Շիրակի մարզում դպրոցների միավորումն անխուսափելի է

Միավորման ենթակա դպրոցները դեռեւս հստակեցված չեն

Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների հնարավոր վերամիավորման, տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների, դպրոցներում իրականացվող նախադպրոցական կրթության, նաեւ իր պաշտոնի ծանրաբեռնվածության եւ մրցույթի մասին «Ասպարեզը» զրուցել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանի հետ: Հր.Կարապետյանը 2012-ից նաեւ Գյումրու ավագանու անդամ է, իսկ նախկինում աշխատել է Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրեն:

-Պարոն Կարապետյան, նախորդ տարվա օգոստոսին նշանակվեցիք Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Դպրոցի տնօրենի պաշտոնից հետո արդյո՞ք դժվար չէ այս աշխատանքը Ձեզ համար:

-Միանշանակ դժվար է, ծավալներով էապես տարբերվում են:

-Ձեր երիտասարդ տարիքը չի՞ խանգարում:

-Միայն փորձի խնդիր կարող է առաջանալ, որը լրացնում ենք խորհրդակցելով, հետեւելով, ուշադիր լինելով, բայց եւ առավելապես շատ հարցերում օգնում է տարիքը, քան խանգարում:

-Շիրակի մարզի որոշ դպրոցներ գործում են շենքային շատ վատ պայմաններում, օրինակ` Կապսի, Արթիկի թիվ 7 հիմնական դպրոցը: Վերջին օրերին հանրապետության վարչապետը նշեց, որ թերբեռնված դպրոցներում որոշակի ուսումնասիրություններ են կատարվելու, քննարկվելու է վերամիավորման, վերակազմակերպման հարց: Դուք այս խնդրի լուծման ինչպիսի՞ տարբերակ եք առաջարկում:

— Ուրախությամբ պետք է նշեմ, որ, ի տարբերություն մյուս մարզերի, Շիրակի մարզի դպրոցները, մանավանդ վերջին տարիներին, քաղաքային համայնքներում ավելի նորմալ վիճակում են գտնվում` նոր վերանորոգված, նոր կառուցված, ունենք լավ հագեցած դպրոցներ, բայց դրանց կողքին, բնականաբար, կան նաեւ դպրոցներ` հատկապես գյուղական համայնքներում, որոնք ունեն շենքային խնդիրներ: Պետք չէ շատ լուրջ ջանք գործադրել` դրա լուծումը ստանալու համար, կամ պետք չէ` լուրջ մտածել, որ հասկանաս: Շենքի պահպանման ծախսերի ավելացումը կամ շենքի վերանորոգման աշխատանքների իրականացումը նաեւ կախված է ֆինանսի հետ, գումարային մեծ ծախսեր են պահանջում, ցավոք, այսօր մեր ՀՀ ֆինանսական վիճակն ու բյուջեն չի բավարարում` բոլոր դպրոցներին նման մոտեցում ցույց տալու:

-Իսկ, ըստ Ձեզ, հարմար տարբերակն արդյո՞ք դպրոցների վերամիավորումն է, վերակազմակերպումը:

-Անկախ շենքային պայմաններից` թերբեռնված դպրոցներում, իհարկե, ճիշտը վերակազմակերպումն է, դա միայն շենքային պայմաններով պայմանավորված չէ:

-Պարոն Կարապետյան, ամեն անգամ խոսվում է թերբեռնված դպրոցների մասին, սակայն հստակ չի նշվում, թե որն է իրականում թերբեռնված դպրոցը:

-Թերբեռնվածության կոնկրետ սանդղակ չկա, բայց երբ հաշվի ենք առնում շենքային պայմանները, բյուջեի ծախսերը, աշակերտների թվի քիչ լինելը եւ մանկավարժական հանրույթի շատ լինելը` դասաբաշխելիս, հստակ երեւում է, թե որն է թերբեռնվածն ու գերբեռնվածը:

-Շիրակի մարզում քանի՞ թերբեռնված դպրոց ունենք:

