Սահակ Մինասյանը պարտքը վճարել է ստանալու հույսով

«Ասպարեզը» Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանից խնդրել է պարզաբանում համալսարանի ենթակայությամբ գործող մշակույթի վարժարանի աշխատավարձի պարտքի եւ այս գործով դատական պահանջների զարգացումների վերաբերյալ:

«Արդեն աշխատողները ստացել են իրենց աշխատավարձերը՝ անկախ դատական գործընթացի ավարտից: Ես՝ որպես իրավահաջորդ, հանձնարարել եմ, վճարումները կատարվել են: Դատավարության արդյունքով պայմանավորված՝ մեր վճարած գումարը պատասխանատու կողմը պետք է փոխհատուցի այս պարագայում բուհին»,-ասաց Ս.Մինասյանը:

«Ասպարեզը» հետաքրքրվել է նաեւ, թե ընդունման-հանձնման գործընթացում արդյոք բուհը չի իմացել այս պարտքերի մասին:

Սահակ Մինասյան«Բուհը պարտավոր չէր աշխատավարձը վճարելու, որովհետեւ բուհի մեղքով չի գոյացել աշխատավարձի պարտքը: Բուհը՝ որպես իրավահաջորդ, դպրոցն ընդունել է իր համակազմ արդեն իսկ պարտքով: Ոչ նախկին ռեկտորը, ոչ ես խնդրի հետ կապված պատասխանատվության որեւէ խնդիր չունենք: Քանի որ խոսքը վերաբերում է մեր աշխատակիցների աշխատավարձին, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ միայն այս պատճառով մենք վճարել ենք՝ հույս ունենալով, որ դատարանի վճռից հետո մեղավոր կողմից կգանձվի այդ գումարը եւ կվերադարձվի բուհին»:

Ի դեպ, այս խառնաշփոթ պատմությունը մամուլում հայտնվեց նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Աշխատավարձի պարտքը մոտավորապես կազմում էր 2 մլն ՀՀ դրամ: Ս.Մինասյանը, սակայն, այս ընթացքում պարտքի փակման մասին չէր խոսում:

2016 թվականի դեկտեմբերին «Ասպարեզը» եւս անդրադարձել էր այս հարցին: «Ս.Մինասյանը միլիոնների հասնող պարտքը կփակի՞» հոդվածում հրապարակել էինք, որ   չվճարված աշխատավարձերի եւ աշխատավարձերի կետանցի տուգանքների բռնագանձման պահանջով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ արդեն` Շիրակի պետական համալսարանի) մշակույթի վարժարանի 3 տասնյակից ավել աշխատող: Սակայն դատավորը գործին ծանոթանալուց հետո որոշել է հայցապահանջը եւ կից այլ փաստաթղթեր վերադարձնել հայցվորներին, պատճառ նշվում է հայցապահանջի ոչ հստակ լինելը:

2016 թվականի նոյեմբերին, ըստ «Դատալեքս» կայքի հրապարակման, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանը, ծանոթանալով գործին, պարզել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումում պետք է նշված լինեին հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը: Սույն դեպքում հայցվորների ներկայացուցիչը, հայցադիմումում, շարադրելով գործի փաստական հանգամանքները, եզրափակիչ մասում դատարանին խնդրել է պատասխանողից բռնագանձել հայցվորների չվճարված աշխատավարձերը եւ դրանց վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տուժանքի գումարները: Փաստում եմ, որ հայցվորների անունից դատարանին ըստ էության ներկայացվել է գույքային (գումարի բռնագանձման) պահանջ, սակայն հայցադիմումի եզրափակիչ մասում չի նշվել բռնագանձման ենթակա գումարի չափը, կամ որ նույնն է՝ հայցագինը, ինչպես նաեւ չի բերվել բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը»:

Վերոգրյալից հետեւում է, որ հայցվորների անունից դատարանին ներկայացվել է ոչ հստակ պահանջ:

պահանջատեր

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները: Տվյալ դեպքում հայցվորների ներկայացուցիչը հայցադիմումում նշել է, թե հայցվորները չեն ստացել 2013-2014 թվականների ուսումնական տարվա դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը, սակայն չի նշել այն ապացույցները, որոնցով հիմնավորվում է նրա կողմից վկայակոչված փաստը: Չի նշվել նաեւ այն ապացույցը, որով հիմնավորվում է այն հանգամանքը, որ ուսուցիչները դիմել են «Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժ/պ Սահակ Մինասյանին, սակայն ստացել են մերժում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջները:

