Հնարավոր է զինծառայողի հարցը վիճարկվի դատարանում

Արձագանքել է ՀՔԱՎ-ի գրասենյակը

«Ասպարեզի» հրապարակումներից հետո Գյումրիում բնակվող ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի իրավունքների ոտնահարման խնդիրներով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի բաժինը: Բաժնի համակարգող Արմինե Սադիկյանն «Ասպարեզի» հետ զրույցում դեպքի նախնական  տվյալներին ծանոթանալուց հետո փոխանցում է. «Զինվորի ծնողի հետ քննարկել ենք հնարավոր բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերել: Այժմ սկսել ենք ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստատթղթերը, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք նրա զինծառայության համար պիտանելիության որոշումը ճիշտ է կայացվել»:

Ա. Սադիկյանը միեւնույն ժամանակ նշում է՝ եթե Հուսիկ Կիրակոսյանի մոր՝ Ալվարդ Կիրակոսյանի պնդումները ճիշտ են այն մասին, որ տղան առողջական խնդիրներ ունեցել է վաղ հասակից, ապա պետք է ճշտել, թե որքանով է համատեղելի եղել Հ. Կիրակոսյանի զինծառայության անցնելը՝ առողջական վիճակի հետ:

«Այս ամենը պարզելու համար պետք է ստանանք զինծառայողի բոլոր բժշկական փաստաթղթերը եւ  փորձաքննության ենթարկել, որպեսզի ունենանք մասնագետի եզրակացությունը: Արդյունքները պարզ լինելուց հետո պարզ կլինեն նաեւ մեր հետագա քայլերը»,-ասում է Ա.Սադիկյանը:

Նա ասում է նաեւ՝ եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ առողջական վիճակը համատեղելի չի եղել զինծառայության անցնելու պահանջների հետ, ապա հարցը կվիճարկվի դատական ատյաններում: Պարտադիր վիճարկման է ենթակա նաեւ կենտրոնական զինվորական հավաքակայանի վերջնական որոշումը:

«Եթե նույնիսկ առողջական խնդիրները ձեռք է բերվել ծառայության ընթացքում, ապա պետք է քննվի, թե բուժկետում կամ հոսպիտալում ինչ քայլեր են ձեռնարկվել: Այս դեպքում եւս պետք է որոշակի որոշում կայացվեր` ծառայության պիտանելիության հարցի հետ կապված»,-նշում է Արմինե Սադիկյանը եւ ավելացնում, որ այս բոլոր բարձրացված հարցերը պետք է խորապես ուսումնասիրել:

Հ. Կիրակոսյանի առողջական վիճակի հետ կապված փոփոխություն դեռ չկա: Զինծառայողի մայրը «Ասպարեզի» հետ զրույցում նշել է, որ որդին շարունակում է մնալ գունատ եւ խուսափում է շփվել ընտանիքի անդամների հետ: «Ոչ մի փոփոխություն չկա: Անընդհատ հազում է, գույնը ընկած է, բերանից ու քթից թարախարտադրություն կա: Ոչ մի բան չի խոսում»,-որդուն տեսակցելուց հետո ասում է մայրը:

Հուսիկ Կիրակոսյանը այժմ ստացիոնար բժշկական օգնություն ստանում է Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրա մոտ, ըստ Ալվարդ Կիրակոսյանի, ախտորոշվել է բրոնխիտ ասթմայի սրացում:

Տեղեկացրել էինք, որ Հ. Կիրակոսյանը բրոնխիտ ասթմա ունեցել է վաղ հասակից: Պարբերաբար բուժումներ է ստացել Գյումրու եւ Երեւանի հիվանդանոցներում:  Նույն խնդրով անցել է պարտադիր զինվորական ծառայության, բայց առողջական խնդիրների պատճառով 2015-ի ամռան փոխարեն բանակ է մեկնել 2016-ի ամռանը, ծառայում է Ջեբրայիլում: 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվել, հեռացրել են նշաբորբերը: 2017-ին` փետրվարի 21-ին, կտրուկ վատացել է առողջական վիճակը, երբ հնգօրյա արձակուրդով գտնվել է իրենց տանը:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 66

Մեկնաբանել

comments