Ռուսաստանում սնանկությունների թիվն աճել է քսանհինգ տոկոսով

2016-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում սնանկ հայտարարված քաղաքացիների թիվն աճել է 27%-ով՝ նախորդ եռամսյակի համեմատությամբ` շարունակելով նախորդ եռամսյակներին եւս գրանցված միտումը: Այս մասին հայտարարել է ՌԴ սնանկությունների միասնական դաշնային ռեեստրը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, սկսած 2015-ից՝ սնանկությունների գործերը դատարաններում պարբերաբար սկսել են աճել: Այսպես` 2016-ի վերջին եռամսյակում դատարանները սնանկ են ճանաչել 6875 ֆիզիկական անձի, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում այդ թիվը կազմում էր 2780 անձ, երկրորդում եւ երրորդում՝ համապատասխանաբար` 4612 եւ 5392 ֆիզիկական անձ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատարանները ավելի հազվադեպ են առողջացնող միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ վճիռներ կայացնում: Այսպես, 2016-ի վերջին եռամսյակում ունեցվածքի իրացման վճիռներն աճել են 76%, իսկ պարտքերի ռեստրուկտուրիզացիայի մասին վճիռների աճը կազմել է 24%, այն դեպքում, երբ անցյալ տարվա առաջին եռամսյակում պարտքերի ռեստրուկտուրիզացիայի վճիռների տեսակարար կշիռը կազմում էր 35%:

Պարբերականը նշում է, որ օրենսդրական փոփոխությունից հետո սնանկության ճանաչումն ավելի հասանելի է դարձել քաղաքացիներին: Այսպես` սնանկ ճանաչվելու համար հայցադիմումի պետտուրքը այս տարվա հունվարի մեկից նվազել է ավելի քան քսան անգամ` կազմելով ընդամենը երեք հարյուր ռուբլի եւ բացի այդ տնտեսական զարգացման նախարարության նոր մշակած օրինագիծը բավական դյուրացնում է սնանկ ճանաչման գործընթացը:

Ինչ վերաբերում է կորպորատիվ կամ իրավաբանական անձանց սնանկ ճանաչման գործերին, ապա 2016 չորրորդ եռամյսակում նման գործերը աճել են 13% նախորդ եռամսյակի համեմատությամբ եւ կազմել` 3380: Ընդհանուր առմամբ, 2016-ին սնանկ են ճանաչվել 12 հազար 604 ընկերություն: Ուշագրավ է այն, որ այս թիվը 14% տոկոս ավելի քիչ է, քան 2015-ի տվյալները եւ  4% ավելի շատ, քան նախաճգնաժամային 2013-ին:

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 17

Մեկնաբանել

comments