Վերոշարադրյալի հիման վրա գտնում եմ, որ հայցվոր կողմը չի պահպանել հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջները, ինչը հիմք է՝ հայցադիմումը վերադարձնելու համար:Անհրաժեշտ եմ համարում փաստել նաեւ հետեւյալը. հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող նշվել է «Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» մշակույթի վարժարան ՊՈԱԿ-ը, իսկ եզրափակիչ մասում՝ «Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը:

Անդրադառնալով հայցվոր կողմի միջնորդությանը՝ ապացույց պահանջելու վերաբերյալ, փաստում եմ հետեւյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաեւ ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:Նշված իրավանորմի էությունից բխում է, որ ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն կարող են ներկայացնել միայն գործին մասնակցող անձինք եւ միայն այն դեպքում, երբ հիմնավորում են, որ հնարավորություն չունեն անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու:

Նման պայմաններում գտնում եմ, որ հայցադիմումը վարույթ ընդունված չլինելու պարագայում բացակայում են օրենքով սահմանված հիմքերը՝ ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու համար:

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 144-րդ եւ 1441-րդ հոդվածներով, որոշվել է հայցադիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձնել հայցվորներին:

Միաժամանակ պարզաբանել, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հայցվորների կողմից՝ այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում»,-նշված կայքում հիմնավորել էր դատավորը:

Սուրեն Հովսեփյան2013-2014 թթ-ին Գյումրու մշակույթի վարժարանը կիսով չափ գործել է որպես թիվ 12 ավագ դպրոց, կիսով չափ` մշակույթի վարժարան: Այս ընթացքում էր, որ քննարկվում էր ավագ դպրոցի` մշակույթի վարժարանի վերակազմակերպման հարցը: Այս տարիներին կրթօջախը ղեկավարում էր Սուրեն Հովսեփյանը,հաստատությունն հիմա ունի նոր տնօրեն:

Դեռ նախորդ տարի Ս.Հովսեփյանը «Ասպարեզ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ մանկավարժների մի խումբ աշխատավարձ չի ստացել 2013-2014 թթ-ին:

Մանկավարժներից մեկը, ով այս գործով հայցվոր էր, «Ասպարեզի» ետ զրույցում ասել էր, որ վարժարանն իրեն պարտք է մնացել 50 հազար դրամ, իսկ աշխատավարձի ընդհանուր պարտքը, ըստ հայցվորի, կազմում է մոտ 2 մլն դրամ: «Մենք չենք տվել դատի, մենք դիմել ենք փաստաբանական ծառայության, իրենք են դատի տվել,-եզրափակել էր մանկավարժը:

Ինչեւիցե, այդ ընթացքում աշխատողները սպասում էին աշխատավարձի վճարմանը:

Այդ ընթացքում ԳՊՄԻ-ից` այժմյան Շիրակի պետական համալսարանն արձագանքել էր այս պատմությանը. «Բուհի ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանի հավաստմամբ` այդ պարտքերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ կրթօջախը դեռ չէր ընդգրկվել բուհի կազմում, այդ պարտքերը չեն գոյացել նույնիսկ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի օրոք: «Թե ինչպիսի պարտավորվածություն է ունեցել նախկին ռեկտորը այդ պարտքերի մասով, ես չեմ կարող ասել, սակայն որպես իրավահաջորդ, պարտքերի գոյացման եւ մարման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել եւ դա բնական է, քանի որ դատական գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Իսկ ինստիտուտի, այդ թվում նաեւ վարժարանի եւ ավագ դպրոցի աշխատակիցները հստակ օրով ու նույնիսկ ժամով ստացել են իրենց աշխատավարձը, այն էլ շեշտակի բարձրացումով՝ սեպտեմբեր ամսից սկսած» »:

Մշակույթի վարժարանը տարիներ առաջ ուներ ֆինանսական խնդիրներ, քննարկվում էր այն հարցը, թե վարժարանը որ նախարարության ենթակայությամբ է գործելու` ԿԳ նախարարությա՞ն, թե՞ մշակույթի:

Ըստ որոշ տեղեկությունների` մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը բանավոր որոշ խոստումներ էր տվել այս վարժարանին ֆինանսապես օժանդակելու մասին, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել: Իսկ 2015 թվականի դեկտեմբերին Գյումրու մշակույթի վարժարանը միացման ձեւով վերակազմակերպվեց` միանալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 215

Մեկնաբանել

comments