«Ուզում եմ ծառայել, բայց առողջական վիճակս թույլ չի տալիս»

«Ուզում էր հասկացնել՝ մեկ է պիտի գաս ու ծառայես»

«Ասպարեզն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է Գյումրու բնակիչ, ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի առողջական խնդիրներին: Ջեբրայիլում ծառայող շարքային Հուսիկ Կիրակոսյանի առողջական վիճակն ավելի էր բարդացել ծառայության առաջին երկու ամիսներից հետո: Նա Ջեբրայիլի զինվորական հոսպիտալում վիրահատության էր ենթարկվել, հեռացրել էին նշաբորբերը, իսկ 2017 թվականի փետրվարի 22-ին արձակուրդից զորամաս (Գյումրուց՝ Ջեբրայիլ) վերադառնալու օրը կորցրել էր ինքնագիտակցությունը:

Այժմ նա ստացիոնար բժշկական օգնություն է ստանում Երեւանի կենտրոնական  կլինիկական զինվորական հոսպիտալում: «Ասպարեզին» Հուսիկի առողջական վիճակի մասին տեղեկություններ ժամանակ առ ժամանակ հայտնել է մայրը՝ Ալվարդ Կիրակոսյանը: Պաշտպանության նախարարությունից լիարժեք տեղեկություն չենք կարողացել ստանալ, մեր խնդրած տեղեկությունները համարվում են անձնական:

«Ասպարեզը» զրուցել է ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի հետ:

-Հուսիկ, այս պահի դրությամբ քեզ ինչպե՞ս ես զգում, առողջական վիճակդ ինչպե՞ս է գնահատվում:

-Հիմա նորմալ եմ, բայց մի երկու օր առաջ ավելի վատ էի, անընդհատ գլխացավեր ունեի: Ուզում էի կանգնեի, բայց չէի կարողանում նորմալ կանգնել, բացի այդ հազ ունեի, գլխապտույտ:

-Դու տեղյա՞կ ես, թե քեզ մոտ ինչ հիվանդություն են ախտորոշել:

-Դե, ասում են՝ բրոնխիտի սրացում, մեկ էլ ասում են՝ հայմորիտի մեղմ վիճակը, քթիս խոռոչներից մինչեւ ճակատ թարախակալում:

 

-Կենտրոնական հոսպիտալի ո՞ր բաժանմունքում ես բուժում ստանում:

-Մուրացան հոսպիտալի լոռ (ի նկատի ունի՝ քիթ-կոկորդ-ականջաբանության,-հեղ) բաժանմունքում եմ պառկած:

-Ինչքա՞ն է տեւելու բուժումը, ասե՞լ են:

-Ոչ, մոտավոր ժամկետ չեն ասել, բայց արդեն երկու շաբաթից ավել է՝ պառկած եմ:

-Հուսիկ, իսկ առողջական խնդիրները զորամասո՞ւմ ես ձեռք բերել:

-Ղարաբաղ էլ շատ եմ ունեցել խնդիրներ: Գնացել եմ բուժկետ, ստուգել են ընդհանուր, հանել, մի հատ դեղ են տվել ու ասել են, որ սովորական հազ է, կանցնի, բայց միշտ խրոնիկական է եղել, մանավանդ գիշերվա ժամերին հենց պառկել եմ, ինձ ավելի եմ վատ զգացել, խեղդվել, հազացել եմ անընդհատ, գիշեր է եղել, որ նորմալ չեմ քնել:

-Այդ նկարագրածդ վիճակով որքա՞ն ժամանակ ես ծառայել:

-Արդեն ութ ամիսը լրանում է:

-Այսինքն՝ ինչ զինծառայությունը սկսել ես այդ խնդիրները եղե՞լ են:

-Միշտ է ունեցել եմ՝ մինչեւ ծառայության գնալս էլ, ուղղակի հաշվի չեն առել: Ինձ մեր պոլիկլինիկայից թուղթ են տվել զինկոմին, որ ես լրիվ առողջ եմ, ոչ մի առողջական խնդիր չունեմ: Ես էնտեղ ասացի՝ ինչպես կարող է չունենամ: Ինձ ուղարկել էին Աբովյանի հակատուբերկուլիոզային հիվանդանոց, այդտեղ ասացին, որ ուրիշ թոքերի ստուգման հիվանդանոց պետք է ուղարկեն, սխալ են ուղարկել: Բացի էդ ներվային խնդիրներ էլ ունեմ: Երեք անգամ եկել եմ Երեւանի հոգեբուժարան, մի քանի օր մնացել եմ:

զինծառայող

-Իսկ ծառայության ո՞րերորդ օրը կամ ամսում դիմեցիր բուժկետ:

