Սերժ Սարգսյանի եվրոպական նոր սիրախաղերը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Սերժ Սարգսյանը Բրյուսելում կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել են, թե Հայաստանը եւ Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Նրանք նաեւ մի քանի ռեւերանսներ են արել իրար հանդեպ, խոսել համաձայնագրից դրական ակնկալիքների, Եվրամիության ու Հայաստանի փոխշահավետ համագործակցության մասին:

Դոնալդ Տուսկը, մասնավորապես, ասել է. «Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը` հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը, որը մենք կիսում ենք եւ այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք միասին: Մենք ակնկալում ենք առավել ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը եւ շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առեւտրի ու ներդրումների, ինչպես նաեւ շարժունակության ոլորտներում՝ ի շահ մեր քաղաքացիների: Մենք այսօր քննարկել ենք նաեւ այն արժեքները, որոնք մենք կիսում ենք, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հանդեպ մեր հավատարմությունը, որոնք ընկած են մեր նոր համաձայնագրի եւ մեր հետագա համագործակցության հիմքում»: Նա նաեւ մատնանշել է, ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, նրա առաջին միջազգային դոնորը եւ բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը:

Սերժ Սարգսյանն էլ է շեշտել Հայաստանին Եվրոպայի ֆինանսական աջակցության պահը (իր համար ամենահետաքրքիրը դա է թերեւս). «Եվրամիությունը Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին եւ տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական եւ բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում: Մենք վճռական ենք` առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար: Շնորհակալ եմ այս աջակցության համար»:

Կարծես պատմությունը կրկնվում է: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանը՝ որպես այդպիսին, չէր ընդունվում միջազգային կառույցների ու շատ պետությունների ղեկավարների կողմից, իր լեգիտիմության հարցը լուծելու համար ձեռնարկեց ԵՄ ասոցացման օպերացիան, տարիներ շարունակ բանակցություններ էին վարվում դրա շուրջ, մշակվում տարբեր փաստաթղթեր, հայտարարվում էր Հայաստանի՝ Եվրոպական ընտանիքին մաս կազմելու այլընտրանքի բացակայության մասին:

2012 թվականի խորհրդարանական ու 2013-ի նախագահական ընտրությունների շրջանում եւս Սերժ Սարգսյանն ու իշխանությունը խաղարկում էին Եվրամիության անդամակցության պահը, դրա դիմաց ստանալով եվրոպական կառույցների աջակցությունն իրենց ձեռնարկներին, նաեւ եվրոպաշտոնյաների «աչքփակոցին» ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրակեղծիքների հանդեպ:

Ընտրություններն ավարտվեցին, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մնացին իշխանության գլուխ, եւ շատ կարճ ժամանակ անց, երբ հաշված շաբաթներ էին մնացել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուն, Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, որ դա է մեր միակ ճանապարհը:

Այժմ Հայաստանում նորից ընտրական շրջան է: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերարտադրվելու խնդիր ունեն, նաեւ, թերեւս, լեգիտիմության հարց, քանի որ այդ վերարտադրությունը ենթադրում է կեղծված ընտրություններ, օրինականության պակաս: Իսկ ո՞վ կօգնի այդ հարցերում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին. իհարկե, ամենահաս Եվրոպան, որն այդ աջակցության մեջ հետապնդում է իր շահերը:

Իսկ թե ընտրություններից հետո ինչ ճակատագիր կունենա Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագիրը, կարելի է միայն ենթադրել ու հիշել եվրոասոցացման պատմությունը:

Չնայած այդ շրջանակային համաձայնագրի ստեղծման ձեռնարկը եղել էր ավելի վաղ, բայց որ Սերժ Սարգսյանի եվրոպական նոր սիրախաղերն ու հենց այս փուլում համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը ուղղակի կապ ունեն ընտրական գործընթացների հետ, ակնհայտ է:

Հ. Կիրակոսյան

Լուսանկարը՝ armenpress.am-ի

Դիտումներ՝ 40

Մեկնաբանել

comments