«Եթե դատավորի ձեռքերը կտրեն, ապօրինի դատական ակտ չի կայացնի»

«Մեծ ակուլաներին ոչ մեկը չի ցանկանում բռնել»

ՀՀ դատական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է Եվրոպայի մարդու իրավունքների Ստրասբուրգի միջազգային դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանի հետ:

-Պարոն Այվազյան, այսօր ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ դատական համակարգը: Նախորդ տարիների համեմատ կա՞ն փոփոխություններ:

-Փոփոխություններ կան, որոնք բացասական են, քանի որ դատավորներն, անպատժելիության մթնոլորտից օգտվելով, ընդհանրապես օրենքի շրջանակներից դուրս են եկել եւ կայացնում են անօրինական դատական ակտեր: Ես մեկ օրինակ կարող եմ բերել՝ թուրքը կարող էր անօրինական դատական ակտ կայացնել քառօրյա պատերազմի մասնակցի ընտանիքի վերաբերյալ: Նույնիսկ ալկոհոլիկներին են ազատում դատական պետական տուրքից, մինչդեռ հայրենիքի պաշտպանը, ով մասնակցել է պատերազմին, իրեն դատական տուրքից չեն ազատում, 1700 դոլար էլ պետական տուրք են դրել իրենց վրա: Ու նման անբարոյական դատավորներն էլ արդարադատություն են իրականացնում:

Դատական համակարգը գործում  է այսպես. առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ դատարան փողը տանում տեղ են հասցնում եւ ինչ ուզում ես արա, ինչ բողոք ուզում ես գրի, վարույթ չեն ընդունում, ուստի մարդիկ ստիպված իրենց հարցերը փորձում են լուծել միջազգային դատարանում, դիմում են Եվրոպական դատարան:

Մի խոսքով, 2016 թվականն ամենաահավոր տարին էր ՀՀ դատական համակարգի համար, որովհետեւ ես այդպիսի բան չէի տեսել, որ դատավորները նման կամայական որոշումներ կայացնեին:

-Իսկ ի՞նչ կասեք Ավետիսյանների ընտանիքի սպանության դատավարության, նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներին բարոյական վնասի փոխհատուցման մերժմման վերաբերյալ:

-Բարոյական վնասի փոխհատուցում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Այն միանշանակ պետք է մերժվի: Հայաստանում նախատեսված է գույքային վնասի փոխհատուցում: Ես գտնում եմ, որ միակ պրոբլեմն այդտեղ է: Մեր օրենսդրությամբ միայն մի դեպքում է բարոյական վնասի փոխհատուցում նախատեսվում, եթե հրապարակային վիրավորում են որեւէ մեկին: Այդ դեպքում մինչեւ 3 մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում է տրվում: Չնայած Հայաստանի օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցում նախատեսված չէ, բայց քաղաքացիները դիմում են միջազգային դատարան, որը բարոյական վնասի փոխհատուցում տալիս է՝ ընդհանուր գույքային վնասի 50 տոկոսի չափով:

-Իսկ եթե Պերմյակովին տեղափոխեն Ռուսաստան, դա օրինական կլինի՞:

-Դա միանշանակ ապօրինի կլինի: Ես իմ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, որ  Պերմյակովը պետք է դատվի Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենքներով, ինչն էլ կատարվեց: Ինձ թվում է, որ բացառվում է՝ Պերմյակովին տեղափոխել Ռուսաստան: Այնտեղ էլ խելացի մարդիկ կան, ինձ թվում է՝ նման ապօրինություն չեն անի: Վերջապես ինքը ցմահ դատապարտված է եւ պետք է իր պատիժը կրի Հայաստանի տարածքում: Այլ հարց է, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ունենա միջպետական պայմանագիր բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, ապա դա հնարավոր կլինի: Իսկ հիմա ցմահ դատապարտվածի մասով ես նման հոդված չեմ նկատել:

-Ինչպե՞ս հաղթահարել դատական համակարգում առկա կոռուպցիան:

-Անհրաժեշտ է օրենքի խստացում: Ես ուսումնասիրում էի մեկ դատավորի գործ՝ Իշխան Բարսեղյանի, ով ամենամիամիտ եւ քիչ կաշառակեր դատավորն էր եւ ընդամենը 1000 դոլարներով գործ էր անում: Անցած տարի իրեն բռնեցին: Իսկ այ մեծ ակուլաները, ովքեր նստած են վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, նրանց ոչ մեկը չի ցանկանում բռնել, այն դեպքում, երբ առկա են բազմաթիվ ապօրինի դատական ակտեր: Դիմում եմ արդարադատության խորհուրդ, ասում են՝ իրենց դատական ակտն այնքան էլ ապօրինի չէ: Այսինքն` պետք է օրենքը խստացնել եւ եթե կա ապօրինի դատական ակտ, անհրաժեշտ է դատավորին պատասխանատվության ենթարկել եւ եթե արդեն հաջորդ դատավորի ձեռքերը կտրեն, նա ապօրինի դատական ակտ չի կայացնի եւ Հայաստանում արդարադատությունը կվերականգնվի:

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 161

Մեկնաբանել

comments