-Քիչ են, շատ չեն: Միայն գյուղական համայնքներում չեն դրանք, Գյումրիում էլ ունենք նման դպրոցներ:

-Իսկ այսօր կա՞ն որոշ տեղեկություններ, թե կոնկրետ որ դպրոցներին է սպասվում վերամիավորում կամ վերակազմակերպում:

-Խոսքը մեծ թվի մասին չէ: 1-3 դպրոցների մասին է խոսքը, որոնք, իրոք, թերբեռնված են եւ բյուջեի համար ավելորդ ծանրաբեռնվածություն են:

-1-2 տարի է` խոսակցություններ կան Գյումրու Մուշ թաղամասում գործող թիվ 42 ավագ դպրոցի եւ թիվ 23 հիմնական դպրոցի միավորման մասին:

-Մենք դեռ չունենք հստակ որոշումներ, չունենք հստակ նախագիծ, թե որ դպրոցը` որի հետ պետք է միավորվի, բայց 42 դպրոցը թերբեռնված է: Սա միայն մեր մարզին չի վերաբերում, հանրապետությունում կան ավագ դպրոցներ, որոնք թերբեռնված են եւ իրենցից լուրջ ֆինանսական ծախսեր են ներկայացնում` շենքային պայմաններ պահելու, այլ ծախսեր` ջեռուցում, գազ, ջուր եւ այլն: Այս դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի վերամիավորել ավելի նորմալ վիճակի հասցնել դպրոցի ֆինանսական իրավիճակը:

-Մի քանի տարի առաջ քննարկվում էր Գյումրու ավագ դպրոցների ցանցի վերանայման հարցը. մասնավորապես` ավագ դպրոցների վերակազմակերպումը միջնակարգ դպրոցների:

-Խոսք  է գնացել այն ավագ դպրոցների վերակազմակերպման մասին, որոնք ունեն 40-50-60 աշակերտ, որոնք նպատակահարմար չեն այդ նույն ձեւով: Իրենց աշակերտ-թվով ֆինանսավորման պարագայում հատկացված գումարը չի բավականացնում նույնիսկ անգամ միայն աշխատավարձային մասով, էլ չասեմ` շենքային պայմանները պահելու:

-Իհարկե, Դուք այդ տարիներին չէիք զբաղեցնում այս պաշտոնը, աշխատում էիք դպրոցի տնօրեն, բայց եւ տեղյակ էիք ավագ դպրոցների վերակազմակերպման գործընթացից, եռաստիճան դպրոցի ստեղծման մասին: Ի՞նչ եք կարծում, 2008-2010 թթ-ին Շիրակի մարզում դպրոցների վերակազմակերպման գործընթացը արդյո՞ք հապճեպորեն չիրականացվեց եւ շատ տվյալներ հաշվի չառնվեցին:

-Սրանք զուտ Շիրակի մարզով պայմանավորված չեն, կան պետական համաձայնագրեր, կան կրթության համապատասխանության խնդիրներ, այլ ելք չէր մնում, քան օպտիմալացման տարբերակով շարժվելը: Գործընթացը պայմանավորված է եղել տվյալ ուսումնական տարում տվյալ դպրոցների ֆինանսական իրավիճակով:

-Պարոն Կարապետյան, 2011-2012 թվականներին «Ասպարեզը» դժգոհություններ էր ստանում, որ միջնակարգ դպրոցների` ավագների վերակազմակերպման գործընթացում հաշվի չեն առնվել հաստատությունների աշխարհագրական դիրքը, տեղանքը:

-Ոչ, այդպիսի բան չի եղել, ավագ դպրոցների ընտրությունը կոնկրետ տեղանքում հաշվի է առնվել, աշակերտների թիվ, կոնկրետ տարածքում` ավագ դպրոցի եւ միջնակարգ դպրոցների առկայության քանակ: Քաղաքում չեք հանդիպի 2 ավագ դպրոցի` նույն տարածքում:

Շարունակելի

Զրուցեց Անի Մկրտչյանը

Դիտումներ՝ 391

Մեկնաբանել

comments