«Ընտրողների թիվը ծիծաղելի է եւ ցույց է տալիս «չընտրությունների» արդյունքը»

«Ասպարեզը» հայաստանյան քաղաքական իրավիճակի վերաբերյալ զրուցել է  «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բանբեր Շանթ Ոսկերիչյանի հետ, ով բնակվում է Ֆրանսիայում:

-Պարոն Ոսկերիչյան, ինչպիսի՞ն է ֆրանսահայերի վերաբերմունքն հայաստանյան քաղաքական գործընթացների հանդեպ:

Շանթ Ոսկերիչյան-Ֆրանսահայությունը, ինչպես նաեւ Սփյուռքի մեծամասնությունը, անտարբեր է Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ` թե՛ քաղաքական, թե՛ այլ բնագավառներում։ Նրանց համար Հայաստանի «անկախացումից» ի վեր բոլոր հարցերը լուծված են եւ հետաքրքրության միակ առարկան Ցեղասպանության ճանաչումն է ու դրա ժխտելիության դատապարտումը։ Նրանց այս դիրքը բխում է նրանից, որ Սփյուռքում ճնշող կուսակցությունները՝ Դաշնակցության, Հնչակյանների ու Ռամկավարների գլխավորությամբ, ինչպես նաեւ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսությունները, վաղուց գործարքի մեջ են մտել Հայաստանի իշխանությունների հետ եւ Սփյուռքը լուսաբանում են՝  հիմնվելով ոչ թե իրականության, այլ Հայաստանի իրենց շահերի վրա։ Բայց Սփյուռքում կա նաեւ գիտակից խոշոր մի զանգված՝ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության գլխավորությամբ (որը ոչ մի առնչություն չունի անվանափոխված «Օրինաց Երկիր» կուսակցության «Հայկական վերածնունդի» հետ), որը շատ լավատեղյակ է հայաստանյան քաղաքական անցուդարձներին։ Գործելով երկրագնդի 11 երկրներում եւ 13 քաղաքներում, տքնաջան աշխատանքով՝ այն կարողանում է սփյուռքահայերին իրազեկել Հայաստանի կացության վերաբերյալ։ Բայց այս զանգվածն առայժմ մեծամասնությամբ կրավորական վիճակում է գտնվում։

-Որքանո՞վ եք կարեւորում առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

-Ես եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը բացարձակապես չենք հավատում, որ այս ռեժիմի ներքո Հայաստանում հնարավոր կլինի որեւիցե  բան փոխել, նույնիսկ եթե Սփյուռքի հանրածանոթ դեմքերը ընտրության օրը հսկողություն իրականացնեն ընտրատեղամասերում։ Ընտրակեղծիքների գործընթացն այլեւս տեղի չի ունենում ընտրության օրը։ Հունվար ամսից արդեն սկսել էին շրջել տներով եւ զանազան սպառնալիքների ազդեցությամբ հերթագրել մարդկանց։ Հրապարակվող ընտրողների թիվը, որը շուրջ 2.500.000 է, արդեն ծիծաղելի է եւ ցույց է տալիս «չընտրությունների» արդյունքը։ Ավելին, կազմվող դաշինքների մեծամասնությունն էլ, Ս.Ս.-ին հլու-հպատակ լինելով՝ որպես կեղծ ընդդիմություն են ներկայանում։ Եթե կեղծ չեն, ինչու՞ չեն պահանջում բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։

Կարծում ենք՝ միայն «Սասնա ծռեր»-ով կգա հայոց փրկությունը։ Նախորդ տարվա հուլիսին դա գրեթե տեղի էր ունենում, բայց, ցավոք, ամբողջ հայությունը թիկունք չկանգնեց կամ բռնապետությունը արգելք հանդիսացավ եւ հնարավոր չեղավ ազատագրումը երկիրը կառավարող խունտայից:

-Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը:

-Ի սկզբանե նախընտրական քարոզարշավը ակնհայտորեն հավասար պայմաններում չի լինում։  «Ծառուկյան դաշինք»-ից բացի որեւիցե կուսակցություն կամ դաշինք չեն կարող մրցակցել Հանրապետականի անսպառ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հետ։ Խաղի կանոններն արդեն վաղուց խախտված են։ Մի «չընտրություն», որի արդյունքը ի սկզբանե հայտնի է։ Իմ գուշակմամբ, ովքեր որ համաձայն են Արցախի շուրջը գտնվող հայկական հողերը վերադարձնելուն՝ ՀՀԿ, ՀԱԿ, «Ծառուկյան դաշինք», կկազմեն հաջորդ խորհրդարանի մեծամասնությունը։ Եթե պարոն Ծառուկյանին իրենց խաղում ներգրաված չլինեին, թույլ չէին տա, որ «քաղաքականություն» վերադառնա։

Գյումրի

-Ունի՞ արդյոք իշխանությունն առավելություններ ընդդիմության հանդեպ կամ հակառակը: Ինչպիսի՞ նմանություններ եւ տարբերություններ եք տեսնում դրանց միջեւ:

-Իհարկե, իշխանությունները եւ իրենց հետ գործարքի մեջ մտած կեղծ ընդդիմությունը ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ իրենց չունեցած գաղափարախոսությունը գրեթե ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով տարածելու համար։ Գյումրու «Գալա TV»-ից բացի, Հայաստանում կա՞ այլ հեռուստաալիք, որը ներկայացնում է անկողմնակալ տեղեկատվություն։  Ես չեմ խոսում համացանցային ալիքների մասին, որտեղ «Ազատությունը» եւ «Սիվիլնեթը» լավ գործ են կատարում։

-Վերջերս Հաց բերող Արթուր Սարգսյանին 2-րդ անգամ ազատ արձակեցին: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Նա հանցագործ չէ եւ բանտարկված էր իբրեւ խղճի բանտարկյալ: Եթե ազատ չարձակվեր, նա կմահանար եւ դա կլիներ Ս.Ս.-ի կառավարման դաժան ավարտը։ Բայց խեղկատակություն է եւ ծիծաղելի, այսպես կոչված ընդդիմության դիմումով, ճիշտ ընտրարշավի առաջին օրը նրան ազատ արձակել կարողանալը։ Սա նաեւ Ս.Ս.-ի բեմադրությունն է՝ Եվրոպային ցույց տալու համար, որ նա լսում է իր «ընդդիմադիրների» խոսքը եւ ժողովրդավար է։ Դա արվում է նրա համար, որպեսզի Եվրոպան նրան մի քանի կոպեկ տա եւ նա այդ գումարները եւս ծախսի Մոնտե-Կառլոյի կամ Բադեն-Բադենի խաղատներում։

Եւ «Հաց բերող»-ի ազատ արձակման որոշումը ուղղելով դատախազության վրա, Ս.Ս.-ն այն տպավորությունն է ուզում ստեղծել, որ արդարադատության համակարգը Հայաստանում գործում է իշխանություններից անկախ։ Իսկ դա ամբողջությամբ սուտ է։

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Շ.Ոսկերիչյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դիտումներ՝ 509

Մեկնաբանել

comments