Գյումրու խնդիրները չեն քննարկել. այցելելու է վարչապետը

Կիրակի օրը Գյումրի էր այցելել Սերժ Սարգսյանը: Մոտ 3 ժամ նա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում փակ խորհրդակցություն է ունեցել պատգամավորի որոշ թեկնածուների, մարզպետի տեղակալների, Գյումրու քաղաքապետի հետ:

Ս.Սարգսյանի այցի եւ փակ խորհրդակցության ընթացքում ոստիկանությունը հսկում էր քաղաքի կենտրոնը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքը փակ էր ավտոմեքենաների եւ բնակիչների համար:

Գյումրի

Գյումրու բնակիչներից շատերին այդպես էլ չհաջողվեց անմիջապես նամակ հանձնել Սերժ Սարգսյանին: Ներկաներից մեկը, ով, հավանաբար, Ս.Սարգսյանի աշխատակազմից էր, տեսնելով Գյումրու տարեց բնակչի տրցակներով նամակը, ասաց, թե նամակների թիվն այնքան շատ է, որ չգիտեն ինչ անեն:

Կենտրոնական այգու մոտից փորձում էր տեխնոլոգիական կենտրոն հասնել տարեց մի կին եւս, սակայն տարածքը փակող քաղաքացիները մուտքն արգելեցին, կնոջն համոզեցին հեռանալ:

Մեր տեղեկություններով՝ Ս.Սարգսյանն ու իրեն առաջնորդող աշխատակազմը Գյումրուց հեռացել են բավական արագ եւ կրկին ոստիկանության հսկողությամբ:

Փակ խորհրդակցության քննարկման առաջնային թեման խորհրդարանական ընտրություններն են եղել եւ ընտրությունների ընթացքը:

Գյումրի

«Ասպարեզը» Գյումրու քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե Ս.Սարգսյանի հանդիպման ընթացքում արդյո՞ք քննարկվել են Գյումրու զարգացման ծրագրեր, եթե այո՝ ապա ինչպիսի՞: Բալասանյանը Գյումրուն վերաբերող հարցեր ուղղե՞լ է արդյոք Ս.Սարգսյանին, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ի՞նչ հարցեր են քննարկվել:

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը փոխանցել է հետեւյալը.

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող  կազմակերպչական հարցեր: Առաջիկա օրերին Գյումրի կայցելի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի ընթացքում կքննարկվեն Գյումրու զարգացման ծրագրին առնչվող հարցեր»:

Պատասխանից էլ պարզ է, որ աղքատության ու թշվառության ճիրաներում հայտնված հանրապետության երկրորդ քաղաքի հիմնախնդիրներն ու հիմնախնդիրների լուծումը Ս.Սարգսյանի համար երկրորդական են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Գյումրի

Փակ խորհրդակցության օրը անտրամաբանական էր ոստիկանության այդչափ հսկողությունը, ճանապարհներ փակելը, բնակիչներին համոզելը, տեխնոլոգիական կենտրոնին չմոտենալու հորդորները, երբ քաղաքացիները ընդամենն իրենց դարդ ու ցավի մասին հանդիպել էին ուզում Ս.Սարգսյանին, կամ փորձում նամակ հանձնել:

Անի Մկրտչյան

 

Դիտումներ՝ 443

Մեկնաբանել

comments