«Համալսարանում չորս չէի ստանում, որ մայրս չտխրեր»

«Տարիքով մարդկանց հետ մի հատ էլ ջահել տղա էր նստում, էդ ես էի»

Շուրջ 45 տարի պետական պաշտոն զբաղեցրած Սերգեյ Նազարեթյանն ապրում է բավական համեստ ու պարզ կյանքով, շենքի առաջին հարկի մեկսենյականոց բնակարանում պարոն Նազարեթյանն իր կնոջ` տիկին Սուսաննայի հետ ապրում է համատեղ կյանքի առաջին տարիներից:

Տիկին Սուսաննան, ով նախկինում աշխատել է Գյումրու թիվ 11 դպրոցում` որպես մանկավարժ, ապա նույն դպրոցի տնօրեն, անկեղծանում է. «Սերգեյը չի սիրում, որ իրեն գիտնական են ասում, միշտ ասում է` ես գիտաշխատող եմ»:

Համեստ ու հարմարավետ բնակարանի հյուրասենյակի պատերին դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի սիրելի նվերներն ու իրերն են խնամքով փակցվել, Շիրակի մարզի, ՀՀ ու արտերկրյա արվեստագետների գործերը կողք կողքի են դրվել: Մեկ-մեկ թվարկում է պարոն Նազարեթյանն ու հակիրճ պատմում նվերների մասին: Խոստովանում է` մի մասը նվիրել են, մյուս մասը ճարել է: Երեք տասնյակից ավել երկրներում է եղել Սերգեյ Նազարեթյանը, յուրաքանչյուր երկրում մի խորհրդանիշ գնել է: Առանձնացնում է բնական քարերի մի հավաքածուն ու ասում. «Կիսաթանկ քարեր են, Տաջիկստանում վիճակը շատ վատ է, մեզնից հազար անգամ վատ է, էնտեղ շատ էժան են այս քարերը»:

Հավաքածուների, նվերների եւ թանկագին իրերի կողքին ընտանեկան նկարն է. Ս.Նազարեթյանի ծնողները, քույրը, 2 եղբայրն ու ինքը:

«Երեք եղբայր, մեկ քույր. եղբայրս ավտովթարի հետեւանքով մահացել է: Մարզպետ էին նշանակել, գնում էին նախագահի մոտ հաստատելու…»,-պատմում է նա:

Ս.Նազարեթյանի մանկությունն անցել է Շիրակի մարզի Հառիճ գյուղում` հարուստ բնության գրկում, այսօր գյուղի ղեկավարը նրա եղբայրն է` Ռոլանդ Նազարեթյանը:

Ս.Նազարեթյանը հայրենի գյուղը շատ է սիրում: Մանկության տարիներն հիշելով` պատմում է, որ մանկավարժ ծնողները խստապահանջ են եղել:

-Չար չէինք, բայց խելոք էլ չէինք, քանի որ ծնողներս մանկավարժ էին, շատ խիստ էին, մեզ անընդհատ հսկում էին, եթե դպրոցում մեկը անկարգություն  էր անում, առաջին պատժվողը մենք էինք, կարեւոր չէ` մասնակի՞ց էինք անկարգությանը, թե՞ ոչ: Լավ եմ սովորել դպրոցում, գերազանց,-ասում  է Ս.Նազարեթյանը:

Դպրոցն ավարտելուց հետո Ս.Նազարեթյանն ընդունվել է Երեւանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի բաժինը, գերազանց է ավարտել:

«Այդ տարի շատ դժվար էր ընդունվելը, որովհետեւ դպրոցները 2 ձեւով շրջանավարտներ տվեցին` 10-րդ եւ 11-րդներ: Երկրաֆիզիկա ընդունվողները եթե 5 քննությունից 2-3-ը գերազանց չստանային, չէին ընդունվի: Ես մի հատ 4 եմ ստացել, 4 քննությունն էլ գերազանց եմ հանձնել, հետո կարմիր դիպլոմով ավարտեցի համալսարանը, ընդունվեցի ասպիրանտուրա»:

1978 թվականին` ընդամենը 30 տարեկանում Ս.Նազարեթյանը ստացել է գիտական առաջին աստիճանը` երկրաբանահանքաբան, գիտությունների թեկնածու, իսկ 10 տարի անց` 1988-ին, ստացել է դոկտորի աստիճան, 1999-ին Ս.Նազարեթյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա 1997-ից բնապահպանության եւ կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, 2000-ից` Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 2003-ից` Հայաստանի ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս:

