Ո՞վ է տերը. մշակութային արժեք է ոչնչանում

Քանդման եզրին է «Սասունցիների պարը»

Մշակութային մայրաքաղաք ճանաչված Գյումրիում հերթական մշակութային արժեքն է ոչնչանում: Գյումրու Սեւյանի պալատի կիսաքանդ ու աղբակույտերով հարուստ շինության պատերին քանդվում ու քայքայվում է քանդակագործ Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանկարը: Խճանկարի ստեղծման տարեթիվ նշվում է 1976-ը: 25 տարուց ավել անձրեւի, ձյան տակ այն շարունակում է քայքայվել: Մոտ 1-2 տարի առաջ մշակույթի նախարարությունը գրավոր տեղեկացրել էր, որ ինչպես Սեւյանի մշակույթի տունը, այնպես էլ դրա տարածքում գտնվող հանրապետական նշանակության «Սասունցիների պարը» (պետ. ցուցիչ` 7.1.4.852, 1976 թ., քանդակագործ՝ Ֆ. Մանուկյան) խճանկարը՝ որպես պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ, օրենքով ենթակա չեն ապամոնտաժման:

Հետեւաբար, խճանկարը կփրկվի միայն մի դեպքում, երբ կառույցը վերականգնվի: Իսկ Սեւյանի կամ նախկին երկաթուղայինների պալատի վերականգնման փորձերը միայն սկսվում եւ ավարտվում են սին խոստումներով:

 

Պալատի ճակատագրի վերաբերյալ «Ասպարեզը» նախորդ տարեվերջին հարց ուղղեց «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուր Արմեն Ամիրյանին: «Արդյո՞ք դա մշակույթի նախարարությանն է պատկանում,-նախ ճշտող հարց տվեց նախարարը, ապա շարունակեց,-այո, հրաշալի շենք էր, մեր վերջին այցելության ժամանակ, երբ հանրապետության վարչապետի հետ ես էլ էի այցելել Գյումրի, այս հարցը հնչեց մեր սիրելի Հասմիկ Կիրակոսյանի կողմից եւ վարչապետի հավանությանն արժանացավ, սակայն պետք է փնտրել ու գտնել լուծումներ այս խնդիրը լուծելու համար: Ամենակարեւորը` հարցն արդեն բարձրացված է»,-ավարտեց նա:

Հերթական խոսքն ու ապագայի ուրվագիծը, փաստորեն, այս անգամ էլ Արմեն Ամիրյանը տվեց, նա, հավանաբար, եւս քաջատեղյակ է, որ պալատի վերականգնման հարցը արդեն 25 տարուց ավել է` բարձրացված է, սակայն շարունակում է անուշադրության մատնվել, ավելին` երբեմնի մշակութային կարեւոր կենտրոնը գարշահոտությամբ, կեղտով ու աղբով է այսօր հայտնի դարձել: Շրջապատի թափառաշրջիկները, ընտանի կենդանիները այստեղ հաճախ են այցելում: Մինչդեռ Լենինականում մշակութային ակտիվ կյանքի կենտրոններից այս մեկը ժամանակին ինքնատիպ է եղել ոչ միայն արտաքինից, այլեւ` ներքին հարդարմամբ, քաղաքի մշակութային կարեւոր իրադարձությունների եզակի կենտրոններից է եղել. պալատի շենքը կառուցվել է եւ շահագործման է հանձնվել դեռ 1930-ականներին:

2009-ին կառավարությունն անգամ գումար էր հատկացրել Սեւյանի պալատի վերակենդանացման նպատակով, սակայն գումարը եկել եւ, պաշտոնյաների խոսքով, կրկին վերադարձել է պետական բյուջե` պատճառը եղել է բյուջեի սուղ միջոցները, շենքի վերակառուցումն այդ տարիներին չի համարվել առաջնային:

Պակաս շռայլ խոստումներ չհնչեցին նաեւ Գյումրու քաղաքապետարանում, երբ 2014-ին, ավագանու որոշմամբ, շենքն ընդգրկվեց համայնքային հաշվեկշիռ, այս անգամ էլ Գյումրու ՏԻՄ-ը սկսեց ծրագրերից խոսել, սակայն դեռեւս կրկին ապարդյուն: Պալատի վերակառուցման ապագան քննարկվել է Ռուսաստանի հայերի միության կազմակերպություններից մեկի` «Արաքսի» հետ:

Մյուս կողմից էլ Գյումրու նախկին երկաթուղայինների մշակույթի պալատը որպես ֆիլհարմոնիայի դահլիճ վերակառուցելու հարցը 1-2 տարի առաջ քննարկվել է ՀՀ քաղաքաշինության եւ մշակույթի նախարարություններում, նախաձեռնությունը եղել է  «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնինը:

Մշակույթի պալատի վերականգնման մասին մեկ տողով անդրադարձ կա նաեւ Գյումրու հնգամյա զարգացման ծրագրում` 2017-2021թթ: Ըստ ծրագրի` վերականգնման ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն դրամ է: Աշխատանքները սկսվելու են 2017-ին եւ ավարտվելու են` 2021-ին: 2017-ին կատարվելու է աշխատանքի 17 տոկոսը, 2018-ին, 2019-ին, 2020-ին` ընդհանուր 75 տոկոս. յուրաքանչյուր տարում` 25 տոկոս, իսկ 2021-ին` 8 տոկոս: Ֆինանսավորման աղբյուրը, սակայն, չի նշվում. սա կրկին ենթադրում է, որ պալատի վերականգնումը նորից իրատեսական չէ եւ երեւակայական մտքի արդյունքներից հերթականն է դարձյալ ամրագրվել թղթին:

Ահա այսպիսի լավատեսական ծրագրերով ինչպես Գյումրու քաղաքապետարանը, այնպես էլ կառավարությունը ներկայանում են արդեն 25 տարուց ավել` անտերության մատնելով խճանկարը, միաժամանակ` կառույցը, որը օրըստօրե նմանվում է լքված աղբավայրի:

 

 

 

 

 

 

 

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 168

Մեկնաբանել

comments