խորհրդարանը չունի երկրի հարցերին ու խնդիրներին անտարբեր չգտնվող պատգամավորների զանգված: Մենք այսօր ունենք խնդիր թե՛ քանակական սերնդափոխության, թե՛ որակական, ովքեր բացառապես կմտնեն խորհրդարան ոչ թե իրենց աշխատանք չունենալու հարցերը լուծելու, այլ յուրաքանչյուր համայնքի ու մարզի խնդիրներին անտարբեր չմնալու եւ լուծման եղանակներ գտնելու ձգտումով,-պարզաբանում է զրուցակիցս:

Ս.Հովսեփյանը նաեւ ավելացնում է, որ իշխանության հասնելու միակ ճանապարհը միասնականության կամքի դրսեւորումը պետք է լինի:

-Այս ճանապարհը մի քիչ բարդ է,բայց ելակետային եւ հստակ, վստահ եմ, եթե յուրաքանչյուրին իսկապես ասեն, որ ընտրությունն իր ձեռքում է եւ ոչ ոք չի կարող որոշել իր փոխարեն, ապա ժողովուրդը միասնական կերպով կտապալի գործող իշխանությանը՝ ստիպելով նաեւ նոր ստեղծվողին հաշվի նստել յուրաքանչյուրի հետ,-նշում է Ս.Հովսեփյանը:

Եվրոպական կառույցները շարունակում են ֆինանսավորել կոռուպցիայի ռիսկով հայտնի երկրում ընտրությունների կազմակերպման նպատակով:

Վերջերս «Հոդված 3» մամուլի ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Եվրամիությունը 7 միլիոն եվրոյից ավել գումար է հատկացրել Հայաստանին` օժանդակելու կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը:  Դեսպանը նշել է, որ  ԵՄ-ն մոտ 4 միլիոն եվրո է հատկացրել ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման նպատակով:

ԵՄ-ն նաեւ 2 միլիոն եվրո է հատկացրել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման ու ընտրությունների ընթացքի ուղիղ հեռարձակման եւ ընտրողների մեծ մասի վերահսկման համար:

Ս.Հովսեփյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 192

Մեկնաբանել

comments