Գիտական գործունեության տարիները վերհիշելով` Ս.Նազարեթյանն առանձնացնում է. «88-ին պաշտպանել եմ դոկտորական, 40 տարեկան էի, ոլորտը սեյսմոտեկտոնիկա էր, սովետի մեջ ամենաջահել դոկտորը այդ ոլորտում ես էի, համամիութենական միջոցառումների ժամանակ ընդունված էր, որ դոկտորներին նստեցնում էին վերեւում` պատվավոր նախագահությունում, տարիքով մարդկանց հետ մի հատ էլ ջահել տղա էր նստում, էդ ես էի. հետո մենք էլ սկսեցինք մեծանալ»-շարունակում է: Դոկտորականը պաշտպանելուց հետո եղավ երկրաշարժ, երկրաշարժով անընդհատ զբաղվել եմ…»:

Սեղանին դրված ընտանեկան ալբոմի էջերն է թերթում պարոն Նազարեթյանը, դասավորում որոշ լուսանկարներ, առանձնացնում մի քանիսն ու թվարկում, հերթով պատմում.

«Ուսանող ժամանակ գնացել ենք զինվորական կուրսերի. դուստրս, տիկինս, ես` 1982 թվականն է, այստեղ արդեն աշխատում էի, գիտությունների թեկնածու էի, էս իմ թոռներն են, 2 տղա թոռ ունեմ, այստեղ էլ Ղարաբաղ էինք գնացել, Տիգրանակերտի թանգարանում ենք»:

Սեւ ու սպիտակ լուսանկարներում Սերգեյ Նազարեթյանն է` մանուկ ու պատանի հասակում, բնության գրկում եւ ուրախ:

«Մանկության տարիներից աշխույժ էրեխա եմ եղել, ոչ շատ խելոք, ոչ էլ շատ չար, աշխատասեր եմ  եղել, ծնողներս երբեք չեն ասել` նստի դասերդ սովորի, սովորել եմ: Հատկապես մայրս շատ էր սիրում, որ մենք կրթություն ստանայինք, իր ուշքը գնում էր, որ մենք ցածր գնահատական էինք ստանում, համալսարանում 4 չէի ստանում, որ մայրս չտխրեր, երբ ավարտեցի համալարսանը, կյանքի ընտրության 2 ուղի կար. մեկը` առաջարկեցին Արթիկի կոմերիտմիության շրջկոմի քարտուղարի պաշտոնը, մյուսը` ասպիրանտուրա: Մայրս ասաց` պիտի գնաս ասպիրանտուրա: էն ժամանակ կոմերիտմիության շրջկոմի քարտուղարը լուրջ տրամպլին էր` արագ առաջ գնալու համար, բայց մայրս ասաց` ոչ, ես էլ համաձայնեցի: Հետո կյանքը ցույց տվեց, որ խորհրդային միությունը փլուզվելուց հետո կուսակցական շատ պաշտոնյաներ անգործ մնացին, ես շարունակեցի աշխատել, հաճույք ստացա եւ ահագին օգուտ տվեցի մեր երկրին»:

Ս.Նազարեթյանը 384 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում` 6 գրքի եւ 2 գյուտի: Զեկույցներ է կարդացել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, գերմանիայում, Չեխիայում, Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում եւ այլուր: Հիմնադրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության սեյսմոտեկտոնիկայի լաբորատորիան, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքը` այժմ հյուսիսային ծառայությունը, Գյումրու երկրատեղեկատվական համակարգերի կենտրոնը, «Կայունություն եւ առաջընթաց» ՀԿ-ն:

1971-1992-ին Ս.Նազարեթյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում, նախ որպես` կրտսեր գիտաշխատող, ապա գիտական քարտուղար, լաբորատորիայի վարիչ, 1981-ից արդեն տնօրենի գիտական գծով տեղակալ: 1992-ից ղեկավարել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենի պաշտոնը, վերջին տարիներին տնօրենի խորհրդականն է:

Գիտական գործունեության ընթացքում Ս.Նազարեթյանին շնորհվել են մեդալներ, հուշամեդալներ, պատվոգրեր` ՀՀ նախագահի Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալ, ՌԴ. Մ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ, Գյումրու Ոսկե զինանշան մեդալ, ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից եւ այլն:

«Մեր քաղաքի մեր մարզի ղեկավարության բոլոր մեդալներն համարյա ունեմ, բոլոր բարձրագույն պարգեւները տվել են: Ես փորձել եմ միշտ համագործակցել, իհարկե, չզիջելով, չկորցնելով օբեյկտիվությունը, ինձ դրա համար են հարգում, որ ես գլուխ չեմ խոնարհում, միաժամանակ անտեղի պրոբլեմներ չեմ սարքում»:

Շարունակելի

Արխվային լուսանկարները տրամադրել է Ս.Նազարեթյանը

Անի Մկտչյան

Դիտումներ՝ 919

Մեկնաբանել

comments