-Բուժկետ շուտ-շուտ եմ դիմել, սկզբից բատինկեքից ոտքի խնդիր էր, հետո հազի պահով ես անընդհատ այրոցներ ունեմ, շուտ-շուտ բուժկետ եմ դիմել: Դեղ էին տալիս, խմում էի, անցնում էր: Այդ դեղերը շատ եմ խմել՝ օրական 3 անգամ: Հետո ժամանակավորապես, մոտավորապես մեկ ամիս չեմ ունեցել այրոցները, էս վերջերս նորից սկսվել է, սաղ օրը նույն պատմությունը, էլի սոդա կօգտագործեմ:

-Հուսիկ, այսինքն՝ շաբաթական քանի՞ անգամ էիր դիմում բուժկետ:

-Շաբաթվա մեջ ես համարյա ամեն օր էլ գնացել եմ, էդ դեղը վերցրել եմ այրոցի համար, խմել եմ, իսկ հազի, բանի համար ստուգել են, ասել են՝ հեչ բան չկա, հազ է, կանցնի: Հետո պոստերում վատացա: Բուժկետի ավտոն կանչեցին, իջա ներքեւ: Անընդհատ տաքություն էի ունենում:

-Դա ե՞րբ էր:

-Հոկտեմբերին էր: Երեք օր մնացել եմ բուժկետում: Բուժկետից դուրս եմ գրվել ու նորից բարձրացել եմ պոստերը ու էլի վատացել եմ: Հաջորդ օրը նորից իջացրել են բուժկետ ու բուժկետից տեղափոխել են Ջեբրայիլի հոսպիտալը: Այնտեղ վիրահատել են, հեռացրել են գլաններս: Վիրահատությունից հետո մոտ տասը օր պառկել եմ հոսպիտալում, դուրս եմ գրվել, մի քանի օր հետո գնացել եմ, բարձրացել եմ պոստեր:

-Հուսիկ, վիրահատությունից քանի՞ օր հետո բարձրացար պոստեր:

-Վիրահատությունից` մոտավորապես 20 օր:

-Վիրահատությունից հետո ինչ-որ դրական տեղաշարժ նկատեցի՞ր:

-Ոչ, ես էլի հաճախակի ցավեր ունեցել եմ անգինայի հետ կապված, կոկորդս ցավացել է:

-Առողջական վիճակդ հաշվի առնվելով՝ քեզ համար զինծառայության այլ տարբերակ ընտրվե՞լ էր:

-Ոչ մի բան էլ չի եղել: Ինչ-որ բոլորն են արել, ես էլ եմ արել:

-Առողջական խնդիրներիդ մասին զորամասում ովքե՞ր էին տեղյակ:

-Էդպես ընդհանուր չգիտեմ: Գիտեմ, որ միայն դիվիզիոնի հրամանատարն է տեղյակ եղել, ինքը մեր նկատմամբ լավ է տրամադրված եղել:

-Իսկ բուժման ավարտից հետո առողջական վիճակդ թույլ տալի՞ս է շարունակել ծառայությունը: Ի՞նչ են ասում բժիշկները:

-Չգիտեմ, մի քանի օր առաջ Ղարաբաղի պաշտպանության բանակի բժիշկներից էր եկել: Հետս նստած զրուցում էր, հարցեր էլ չտվեց: Ասեց՝ դու պիտի քեզ լավ պահես, որ գաս, ծառայությունդ շարունակես, տակը շատ բան էլ չի մնացել, տարի 4 ամիս: Ուզում էր հասկացնել, որ ինչ ուզում ես արա, մեկ է, դու պիտի գաս ու ծառայես:

-Քո կարծիքով՝ դու ծառայության ենթակա՞ ես:

-Ես ուզում եմ, բայց առողջական վիճակս թույլ չի տալիս: Այնտեղ հետեւող չկա, տանը մաման դեղերս տալիս էր, որ խմեի: Եղել է, որ շատ հաճախ բուժկետ չեմ գնացել, իմ վիճակի մասին բան չեմ ասել, քանի որ գիտեի, եթե գնամ, բան չի փոխվելու: Ասում էին՝ խմի, եթե չանցավ՝ մի երեք օրից արի էլի, էդ դեղից կտանք:

-Հիշո՞ւմ ես, մինչ ծառայության մեկնելը բժշկական հետազոտությունների արդյունքում վերջնական ի՞նչ եզրակացություն տրվեց քեզ:

-Գեներալնի կամիսի ժամանակ՝ Երեւան մտա բժշկի մոտ, նայեց դեմքիս, ասաց՝ Գյումրիից մենակ դու էիր, որ չէիր ուզում գնաս ծառայության, բայց ոնց նայում եմ՝ պիտի գնաս:

«Ասպարեզի» հրապարակումների արդյունքում ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի խնդիրներով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի բաժինը: Կազմակերպությունը փորձում է պարզել, թե Հուսիկ Կիրակոսյանի առողջական վիճակը համապատասխանո՞ւմ է զինվորական ծառության ուղարկելու հրամանի հետ:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 74

Մեկնաբանել

comments