Պաշտպանության նախկին նախարարի «հեղափոխականությունը»

Ընդդիմադիր դարձած՝  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքի հնչերանգները գնալով առավել արմատական են դառնում: Հայտնի է, որ նա իր մոտեցումները պարբերաբար ներկայացնում է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ շարադրում է քաղաքական ներկա իրավիճակի մասին իր գնահատականներն ու մտորումները, դրանից դուրս գալու ելքերը:

Սեյրան Օհանյանի հերթական գրառում-հայտարարությունը արդեն «հեղափոխական» բնույթ ունի: Ինչպես արմատական ընդդիմադիրները, նա Հայաստանի իշխանական համակարգը անվանում է արատավոր: Հայտնի է, որ համակարգված ձեւով առաջին անգամ Հայաստանի իշխանությանն ու ձեւավորված համակարգին այս բնութագիրը տվեց Լեւոն-Տեր Պետրոսյանը՝ 2008-ի ընտրությունների ժամանակ. արատավոր համակարգ արտահայտության հետ մեկտեղ նա օգտագործեց նաեւ ավազակապետություն հասկացությունը՝ որպես քաղաքական բնորոշում:

Սեյրան Օհանյանն այդ ժամանակ տվյալ արատավոր համակարգի ու ավազակապետության ներկայացուցիչներից էր եւ ոչ երկրորդական դեր կատարեց այդ համակարգը պահպանելու գործում:

2008-ի սկիզբ առած համաժողովրդական շարժումը ուղղված էր այդ արատավոր համակարգի դեմ: Արատավոր համակարգ նշանակում է՝ պերմանենտ կեղծված ընտրություններ, բռնի միջոցներով իշխանության վերարտադրություն, օրինական ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման անհնարինություն, կոռուպցիա ու ալան-թալան, անհավասարություն ու անօրինականություններ կյանքի բոլոր ասպարեզներում, մարդկանց իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ:

Սեյրան Օհանյանի՝ իշխանության մեջ եղած երկար ու ձիգ տարիներին, այս ամենը այնքան արմատացած է եղել մեր իրականության մեջ, որ չնկատել չէր լինի: Դրանք մեկ օրում կամ ամսում ստեղծված երեւույթներ չեն, եւ Սեյրան Օհանյանը դժվար թե հասու չլիներ այդ երեւույթների գոյությանը: Նա տեսնում ու լռում էր: Ավելին՝ պաշտպանում: Մարտի 1-ի հայտնի հրամանը վկա՝ որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Խոսելով գործող արատավոր համակարգի ու դրա վտանգների մասին, այսօր Սեյրան Օհանյանն հայտարարում-զգուշացնում է. «Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան. եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով եւ ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»:

2008-ին ոտքի ելած ժողովուրդը փորձում էր խաղաղ ճանապարհով ու ընտրությունների միջոցով փոխել այդ արատավոր համակարգը: Այդ ժամանակ որտե՞ղ էր Սեյրան Օհանյանը: Այո, այո, նա բռնի ուժով ճնշում էր արդարության հաստատման համար ոտքի ելած ժողովրդին:

2013-ին եւս նույն ժողովուրդը դեմ էր դուրս եկել արատավոր համակարգի դեմ: Սեյրան Օհանյանն էլի այդ համակարգի հետ էր:

Հ.Կիրակոսյան

Դիտումներ՝ 79

Մեկնաբանել

comments