Ռ.Սանոյանը տեղեկությունները կեղծ ու սուտ է համարում

asparez.am կայքում հրապարակված «Ս.Բալասանյանի փեսան թոռանը «Mercedes c cllas» է նվիրել» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դստեր` Լուսինե Սանոյանի ընտանիքի ունեցվածքին: Նա Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրն է:

Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո Ռ.Սանոյանն արձագանքել եւ կեղծ ու սուտ է որակել հրապարակված տեղեկությունները: «Այստեղ ոչ մի ճիշտ տեղեկություն չկա, ամբողջը կեղծ ու սուտ է: Լրիվ հերյուրանք է` սկզբից մինչեւ վերջ»,-ասում  է Ռ.Սանոյանն ու մեկ-մեկ ընթերցում հոդվածի տողերը:

-«Հորից եւ քեռուց պակաս ազդեցիկ չէ նաեւ Լուսինե Սանոյանի ամուսինը՝ Հրանտ Աբրահամյանը: Նա «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավարի տեղակալն է»: Նախ առաջին սխալը. նա չի աշխատում «Հայբիզնեսբանկում», չի աշխատում էնտեղ, սուտ է: Դա առաջին սուտը:

«Բավական ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նեմեց Ռուբոյի» հետ». սա էլ է սուտ:

«Լուսինե Սանոյանն աշխատում է քեռու սեփական կառույցում` «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում, զբաղեցնում է հնեցման արտադրամասի բաժնի պետի պաշտոնը». այդպիսի պաշտոն չի զբաղեցնում: Լուսինե Սանոյանը փոխտնօրենն է: Սա էլ 3-րդ սուտը:

«Լուսինե Սանոյանը ունի երեք սեփական գեղեցկության սրահ, որից մեկը` «Սոլո բյութի» գեղեցկության սրահը, գտնվում է Գյումրու կենտրոնում, իսկ մյուս երկուսը` մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում». 4-րդ սուտը, Երեւանում սալոն չունի Լուսինե Սանոյանը:

«Լ.Սանոյանն ամուսնու եւ որդիների հետ բնակվում է Գյումրու Շիրակացի փողոցի իրենց շքեղ առանձնատանը». 5-րդ սուտը: Տնակում են ապրում, գառաժի վրա տնակ է եղել: Երկրաշարժից հետո տնակի վրա քարով շարած` մի փեղկանի լուսամուտներով: Կարող եմ հասցեն տալ, գնաք նկարեք:

«Ընտանիքն աչքի է ընկնում նաեւ ակտիվ շրջագայություններով: 2016 թվականի վերջին Լուսինե Սանոյանը հանգստացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում». 6-րդ սուտը: Լուսինե Սանոյանը գնացել, մասնակցել է կոնֆերանսի, հրավերքով` 2-3 օրով: Էս եղավ 6-րդ սուտը:

Ու բոլորը ճշտման ենթակա են, ես կարող եմ փաստաթղթերով ասել` ինչու է գնացել, ինչի է մասնակցել: Որոշել էի մամուլի ասուլիս հրավիրել, բայց, իրոք, թույլ չեմ տալիս ինձ:

««Ասպարեզի» տեղեկություններով՝ Լուսինե Սանոյանը վարում է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա». սուտ է, այդ մակնիշի մեքենա ինքը չունի, վարում է ուրիշ մակնիշի մեքենա: Միշտ ծիծաղելով ասում եմ` փոքր հեծանիվի պես, բայց Տոյոտա չէ, դա էլ կարող եմ ճշտել, ասել: Էս էլ եղավ 7-րդ սուտը:

«Թվարկված կարողությունները եւ ճոխությունները եզրափակում է ավագ որդու՝ Հենրիկի «Mercedes c cllas» վերջին սերնդի թանկարժեք ավտոմեքենան, որի շուկայական արժեքը 60-100 հազար ԱՄՆ դոլար է: Հավաստի տեղեկություններով` մեքենան աղջկա որդուն՝ չափահաս դառնալու առիթով, նվիրել է քաղաքապետի տեղակալ պապիկը».  Ցէ կլաս չունենք: Ես արդեն 10 տարի է` ունեմ Մերսեդես էս կլասի` հին կլասի, որը կարող եք Լիստ էյեմ-ով նայել, 17 հազա՞ր է, ի՞նչ է, չի վաճառվում:

«60-100 հազար ԱՄն դոլար». լավ դե, էլի. ես շատ բան ունեմ, որ ինքը չի գրել. կարող եմ ասել: Բայց չունեցածներս պետք չէ, էլի: Բաներ կա, որ ունեմ, չի գրել:

«Հավաստի տեղեկություններով` մեքենան աղջկա որդուն՝ չափահաս դառնալու առիթով, նվիրել է քաղաքապետի տեղակալ պապիկը». էդ 10 տարի է, էդ մեքենան մենք ունինք, տունը ով ասես քշում է էդ մեքենան, էդպես նվեր-մվեր չկա մեր տանը, ով շուտ հասավ, կօգտագործե, էդպես բաներ չկան: Էդպես, 10 հատ սուտ էղա՞վ:

Եթե բերի ապացուցի, որ ունեն շքեղ առանձնատուն, Երեւանում սալոններ, երդվում եմ ամենայն ազնվությամբ, տղամարդկային խոսք եմ տալիս, դրանք ես իրեն նվեր եմ տալու, էն ամենասրբությամբ ասում եմ` իրան նվեր եմ տալու: Մեքենան էլ 15 հազարով եմ տալու (նկատի ունի 15 հազար ԱՄն դոլարով վաճառելը.հեղ.): Ով որ չտա, էն ամենաստոր մարդը կլինի, իսկ ով էլ չգա վերցնի, ինքն էլ է ստոր,-խոսքն ուղղելով «Ս.Բալասանյանի փեսան թոռանը «Mercedes c cllas» է նվիրել» վերնագրով հոդվածի հեղինակին` եզրափակում է Ռ.Սանոյանը:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 954

Մեկնաբանել

comments