200 ԱՄՆ դոլար՝ 1քմ-ը. Ռուսթավելի փողոցի առանձնատները վաճառվում են

«Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում շարունակվում են Գյումրու Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները: Գազատար, ջրամատակարարման եւ ջրահեռացման խողովակներն ամբողջությամբ փոխարինվելու են նորերով:

Ներկայում փողոցում աշխատում են Գազպրոմ Արմենիան՝ որպես գլխավոր կապալառու, եւ Վեոլիա ջուրը: Այնուհետ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, փողոցում աշխատանքներ են իրականացնելու մասնագիտացված այլ կազմակերպություններ՝ ինչպիսիք են՝ Արմենտելը, Ռուստելեկոմը եւ այլն:

Առաջիկա տարիների ընթացքում թարմացվելու է նաեւ այս փողոցում գտնվող շենք-շինությունների ամբողջական տեսքը:

Վերջին 7-10 օրում արդեն առանձնատների հավանական գնորդներ են հայտնվել, առք ու վաճառքի հարցեր են բարձրացրել, ներկայացել՝ գնային առաջարկություններով:

Բնակչին մեկ քառակուսի մետր մակերեսի դիմաց առաջարկվել է շուրջ 200 ԱՄՆ դոլար: Մեր տեղեկություններով՝ դեռեւս համաձայնողներ չկան, բնակիչների մեծ մասը քննարկելու է գնային այս առաջարկը:

Հ.Գասպարյանն ասում է, որ մայիսի 11-ին Ռուսթավելի փողոց է այցելել ծրագրի աշխատանքային խումբը, հանդիպել բնակիչներին հետ եւ ներկայում կատարում է գնային մոնիտորինգ՝ որոշելու 1 քառակուսի մետր մակերեսի գինը: Աշխատանքային խումբ են ընդգրկվել անշարժ գույքի մասնագետներ, ճարտարապետներ եւ ուրիշներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այս փողոցի հարակից հատվածում գտնվող նախկին «Ջրահարս» ռեստորանում ավարտվել են նախագծման աշխատանքները: Նախագծի վերջնական տարբերակը քննարկվելու է քաղաքաշինության խորհրդում, այնուհետ քաղաքապետարանը տալու է շինարարության թույլտվություն:

Անի Մկրտչյան

Ռուսթավել

 

Դիտումներ՝ 974

Մեկնաբանել

comments