Սեյրան Օհանյանի «ընդդիմադիր» դոզան

Հայ հանրությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նախընտրական շրջանում ամենաարտառոց բաները լսելու, ոչ մի բանի վրա չզարմանալու համար: Ընտրությունների ժամանակ բոլորը սուրբ են ձեւանում, դառնում ամենաարդար, ժողովրդի, պետության դարդ ու ցավով ապրող մարդիկ:

Սրբի ու արդարի կերպարանք ընդունելու, ժողովրդին դուր գալու, ընտրողների համակրանքը շահելու ամենակարճ ճանապարհը իշխանությանը քննադատելն է, իրավիճակը բացասական գույներով ներկայացնելը, փոփոխությունների մասին խոսելը, ընդդիմադիր ճառաբանությունը: Սա Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական անմխիթար վիճակի իրական բնութագիրն է:

Սա հասկանում են բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները՝ հանրապետականները, որոնք եւս խոսում են փոփոխությունների, փոխելու ու փոխվելու մասին: Ի տարբերություն մյուսների, հանրապետականները, իհարկե, ինչ-ինչ դրական երանգներ ներկայացնում են, բնականաբար չեն էլ կարող չներկայացնել, քանի որ, ի վերջո, իրավիճակի ստեղծողներն իրենք են, եւ լրիվ անտրամաբանական կլինի, որ վերցնեն ու անխնա քննադատեն այդ իրավիճակը:

Իսկ ահա իշխանությունից դուրս գտնվողների համար անխնա քննադատությունը խնդիր չէ, նրանց ձեռքերն այս առումով ազատ են: Ձեռքերն ազատ են, բայց շատերի, մանավանդ մինչեւ վերջերս իշխանության մեջ գտնվողների առումով՝ ոչ հանրային հիշողությունը:

Մինչեւ վերջերս իշխանության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գնալով մեծացնում է իր խոսքի ու գնահատականների ընդդիմադիր դոզան: Նա պարբերաբար քաղաքական հայտարարություններ է անում ֆեյսբուքյան իր էջում, որոնցով ներկայացնում է Հայաստանի ներկայիս իրավիճակը, նաեւ ակնարկներ անում այդ վիճակի համար իր պատասխանատվության չափի մասին: Տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի օգտագործել անպատասխանատվություն բառը, քանի որ պաշտպանության նախկին նախարարն ամեն կերպ փորձում է իրենից հեռացնել պատասխանատվությունը, ինչ-ինչ պատճառաբանություններ գտնել դրա համար:

Իր վերջին գրառման մեջ խոսելով Հայաստանի «թուլացած տնտեսության», «ահագնացող արտագաղթի», «ժողովրդի հուսալքության», «իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության», «աղքատության մակարդակի՝ արդեն ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը հատելու» մասին, Սեյրան Օհանյանն իր պատասխանատու անպատասխանատվության մասով հայտարարում է. «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի եւ չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։

Այնուհետ հայտարարության մեջ նա էլ ավելի է ուժգնացնում ընդդիմադիր ելեւէջները, ընդգծում ամենաթողության, անարդարությունների, օրենքի առջեւ հանրային անհավասարության, յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու, կոռուպցիայի, մի խոսքով, իր արտահայտությամբ՝ «երկրում քաղաքականության, տնտեսության եւ հասարակության մեջ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին»:

Իր նշած երեւույթները, իրավիճակն Հայաստանում եղել են տարիներ շարունակ, ստեղծվել են իր աչքի առաջ, ինչու ոչ, նաեւ՝ իր մասնակցությամբ (hիշենք նրա դերակատարությունը Մարտի 1-ի ժամանակ): Ս. Օհանյանը նախկինում երբեւէ չի ընդդիմացել այդ վիճակին, չի խոսել դրանց մասին, թեեւ, լինելով կառավարության անդամ, դրա հնարավորությունը լիարժեքորեն ունեցել է: Ինչքան էլ փորձի իր զբաղեցրած պաշտոնը, ունեցած իրավասությունները, պաշտոնական գործառույթները անմասն պահել այդ խնդիրներից, չի ստացվի, թեկուզ հենց այն պատճառով, որ շատ հարցերում բանակում էլ են եղել ու կան այդ խնդիրներն ու երեւույթները՝ կոռուպցիա, վատնումներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, օլիգարխ գեներալներ եւ այլն, եւ այլն: Սրանք էլ հո իր պատասխանատվության ներքո են եղել:

Առաջին լուսանկարը` Մեդիալաբ-ի

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 109

Մեկնաբանել

comments