Շիրակի համալսարանի ռեկտորին կընտրեն դռնփակ նիստում

Մրցույթի արդյունքները բաց եւ հրապարակային կլինեն

Վաղը Շիրակի պետական համալսարանի՝ (նախկինում՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր տեղի մրցույթն է: Մրցույթի միակ մասնակիցը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ Սահակ Մինասյանն է: Ռեկտորին ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում կա 24 անդամ: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է, ով եղել է նաեւ բուհի կառավարման խորհրդի նախագահը: Հոգաբարձուների խորհրդի կազմ են ընդգրկվել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարների տեղակալներ:

«Ասպարեզը» քիչ առաջ մրցույթի միակ մասնակից Ս.Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի տրամադրվածություն ունի մրցույթի հանդեպ:

«Նորմալ»,-մեկ բառով պատասխանեց Սահակ Մինասյանն ու հարց ուղղեց՝ հետարքրքվելով. «Իսկ ինչ եք կարծում՝ ինչպիսի տրամադրվածություն պետք է ունենայի»:

Ս.Մինասյանի փոխանցմամբ՝ մրցույթով հետաքրքրվողները շատ են եղել, սակայն դիմել է միայն մեկը՝ ինքը:

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ:

ՇՊՀ-ի ռեկտոր կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտական աստիճան եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝ ռեկտորի ընտրության համար գումարված խորհրդի նիստը նախապատրաստում եւ նախագահում է խորհրդի նախագահը: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է (բացառությամբ ռեկտորի պաշտոնի՝ խորհրդի անդամ չհանդիսացող հավակնորդների համար):

Շիրակի պետական համալսարանի լրատվության բաժնից փոխանցում են նաեւ, որ մրցույթի ավարտից հետո բուհում կհրավիրվի մամուլի ասուլիս, լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին կտրվեն պատասխաններ, կամփոփվեն մրցույթի արդյունքները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 794

Մեկնաբանել

comments