«Ի՞նչ կա դրա մեջ, 2 միլիոնից 750-ը թող բոյկոտեն»

Շիրակի թեմը ֆինանսական խնդիրներ ունի

«Անցնող 2016 թվականը հեշտ տարի չեղավ, ինչպես հեշտ չեն եղել մյուս տարիները: 2016-ին անցանք ապրիլյան պատերազմի փորձությունով, որից, կարծում եմ, դուրս եկանք հաղթանակած: Այս պահին չենք կարող չհիշել մեր նահատակներին եւ չաղոթել նրանց հոգիների խաղաղության համար»,-երեկ տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանը 2016 թվականը կարեւորեց  եկեղեցաշինության առումով: Կառուցվել է Շիրակավանի եկեղեցին, վերակառուցվել՝ Բանդիվանի, Մարալիկի եկեղեցիները, ավարտվել են սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Անձնական ձեռքբերումների՝«Ոսկե մուշուրբա 2016»-ին արժանանալու առիթով էլ նշեց.

-Ես լիովին բավարարված եմ` Շիրակի թեմի առաջնորդի պաշտոնը կրելով: Ինձ դրանից դուրս ոչ մի մրցանակ, կոչում պետք չէ,-ասաց թեմի առաջնորդը եւ ավելացրեց, որ եթե հասարակության մի հատվածը ինչ-որ ձեւով հարգում է իրեն, ապա ինքը դեմ չէ:

Սրբազանն ասաց նաեւ, որ թեմը 2016-ին ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք առաջացել են երկրի տնտեսական վատ վիճակի եւ արտագաղթի հետեւանքով:

-Մեր միջոցները բավարար չեն մեր ենթակայությունների գործունեությունները իրականացնելու համար: Ֆինանսական առումով բավական ծանր տարի էր,-ասում է թեմի առաջնորդը, իսկ «Ասպարեզի» այն հարցին, թե ֆինանսական խնդիրներով է պայմանավորված, որ Գյումրու քաղաքապետին խնդրել էին զրոյացնել թեմի գույքահարկի 90 հազար դրամ վճարը, Մ. եպիսկոպոս Աջապահյանն ասաց.

-Հարցը 90 հազար դրամը չէր, այլ՝ սկզբունքը, որ եկեղեցին պետք է ազատված լինի զանազան հարկերից եւ հատկապես` գույքահարկից,-պարզաբանեց սրբազանը եւ ավելացրեց, որ հարկերը թեմի փոխադրամիջոցների՝ 4 մեքենայինն են եղել:


Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցաշինության եւ եկեղեցապահպանման գործառույթը վերապահում է մշակույթի նախարարությանը: Նախորդ նախարարից միշտ դժգոհություններ ուներ: «Ասպարեզը» ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց, թե նոր նախարարից ինչ ակնկալիքներ ունի նա:

-Կարծում եմ, որ նախարարը պետք է ռեալ մոտենա խնդիրներին: Այս նախարարի փոփոխությունն էլ համընկավ տնտեսական տագնապի հետ, բյուջեում փող չկա: Երբ բյուջեում փող կար, մշակույթի նախարարությունն անգործության էր մատնված,-ասաց սրբազանը:

Ֆեյսբուքում բացվել են «Բողոքում ենք ճառերը» եւ «Բոյկոտ» միջոցառումների էջերը, որոնց նպատակն է նախագահի եւ կաթողիկոսի դեկտեմբերի 31-ին հեռարձակվող ուղերձներն անտեսել` հասարակության կողմից: Ակցիաները, որոնց միացել է արդեն 750 հոգի, կարճ նկարագրություն ունեն հեղինակների կողմից.«Անջատում ենք հեռուստացույցները` Սերժիկի ու կաթողիկոսի ճառերի ժամանակ։ Իրանց քսերոքս արած անկապ տեքստերը չեն հետաքրքրում ու պետք չեն մեզ: Բոյկոտում ենք սերժիկի ու կաթողիկոսի Ամանորյա ելույթները։ Նոր Տարին սկսենք առանց նրանց»:

-750  հոգին մեծամասնություն չէ,-անդրադառնալով այս նախաձեռնություններին` ասաց սրբազանն ու շարունակեց,-այն, որ 750 հոգի կարող է խոսել նախագահի կամ կաթողիկոսի ելույթի բոյկոտման մասին, դա միայն վկայում է, որ մեր երկրում դեմոկրատիան կայանում է: Ի՞նչ կա դրա մեջ, 2 միլիոնից 750-ը թող բոյկոտեն,-եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments