6-ամյա Սլավիկի անվճար բուժման համար գումար է պետք

Ընտանիքը գումար չունի Երեւան գնալու

Գյումրիում 6-ամյա Սլավիկ Ալեքսանյանը համապատասխան բուժումներ դեռ չի ստանում: «Ասպարեզը» մի քանի ամիս առաջ անդրադարձել է այս խնդրին:

6-ամյա Սլավիկ Ալեքսանյանը ի ծնե առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան բժշկական օգնություն ստացել է մասնակի, իսկ այժմ բժշկական օգնությունը դադարեցված է, ընտանիքն այսօր պետական արտոնություններից չի կարող օգտվել գումարի բացակայության պատճառով:

Երեխայի մայրը՝ Ժենյա Գրիգորյանը, «Ասպարեզին» տեղեկացրել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ չեն կարողանում հասնել:

Սլավիկ

Ժենյա Գրիգորյանն ասում է, որ գումար է անհրաժեշտ տղային հատուկ սննդակարգով ապահովելու համար: Երեխան առողջության վատթարացման պահից առ այսօր ունի որովայնացավի հազվադեպ էպիզոդներ, ցավեր՝ ծնկան հոդում, առատ քրտնարտադրություն, թուլություն, գլխացավ, ջերմություն, ախորժակի անկում: Երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է 2016 թվականի հոկտեմբերին, երբ արթնացել ու չի կարողացել քայլել:

Այս ընտանիքի միակ ֆինանսական եկամուտը պետության տրամադրած ընտանեկան նպաստն է: Սլավիկ Ալեքսանյանի բուժման վերսկսումը շարունակում է անհայտ մնալ: Երբեմն նրան հետազոտում են տարածքային պոլիկլինիկայի բժիշկները, սակայն վեցամյա երեխային խորը մասնագիտական միջամտություն է անհրաժեշտ:

Նախկինում երեխան որոշ ժամանակ բուժումներ է ստացել Երեւանի արյունաբանական եւ «Արաբկիր» վերականգնողական կենտրոններում:

Սլավիկ

Մեր 2016 թվականի հրապարակումից հետո ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հատուկ հանձնարարությամբ 2017 թվականի հունվարից 6-ամյա Սլավիկ Ալեքսանյանը վերսկսելու էր անվճար բուժման կուրսերը «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Այս մասին «Ասպարեզին» տեղեկացրել էր  առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Վարչության պետի խոսքով` Սլավիկ Ալեքսանյանի մոտ առկա է երկու ախտորոշում` հոդերի սուր ցավեր եւ մկանների նյարդերի բորբոքումներ:

Անդրադառնալով այն խնդրին, որ արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի պունկցիա կատարելու համար 30 հազար դրամ վճար են պահանջել երեխայի ծնողներից, Կարինե Սարիբեկյանը նշել էր, որ այն եւս անվճար է իրականացվելու: Նախարարի հանձնարարականով Սլավիկի տեղափոխումը եւս իրականացվելու էր անվճար՝ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի միջնորդությամբ:

Սակայն 6-ամյա երեխայի ծնողները գումար չունենալու պատճառով չեն կարող օգտվել նշված պետական արտոնությունից: Նրանք ակնկալում են բարի մարդկանց օգնությունը:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 35

Մեկնաբանել

comments