«Ավելի լավ է լինի բանակցային գործընթաց, քան ընդհանրապես չլինի»

Ղարաբաղյան հակամարտության շուրջ

Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

-Պարոն Սաֆրաստյան, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 20 տարուց ավել է՝ չի կարգավորվում: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը տրամադրված է  հիմնախնդիրը խաղաղությամբ կարգավորելու:

-Արցախի հիմնախնդիրն արդեն լուծված է մեր հայ զինվորների հերոսաբար պայքարի շնորհիվ: Մնում է այդ լուծումը դարձնել դիվանագիտական լուծում, որը, ինչպես ճիշտ նկատեցիք, մինչեւ հիմա չի լուծվել: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն գործընթացը, որն ընթանում է երկու տասնյակ տարուց ավել, հիմնվում է սխալ փիլիսոփայության վրա:  ԵԱՀԿ-ն ստանձնեց միջնորդական առաքելություն 90-ական թվականների կեսերից, դեռ ավելի վաղ եւ փաստորեն այն ժամանակ շատ հեշտ էր երեւում այդ հիմնահարցի կարգավորումը: Դա այն ժամանակներն էր, երբ աշխարհը նոր էր դուրս եկել «Սառը պատերազմից» ու թվում էր, թե հաղթեցին ազատականության, լիբերալիզմի գաղափարները եւ ամեն ինչ թվում էր շատ հեշտ: Նույնիսկ այն ժամանակ հայտնի ամերիկացի փիլիսոփա Ֆուկոյաման կանխատեսում էր պատմության ավարտը, քանի որ բոլոր հարցերը լուծված էին: Եւ ՄԻՆՍԿ-ի խումբը, ստանձնելով միջնորդական գործունեություն, ենթադրում էր, որ շատ արագ իրենց կհաջողվի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը: Այսինքն՝ դիվանագիտական կարգավորման ողջ բարդությունը նրանք չէին տեսնում:

Ղարաբաղյան

-Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է ընթանա բանակցային գործընթացը:

-Մոտ երկու տասնամյակ այս փիլիսոփայությամբ տեղի ուենցավ այդ խմբի միջնորդական գործունեությունը: Ես կարծում եմ, որ վերջին շրջանում բոլորի համար պետք է պարզ լիներ, որ սա սխալ դիրքորոշում է, քանի որ բանակցություններ են ընթանում եւ կողմերից մեկը (նկատի ունեմ Ադրբեջանը) անընդհատ կիրառում է զենք, փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա: Դրա համար պետք է փոխել փիլիսոփայությունը, իսկ նորը պետք է լինի հետեւյալը. առաջին հերթին ապահովել անվտանգություն, բացառել ուժի կիրառումը, նոր դրանից հետո վերադառնալ բանակցային գործընթացին, քանի որ մինչ այդ տեղի ունեցած բանակցությունները ոչ մի օգուտ չեն բերել:

-Մինչեւ հիմա ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող բանակցությունների ընթացքում Մինսկի խումբը լուրջ դերակատարություն ունեցե՞լ է: Եթե այն չլիներ, ապա ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը հակամարտության կարգավորման շուրջ:

-Գիտե՞ք, շատ հետաքրքիր, կարեւոր հարց եք տալիս: Եթե Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը չլիներ, ապա չէր լինի եւ բանակցային գործընթացը: Եթե դա չլիներ, ապա պատերազմը միանգամից կվերսկսվեր եւ Ադրբեջանը կշարունակեր իր ագրեսիվ քաղաքականությունն արդեն լայնածավալ ռազմական գործողություններ կիրառելով:

Այնպես, որ մենք պետք է լինենք իրատես եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ ավելի լավ է լինի բանակցային գործընթաց, քան ընդհանրապես չլինի:

Լ.Սաֆրաստյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 45

Մեկնաբանել

comments