ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված օրինագծի հետեւանքը

Գյումրիում արդեն 3-րդ օրն է՝ քննարկման առաջին թեման ՌԴ-ի հնարավոր քաղաքացիություն ստանալն է: Մամուլում եւս տեղեկություններ են շրջանառվում նախկին ԽՍՀՄ-ում ծնված քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին:

Hraparak.am-ը գրում է. «Ռուսաստանը քաղաքացիություն կշնորհի բոլոր նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում: Այժմ արդեն, ինչպես հաղորդում է «Комсомольская правда»-ն, ռուսական քաղաքացիություն ստանալու համար չի պահանջվում, որպեսզի տվյալ անձինք հրաժարվեն իրենց հիմնական քաղաքացիությունից:

Ըստ այդմ, ՌԴ Պետդումայի ազգությունների հարցերով կոմիտեն առաջարկել է մի օրինագիծ, որը պարզեցնում է ռուսական քաղաքացիության ստացումը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար, հատկապես եթե նրանք խոսում են ռուսերեն:

ռդ քաղաքացիությունՈւշագրավն այն է, որ օրինագիծը մշակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ուշագրավ է, որ նոր նախագծով որպես ռուսերեն լեզվի կրող ընկալվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ծնվել է նախկին Ռուսական կայսրությունում եւ նախկին ԽՍՀՄ-ում: Առաջիկա շաբաթներին այն կմտնի Պետդումայի օրակարգ»:

Հնարավոր է, որ նման օրինագիծն անհրաժեշտ է նաեւ Ռուսաստանի  դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար. այդ երկրի Սիբիրն ու Հեռավոր Արեւելքը շատ թերի են բնակեցված:

«Ասպարեզի» հետ զրույցում, այս մասին խոսելիս, «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Վարդան Հակոբյանն ասում է.

-Ռուսաստանը սրանով մի քանի խնդիր է փորձում լուծել, նախ քաղաքական. ինքն էլ լավ տեղյակ լինելով, թե ինչ վիճակի մեջ են գտնվում նախկին ԽՍՀՄ այն երկրները, որոնք այս կամ այն չափով կախվածության մեջ են Ռուսաստանից, փորձում է օրինական ճանապարհով ձեւավորել սեփական կոնտինգենտ` հետագայում իր շահերին ծառայեցնելու համար: Թեկուզ վերցրեք հենց Ղրիմի օրինակը: Սա մի ձեւ է նաեւ, այսպես կոչված, Նովոռոսիայի բնակչությանը որոշ օրինականության շրջանակներում էլ սարքել Ռուսաստանի քաղաքացի, իսկ Հայաստանի պարագայում կարող է ակնկալել, բացի սեփական քաղաքացիներից, ունենալու նաեւ արտագաղթի մեծ ալիք դեպի Ռուսաստան, չմոռանանք նաեւ դեմոգրաֆիական բաղադրիչը: Ռուսաստանում մեծ է մահացողների, ոչ լիարժեք ծնունդների եւ նարկո ու ալկոհոլային կախվածության մեջ գտնվողների թիվը: Բայց ժամանակի առումով ինչ-որ չափով ժամանակավրեպ եմ համարում: Այլ կլիներ պատկերը, եթե սա արվեր մինչ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառվելը: Հիմա Ռուսաստանի վիճակը Հայաստանին շատ չի գերազանցում: Դա են վկայում տարեկան Ռուսաստանից եկող տրանսֆերտների մոտ 80% կրճատված ցուցանիշը: Բայց անկասկած Հայաստանի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, որովհետեւ տեղից արտագաղթի թվերը սոսկալի են: Սա նաեւ հենց Ռուսաստանի ներսում տարիներով առանց փաստաթուղթ ապրողների, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում, համատարած լեգալիզացման ձեւ է:

Հանրապետության երկրորդ քաղաքի բնակչության գերակշռող մասը հաճախ է այցելում ՌԴ, բնակության վայր փնտրում այդ երկրում: Ենթադրվում է, որ նշված օրինագծի հաստատումն իր ազդեցությունն ունենալու է Գյումրու եւ Շիրակի մարզի արտագաղթի ծավալի վրա:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 2926

Մեկնաբանել

comments