Հաց բերողի ճակատագրի պատասխանատուները

Հանրային շրջանակները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի ու արդարադատության նախարարի հրաժարականը՝ նրանց գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը համարելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հիմնական պատճառ: Վերջինիս փաստաբանները, շատ քաղաքացիներ Արթուր Սարգսյանի խնդրով բազմիցս դիմել են հիշյալ պաշտոնյաններին, սակայն վերջիններս այդ դիմումների հանդեպ դրսեւորել են ոչ միայն անմարդկային վարք, այլեւ չեն կատարել իրենց պաշտոնական գործառույթները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը թե այդ դիմումներին, թե լրատվամիջոցների՝ այդ խնդրով իրեն ուղղված հարցերին տվել է ցինիկ, իրականությունից հեռու պատասխաններ, նաեւ փափուկ բարձ դրել հանրության գլխի տակ:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ լրագրողներին ներկայացրել է Արթուր Սարգսյանի խնդրով գլխավոր դատախազի հետ իրենց հանդիպման մանրամասները: Նա նշել է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպել են Արթուր Սարգսյանին ազատ արձակելուց երեք շաբաթ առաջ, պահանջելով, որ նա անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ բժիշկներն ահազանգել են՝ Արթուր Սարգսյանի վիճակը շատ վատ է, հիվանդությունը պրոգրեսիվ բնույթ ունի եւ զարգանում էր նաեւ Բեխտերեւի հիվանդությունը, իսկ հացադուլը նրա օրգանիզմի իմունիտետը գցելով՝ ավելի խոցելի էր դարձնում նրան. «Մոտ մեկ ժամ խոսել ենք, նա պնդել է, որ իրենք խափանման միջոցը փոխել են, նորից կալանք կիրառելով, զուտ այն պատճառով, որ նա կարող էր խոչընդոտել նախաքննությանը: Մենք պնդում էինք, որ նա մեկ ամիս ազատության մեջ է եղել, ում հետ կարող էր, արդեն շփվել է: Պնդել ենք, որ նրա առողջությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Գլխավոր դատախազին ներկայացվել է նաեւ քաղաքական կողմը, որ Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատուն գործող իշխանութունն է: Ասել ենք՝ դու ունես լիազորություն խափանման միջոցը փոխելու» (մեջբերումը «Լրագրից»):

Ըստ Էդմոն Մարուքյանի, այս հանդիպումից հետո փոխանակ գլխավոր դատախազը հրատապ միջոցներ ձեռնարկեր, ընդհակառակը՝ եւս երեք շաբաթ Արթուր Սարգսյանին պահել են կալանքի տակ: Երբ պատգամավորների երաշխավորագիրն ուղարկել են գլխավոր դատախազություն, Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը դարձյալ ցանկացել են հանդիպել գլխավոր դատախազին, բայց դատախազը նրանց չի ընդունել: Պատգամավորը փաստում է, որ  Սահամանդրությամբ ու ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորներն անհետաձգելի հանդիպումների իրավունք ունեն ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Բայց Արթուր Դավթյանը փետրվարի 27-ից մինչեւ մարտի 5-ը պատգամավորներին չի ընդունել, այսինքն՝ ցուցաբերել է անգործություն եւ պաշտոնական գործառույթների շրջանցում: Այնուհետեւ մարտի 5-ին տեղեկություն է եղել, որ գլխավոր դատախազությունը քննարկելու է պատգամավորների միջնորդությունը, որով էլ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել:

Այսօր մամուլում տարածվեց Հաց բերողի՝ երկրորդ կալանավորվովելուց հետո՝ փետրվարի 10-ին գրած նամակը, որտեղ նա հայտարարում է, որ իր առողջության հետագա վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանին եւ դատավոր Ա.Մկրտչյանին։ Արթուր Սարգսյանի երկրորդ՝ անօրինական կալանավորման որոշումը կայացրել են հենց այս պաշտոնյաները: Նամակում Հաց բերողն ասում է, որ Էդ. Հակոբյանի եւ Ա.Մկրտչյանի բոլոր գործողություններն ապօրինի են, չեն բխում ՀՀ օրենքներից: Ընդսմին նրանք հաշվի չեն առել Արթուր Սարգսյանի առողջական ծանր վիճակը, եւ վերջինս՝ ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել:

Հաց բերող

Վերը նշված բոլոր անձինք Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցածին կապ ունեցող մարդկանց շատ փոքր շրջանակն են՝ իրենց պաշտոններից բխող դերակատարություններով: Այդ շրջանակը շատ ավելի լայն է, պատասխանատու է մի ամբողջ համակարգ՝ այդ համակարգի գլխավոր անձ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հաց բերողի հետ կապված ցանկացած որոշում եղել է քաղաքական, իսկ քաղաքական որոշումներ Հայաստանում, ինչպես հայտնի է, ընդունում է բացառապես Սերժ Սարգսյանը:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 67

Մեկնաբանել

comments